Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել․ Արթուր Թովմասյան

Ապրիլ 24,2023 11:55

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել Հայոց Մեծ եղեռնի 108-րդ տարելիցի կապակցությամբ

«Սիրելի´ հայրենակիցներ,
Հայոց Մեծ եղեռնը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների ծրագրած և իրագործած ցեղասպանությունն է:
Ամեն տարի այս օրերին առաջադեմ մարդկությունն ու աշխարհասփյուռ հայությունը հիշում և դատապարտում է հրեշավոր ոճրագործությունը,ոգեկոչում անմեղ զոհերի հիշատակը:

Պետականորեն կազմակերպված, այլատյացության ծնունդ այդ հանցագործությունը մեծ հաշվով առայսօր մնում է անպատիժ: Ամենաթողությունը ոճրագործին մղել է նոր հանցավոր գործելաոճի: Ավելի քան մեկ դար անց Թուրքիայի հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի ղեկավարությունը Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ցեղասպանական նոր ծրագիր է մշակել: Այդ գաղափարախոսության վերածննդի վկայությունն են ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները:

2020թ. Արցախյան 3-րդ պատերազմը, բազմահազար անմեղ զոհերը, հայրենի երկրի զգալի մասի կորուստը, հետպատերազմյան շրջանում հայկական ազգային, քրիստոնեական հուշարձանների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը նորից և նորից հուշում են, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել:

Ժամանակը նոր մարտահրավերներ է առաջ քաշում: Ադրբեջանական քարոզչամեքենան այսօր շարունակում է հայատյացության իր որդեգրած գործելաոճը՝ մոտ 4,5 ամիս Արցախը պահելով լիակատար շրջափակման մեջ: Այս պայմաններում մենք այլ ելք չունենք, եթե ոչ՝ լինել առավելագույնս միասնական, կենսունակ ու հայրենապաշտ:

Մենք շատ դժվարություններ ենք տեսել ու հաղթահարել պատվով։ Համոզված եմ, որ կհաղթահարենք նաև այս անգամ: Եվ օրվա խորհուրդը մեզ մի բան կարող է հուշել՝ միայն համայն հայության միասնականությամբ կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում:

Հայոց Մեծ եղեռնի 108-րդ տարելիցը վկայում է, որ վերածնված ժողովուրդը երբեք չի մոռանում, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ:

Ցեղասպանությունը մեր անցյալն է, բայց ոչ երբեք ապագան»։

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930