Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն «ծայրահեղ մտահոգությամբ» արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտման աճ

Ապրիլ 24,2023 15:40

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ- ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ.

Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում Ռուս խաղաղապահ զորամիավորման պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի և պաշտոնական Բաքվի ու Երևանի միջև երկխոսության կապակցությամբ:

Ծայրահեղ մտահոգությամբ արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտման և տարբեր տեսակի միջադեպերի թվի աճ, ինչի հետևանքով պարբերաբար առաջ են գալիս զոհեր երկու կողմերում: Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տիրույթում մեղադրական և թշնամական հռետորաբանության ավելացած աստիճանը: Ապրիլի 23-ի վերջին իրադարձությունների համատեքստում նշում ենք, որ անընդունելի են ցանկացած տեսակի քայլեր, որոնք խաթարում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթները՝ անկախ նրանից՝ խոսքը Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության մասին է, թե այն խաղաղության օրակարգին չնպաստող նպատակներով օգտագործելու փորձերի մասին:

Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին: Ելնում ենք նրանից, որ ցանկացած պարագայում տեղի բնակչությունը չպետք է տառապի, և չպետք որևէ խոչընդոտներ ստեղծվեն նրա կենսագործունեության համար:

Կարծում ենք, որ ծագած խնդիրներից շատերն արդյունք են բազմամսյա անգործության և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի բոլոր, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցման ուղղություններով բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության: Ակնկալում ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն և մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը։

Ռուսական կողմը պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իրեն հարազատ Ադրբեջանին ու Հայաստանին ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «տեղում»՝ ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարության մասնակցությամբ։

Մենք նաև զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և նրանց պատեհապաշտ օրակարգով աշխատող տեղական ռուսաֆոբ տարրերին զերծ մնալ իրավիճակը սրելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ վարկաբեկիչ արշավի միջոցով:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930