«Երեկ մենք տեղեկացանք հանցավոր, դատապարտելի այդ գործողության մասին, այդ բռնարարքի մասին, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակաց նկատմամբ»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ծայրագույն պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդը՝ պատասխանելով հարցին, որ այսօր 108- ամյա վաղեմության իրադարձությունների մասին ենք խոսում, բայց հենց հիմա Ադրբեջանը դեպի Արցախ ճանապարհին անցակետ է տեղակայում եւ սպառնում է նոր ցեղասպանությամբ, ինչի մասին նաեւ Արցախի իշխանությունն է խոսում:
«Նպատակը շատ որոշ է եւ հստակ՝ հայաթափել Արցախը եւ տիրանալ Արցախին: Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որ պարբերաբար իրականացվում է Արցախում ապրող մեր ժողովրդի զավակաց նկատմամբ: Այս նվիրական սրբավայրից խոսքս ուղղում եմ Արցախի մեր հավատավոր զավակներին. սիրելի՛ արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր ոգով եւ ձեր կամքի մեջ, ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո զորակցությամբ եւ օժանդակությամբ կարող պիտի լինենք դիմագրավել եւ այս փորձությունը: Մենք հավատում ենք, որ համատեղ ջանքերով ազգիս, եւ միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ, անկախ կյանքը: Տերը օգնական ու պահապան ձեզ, մնացեք տիրոջ սիրո ու խաղաղության մեջ»,-ասաց Վեհափառը:
Գարեգին երկրորդը չցանկացավ անդրադառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ դրանք լավ չեն Աստծո հետ, քանի որ ամեն իշխանություն Աստծուց է:
«Այլեւս ոչ մի հարց»,-ասաց Ամենայն հայոց կաթողիկոսն ու հեռացավ հոգեւորականների ուղեկցությամբ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ