«Ադրբեջանի հերթական ագրեսիվ քայլն է, որը, ցավոք, շատերը կանխատեսում էին, որ կարող է դիմել առավել լայն էսկալացիայի։ Ուստի այն հայկական կողմի համար պետք է կանխատեսելի լիներ։ Կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկվեին։ Հետեւանքները շատ ավելի ահավոր կարող են լինել։ ՀՀ-Ստեփանակերտ կապը թեեւ հիմա ժամանակավոր փակված է, հավանական բացման դեպքում ունի լուրջ անվտանգային խնդիրներ՝ ազատ տեղաշարժի հետ կապված»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետի ապօրինի տեղադրմամբ փակել է Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը, որը, շրջափակմամբ պայմանավորված, շահագործվում էր ռուս խաղաղապահների եւ ԿԽՄԿ առաքելության կողմից` հումանիտար նպատակներով։
Գեղամ Մանուկյանը շեշտում է, որ նոյեմբերի իննի փաստաթուղթը ստորագրել են երեք կողմեր, եւ երեքն էլ պարտավոր են այն կյանքի կոչել․ «Տվյալ դեպքում առաջնահերթ խոսքը վերաբերում է ՀՀ-ին եւ ՌԴ-ին։ Ադրբեջանը «կամակորություններ» է անում եւ դիմում ամեն տեսակ սադրանքի, բայց դրանք կանխարգելելու համար թե ՀՀ-ն, թե ՌԴ-ն պարտավոր են ձեռնարկել գործողություններ։ Մատնաշեմ, որ պատասխանատվությունը որքան էլ վերաբերում է ՌԴ-ին՝ որպես խաղաղապահ առաքելություն, բայց հայկական կողմը եւս պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել»։
Մեր նկատառմանն ի պատասխան, որ կրկին հարցադրումներ են հնչում, թե այս իրավիճակում ընդդիմությունն ի՞նչ է անում, որքանո՞վ են ընդդիմության գործողությունները համարժեք իրավիճակի սպառնալիքներին, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Անկեղծ ասեմ․ երբ տեւական ժամանակ ահազանգում էինք եւ գործողություններ անում, հաճախ ոչ համարժեք արձագանք էր լինում։ Ցանկացած նման իրավիճակում հայացքներն ու հարցերն ուղղվում են ընդդիմությանը։ Այո, ընդդիմությունը պարտավոր է շատ ավելի կտրուկ քայլեր գործադրել, որպեսզի այս իրավիճակը չլինի, եւ դրա համար անհրաժեշտ է զորակցություն։ Դեռեւս երկու տարի առաջ ընդդիմությունն այս ահազանգերը հնչեցնում էր եւ դրանց համահունչ արձագանքում։ Մեկ տարի առաջ դիմադրության շարժման օրերին քանիցս ասել ենք, որ Բերձորի եւ Աղավնոյի հանձնման դեպքում վտանգվելու է Տեղ գյուղը։ Զգուշացնում էինք, փորձում կանխել, որպեսզի Տեղ գյուղի բնակիչը չմնա առանց իր հողերի։ Ցավոք, այս շաբաթներին կատարվածը ողբերգություն է, եւ երբ կանխատեսում էինք ու կասեցման փորձեր անում, դրանք հաճախ մնում էին անպատասխան։ Ամեն անգամ անպատասխան մնալուց հետո նոր արհավիրքի ժամանակ նորից փորձում են հայացքն ուղղել ընդդիմությանը»։
Կարդացեք նաև
Գեղամ Մանուկյանը հավելեց, որ ընդդիմության կոչը եղել եւ մնում է մեկը՝ օր առաջ միաբանվել եւ հեռացնել գործող իշխանությանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ