«Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջեւ է կանգնած, բնականաբար, բոլորս մտահոգված ենք այդ հարցերով: Դա ոչ միայն մտահոգիչ պետք է լինի մեզ համար, այլ նաեւ միջազգային հանրության: Ես փորձում եմ բարձրաձայնել այդ հարցերը՝ բոլոր հնարավոր դերակատարների հետ քննարկումների շրջանակներում, բոլոր հնարավոր փաստաթղթերի նախագծման շրջանակներում: Բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը, որպեսզի այս հարցի ճշգրիտ եւ պատշաճ լուծմանը հասնենք»,- այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
Նա խոսեց նաեւ Տեղ համայնք իր այցելության մասին եւ արձանագրեց՝ այնտեղ բնակիչները լուրջ խնդիրներ ունեն կյանքի եւ անվտանգության իրավունքի, սեփականության, կրթության իրավունքի, ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիության եւ մի շարք այլ իրավունքների տեսանկյունից. «Ես իմ բոլոր միջազգային գործընկերների հետ հանդիպումների շրջանակներում բարձրաձայնում եմ»:
Ըստ Մանասյանի՝ միջազգային հանրությունը պետք է սկսի հստակ գնահատականներ տալ:
Հարցին՝ օրերս ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին քաղաքական ակցիայի ժամանակ բռնի ուժով դուրս հանեցին նիստերի դահլիճից, դուք մարդու իրավունքների խախտում չե՞ք տեսնում, Մանասյանը պատասխանեց. «Այսօր մենք ոգեկոչում ենք մեր սուրբ նահատակների հիշատակը, եւ չեմ ուզենա ընդհանրապես այլ թեմաներով… Շեշտեմ՝ մեր քաղաքական, կենցաղային մշակույթը պետք է վերափոխվի, եւ այս հարցերի հետ կապված, մասնավորապես, համաչափության, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլնի առումով մենք արդեն ՄԻՊ աշխատակազմում լուրջ ուսումնասիրություն ենք իրականացնում եւ մեր մանդատի շրջանակներում հանդես կգանք ոչ միայն հայտարարությամբ, այլ նաեւ խնդրի լուծման լուրջ քայլերով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ