Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի շրջափակման մասին պետք է խոսել այսօր և կանխել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը

Ապրիլ 24,2023 13:44

Մեկնարկել է Unblock Humanity նախաձեռնությունը ՝ Արցախի շրջափակման մասին ամբողջ աշխարհին տեղեկացնելու և մարդկանց շրջափակման դեմ պայքարի մղելու համար։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է մնում Արցախը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ 120,000 հայեր գտնվում են շրջափակման մեջ՝ զրկված լինելով կենսական նշանակության մի շարք ապրանքներից, բժշկական ծառայություններից և կրթության հասանելիությունից։ Արցախի շրջափակումը ևս մեկ անգամ երևան է հանում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը։ 108 տարի անց Հայաստանի հարևան երկու երկրների քաղաքականությունը շարունակում է մնալ նույնը։

Թեև մի շարք միջազգային կառույցներ՝ ներառյալ ՄԱԿ֊ի Միջազգային Դատարանը, և հանրահայտ քաղաքական գործիչներ Ադրբեջանին կոչ են արել շուտափույթ բացել Լաչինի միջանցքը, այն այսօր էլ շարունակում է մնալ փակ։ Unblock Humanity նախաձեռնության թիմը որոշել է, որ նման աղետները աշխարհի մարդկության համընդհանուր խնդիրն են, և աշխարհի հետ պետք է խոսել իրեն հասանելի լեզվով։ Նախաձեռնության շրջանակներում «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում մեկնարկել է դրամահավաք, որով հավաքված գումարով պատրաստվելու է ազդեցիկ տեղեկատվական հոլովակ շրջափակման մասին, և այն տարածվելու է ամբողջ աշխարհում՝ ի լուր մարդկության։

«Հոլովակում շրջափակումը ներկայացվելու է մարդու իրավունքների ոտնահարման և 21-րդ դարում դեռևս առկա բռնապետական կարգերի համատեքստում։ Մեզ համար կարևոր է, որ աշխարհում մարդիկ տեղեկանան, թե ինչ է կատարվում այս փոքր, բայց ժողովրդավար հողի վրա, և կարողանան իրենց ձայնն ուղղել ի պաշտպանություն շրջափակման մեջ չորս ամսից ավելի փակված մարդկանց։ Նման ճգնաժամերը պետք է այսուհետ լինեն համայն մարդկության համատեղ հաղթահարման խնդիրը», – նշում է «Արդյունավետ կառավարություն» հիմնադրամի տնօրեն Մարինա Մալխասյանը։

 Նախաձեռնությունն իրականացվում է «Արդյունավետ Կառավարություն» հիմնադրամի կողմից, որն  առաջարկում է ոլորտային յուրօրինակ, առաջադեմ և հեռանկարային զարգացման հայեցակարգեր, որոնք կյանքի են կոչվում իրականացման արդյունավետ ռազմավարություններով։

Հոլովակը մարդկանց ուղղորդելու է դեպի նախաձեռնության կայքէջ, որտեղ ներկայացված են լինելու տարբեր գործողություններ։ Յուրաքանչյուր այցելու ստանալու է հատուկ կոչ՝ մշակված ըստ իր գտնվելու վայրի և ժամանակի։ Այս եղանակով բարձրանալու է միջազգային հանրության ներգրավվածության աստիճանը, ինչի արդյունքում խնդրի վերաբերյալ կսկսվեն քայլեր ձեռնարկվել նաև միջազգային կառույցների կողմից։

«ռեԱրմենիա» հարթակում Արցախում խնդիրներ լուծող մի շարք նախագծեր կան։ Պետք է ուշադրության կենտրոնում պահել նաև Արցախի միջազգային մեդիադաշտում ունեցած խնդիրները։ «Բլոկադայի մասին՝ ի լուր աշխարհի» նախագիծը շատ կարևոր խնդիր է լուծելու մեդիա դաշտում հաղթանակ տանելու գործում, – նշում է «ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը։

 «ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։

ռեԱրմենիա

Լուսանկարը՝ Անի Հայրիյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930