«Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելով՝ ադրբեջանցիները, ըստ էության, դուրս են գալիս նոյեմբերի 9-ի պայմանագրից: Գրեթե կասկած չունեմ, որ սա արվել է Հայաստանի իշխանությունների իմացությամբ, նրանց թողտվությամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները շատ արագ իրականացրին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իրենց ստանձնած ոչ հայանպաստ պարտավորությունները. «Այս իշխանությունները շատ արագ կատարեցին հողերը թշնամուն հանձնելու իրենց ստանձնած պարտավորությունները, Արցախը հանձնեցին թշնամուն եւ դուրս եկան նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից՝ հայտարարելով, որ դա այլեւս Ադրբեջանի ու Ռուսաստանի խնդիրն է, ՀՀ-ն այդտեղ անելիք չունի: Այսինքն՝ սա եւս մեկ ապացույց է, որ Ալիեւն ու Փաշինյանը համագործակցաբար կատարել են բոլոր հակահայկական քայլերն՝ այդ պայմանագրով նախատեսված, հետո համատեղ ջանքերով սկսել են կործանել նաեւ նոյեմբերի 9-ի պայմանագրի այդ դրույթները: Այս խնդիրը մենք շատ լավ պետք է գիտակցենք, որովհետեւ այս փուլից հետո արցախահայությանը փրկելու այլ տարբերակ, քան պատերազմը, ցավոք սրտի, հայ ժողովուրդն այլեւս չի ունենա»:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու քաղաքական լուծում քաղաքագետն այլեւս չի տեսնում. «ՀՀ իշխանությունները, համագործակցելով Ալիեւի հետ, ամեն ինչ արեցին, որ քաղաքական լուծումներ այստեղ չմնան: Կլինեն միայն ռազմական լուծումներ, որովհետեւ Ադրբեջանն ինքնակամ ճանապարհները չի բացելու, իր տեղադրած անցակետերը չի հանելու, դա պետք է պարտադրվի Ադրբեջանին: Քանի դեռ չէր տեղադրել, կարելի էր հասնել նրան, որ չտեղադրի, բայց այս իշխանություններն այդ քայլին չգնացին, նրանք ճիշտ հակառակը՝ երեք օր շարունակ Ազգային ժողովում հայտարարեցին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մի բառ չխոսեցին Լաչինի միջանցքի մասին՝ հարցը փակ համարելով: Նրանք էլ համապատասխան հետեւություններն ու համապատասխան քայլերն արեցին… մենք հիմա Արցախը հանձնելու ճանապարհին ենք, չեն թաքցնում դա, բացահայտ հայտարարում են դրա մասին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ