Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նման հարցերի չեմ պատասխանում». ԳՇ պետը՝ Տեղ գյուղից ադրբեջանական զորքի դուրս գալու, Ազատ գյուղի զորամասի հրդեհի մասին

Ապրիլ 24,2023 13:32

Ադրբեջանական զորքը դուրս եկե՞լ է Տեղ գյուղից. հարցն այսօր, Ծիծեռնակաբերդի բարձունք բարձրանալիս ԳՇ պետ Էդուարդ Ասրյանին տվեցին լրագրողները: Պատասխանը եղավ. «Ես նման հարցերի չեմ պատասխանում»:

ԳՇ պետը չէր ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին, անընդհատ սաստում էր՝ «թողեք, ես ազատ գնամ, թողեք ես շարժվեմ իմ ճանապարհով» ու հորդորում էր հարցերի պատասխանները ստանալ ՊՆ լրատվականից:

Նա հայտարարեց, որ սահմանազատման-սահմանագծման աշխատանքների համար ստեղծված է հանձնաժողով, ԳՇ-ն ունի իր ներկայացուցիչը հանձնաժողովում, հարցերին կարող է նա պատասխանել:

«Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք»,- հայտարարեց ԳՇ պետը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ադրբեջանական զորքը հայկական գյուղեր է մտել՝ պատասխանեց. «Ոչ մի գյուղ էլ չի մտել»:

Նա հայտարարեց, որ ՀՀ վարչապետը կառավարության նիստում բոլոր հարցերի պատասխանները տալիս է ու հորդորեց թույլ տալ իրեն՝ ՀՀ տարածքում ազատ քայլել:

Հարցին՝ ինչպե՞ս են ադրբեջանցիները կարողացել մտնել ՀՀ տարածք, երեք օր շրջել մեր տարածքում, մարդ սպանել, ԳՇ պետը պատասխանեց, որ լրագրողները ռազմական գործից ոչինչ չեն հասկանում, իսկ այդ գործում հնարավոր են տարբեր իրավիճակներ: Հարցին՝ նորմա՞լ եք դա համարում, դիմադրություն չի՞ եղել, ինչպե՞ս են կարողացել մտնել, ԳՇ պետը հարցով պատասխանեց՝ ինչպե՞ս եք դուք հիմա ինձ հետապնդում ու շարունակեց, որ տարբեր հնարավորություններ կան, ու եթե բացատրի, միեւնույն է, լրագրողները չեն հասկանալու:

Հարցին՝ քանի՞ դիրք ենք ազատագրել, նա պատասխանեց. «Մենք կանգնած ենք Տեղի համապատասխան մատույցներում եւ իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ»: Նա հստակ չպատասխանեց հարցին՝ Տեղում ադրբեջանական զորքը ՀՀ ինքնիշխան տարածքու՞մ է տեղակայված, թե՝ ոչ, միայն ասաց. «Տեղակայված են մեր ստորաբաժանումների դիմաց»:

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ ինչո՞ւ ինքը կամ պաշտպանության նախարարը չեն ընդունում Ազատ գյուղի զորամասում ողբերգական միջադեպի արդյունքում զոհված զինծառայողների ծնողներին, ԳՇ պետը պատասխանեց, որ ինքը զինվորական է եւ հրաման է կատարում: Լրագրողը համառեց՝ զոհվածներն էլ էին զինվորական եւ զոհվեցին դրսեւորված ամենաթողության պատճառով: ԳՇ պետը զայրացավ. «Նրանք իմ զինվորականներն են եղել, բայց դուք չեք կարող ասել՝ ամենաթողություն, դուք դատավոր չեք, որ ինձ ասում եք՝ ամենաթողություն ու դուք չեք իմանում իմ գործունեությունն ինչից է սկսվում եւ ինչով է ավարտվում, օրվա որ ժամին է սկսվում, որ ժամին է ավարտվում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Քեզ տրված բոլոր հարցերը քո գործառույթներին են վերաբերում, բա դու ում? ես պետք, որ որպես լուռ ու մունջ դրածո էդ կարևոր պոստում անգործությամբ ես զբաղվում և մեր երկրի պաշտպանության կարևոր գործը տապալում ես, այ ողորմելի։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930