Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ երեկ, Սոթքի հատվածում կրկին կրակոցներ են եղել, զոհ ունենք:
«Միայն Սոթքը չեն թիրախավորում, եթե Սոթքում զոհ ենք ունեցել, դա չի նշանակում, որ միայն Սոթքն են թիրախավորում: Մեր սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Նույն վիճակն է, եթե որևէ փոփոխության ենթարկվի, հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,- հայտարարեց փոխնախարարը:
Հարցին՝ Տեղ գյուղում ադրբեջանական զորքերը հետ քաշվե՞լ է՝ փոխնախարարը պատասխանեց. «Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, եւ այդ հատվածում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Որևէ փոփոխություն լինելու դեպքում տեղեկատվություն կտրամադրվի»: Լրագրողի դիտարկումը՝ այսինքն՝ ետ չեն քաշվել, մնաց անպատասխան:
Հստակեցնող հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ առնվազն Տեղի հատվածում սահմանազատման աշխատանքներ են իրականացվում, փոխնախարարը պատասխանեց.. «Մեծ հաշվով սահմանազատման աշխատանքներն իրականացվում են վերջնական՝ համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որը հենց սահմանազատման, սահմանագծման աշխատանքներով է զբաղվելու: Եվ սահմանապահներ կան այդ հատվածում, եւ ԶՈՒ ներկայացուցիչներ: Որեւէ փոփոխության դեպքում չենք զլանա եւ տեղյակ կպահենք»:
Կարդացեք նաև
Լրագրողները նկատեցին՝ Արցախն ու Հայաստանը կապող ճանապարհի Հակարի գետի կամուրջը փակելով եւ հայտարարելով այդ հատվածում անցակետ տեղադրելու մասին, արդյոք Ադրբեջանը չի նախապատրաստվում նոր սադրանքների, փոխնախարարը պատասխանեց, որ վստահաբար չի կարող պնդել, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար. «Բայց պետք է ամեն մեկս մեր տեղում ավելի զգոն լինենք ու ամեն ինչ անենք, որպեսզի յուրաքանչյուր ոք իր աշխատանքը կատարի որակով. ե՛ւ կահավորման, ե՛ւ ինժեներական, ե՛ւ ամրաշինական, ե՛ւ նաեւ մեր զորքերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տարվում են»:
Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանցիներն անցակետ են դրել դեպի Արցախ ճանապարհին, եւ վտանգված է 120 հազար արցախցիների կյանքը, Արման Սարգսյանն ասաց. «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հզորանանք, պետք է լինենք կուռ ու միասնական, լինենք արդիական բանակ ունեցող պետություն, որը կպարտադրի ենթադրյալ որևէ հակառակորդի սադրանքներ չհրահրել: Աշխարհը պետք է չհանդուրժի որեւէ հաջորդ ցեղասպանություն: Օրվա խորհուրդը՝ ավելի շատ հիշել, պահանջել, որ միջազգային հանրությունը ճիշտ ժամանակին ճիշտ արձագանքի, եւ դրանով կանխվեն հետագա ոտնձգությունները»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ