Ինչո՞ւ չեն հրապարակվում այն անձանց անունները, որոնց հետ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով հաշտություն է կնքվել, որպեսզի հանրությունն իմանա, թե ովքե՞ր են գույք վերադարձրել. այս հարցն այսօր լրագրողներն ուղղեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանին: Նա հակադարձեց, որ չեն թաքցվում, դատական ակտերը հրապարակված են: Լրագրողի դիտարկմանը՝ անձնական տվյալները նույնականացնելուց հետո պարզ է դառնում, բայց դատախազությունը անուններ չի հրապարակում, Սրբուհի Գալյանը պատասխանեց, որ ուսումնասիրությունները հենց տվյալ անձանց վերաբերյալ են իրականացվել, դրանք ածանցյալ գործեր չեն:
Գործող իշխանությունների տարբեր ներկայացուցիչների գույքով դատախազության ուսումնասիրությունների մասին հարցին Սրբուհի Գալյանը պատասխանեց, որ հարմար առիթ չէ այսօր հարցազրույցի համար, ինքը նաեւ շտապում է տուն գնալ, իսկ ցանկացած հարցի վերաբերյալ պատասխաններ ստանալու համար լրագրողները կաշկանդված չեն դատախազություն դիմելու:
Հարցին՝ մարդկանց հետաքրքրում է՝ ինչո՞ւ նախկին իշխանության ներկայացուցիչներից, օրնակ, Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ դատախազությունում ուսումնասիրություններ չկան, ինքը կարո՞ղ է փարատել կասկածները, պաշտոնյան պատասխանեց. «Յուրաքանչյուր դատախազ պետք է պահպանի տվյալների գաղտնիություն: Ես չեմ կարող ասել՝ որ գործով կա ուսումնասիրություն, որով՝ ոչ, որովհետեւ ուղղակիորեն արգելք կա սահմանված օրենքում: Այսինքն՝ մենք սեփական ցանկությամբ չենք առաջնորդվում, որպեսզի մեր վարքագիծը կառուցենք»:
Հանրային իրազեկվածության մասով էլ, ըստ տիկին Գալյանի, դատախազությունը բաց է:
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ դատարանում կան ապօրինի ծագում ունեցող գործեր, որոնք երկու տարի է՝ քննվում են, եւ չկան դատական ակտեր, Սրբուհի Գալյանն արձագանքեց. «Դատաքննության փուլում են գործը, կարծում եմ՝ դատաքննությանը կարող եք հետեւել: Այս պահին մենք 30-ից ավելի հայցադիմում ունենք դատարանում, եւ դրանցով դատական նիստերը կայանում են: Մենք ունենք օրենքով սահմանված ժամկետներ, գործում ենք օրենքով սահմանված ժամկետների սահմաններում»:
Լրագրողի դիտարկմանը՝ ժողովուրդը սպասում է թալանի ետ վերադարձին, որքա՞ն պետք է սպասի, Սրբուհի Գալյանն արձագանքեց. «Դատախազությունն անում է առավելագույն հնարավորը»: Դիտարկմանը՝ չե՞ն դանդաղում. քանի որ հանրային սպասելիքներն այլ են, նաեւ մաշտաբների առումով, պաշտոնյան պատասխանեց, որ կան օրենքով սահմանված ժամկետներ:
Մեկ այլ ուղիղ հարցի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որի տունը դատախազությունը ցանկանում է առգրավել, ասում է՝ չեմ տալու. այս դեպքում ի՞նչ պետք է անեն, Սրբուհի Գալյանը պատասխանեց. «Ի՞նչ է արվում այդ դեպքում, դուք պատասխանը շատ լավ գիտեք»: Նա նկատի ուներ՝ ԴԱՀԿ-ով առգրավումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ