Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նախագահ ընտրվի Քըլըչդարօղլուն, միգուցե Թուրքիայում «ցեղասպանություն» բառն ավելի հաճախ լսենք. Թաներ Աքչամ

Ապրիլ 24,2023 11:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրվան ընդառաջ թուրք ցեղասպանագետ, նախկին քաղբանտարկյալ Թաներ Աքչամը հանդիպել է Դալլասի հայ համայնքին, ներկայացրել իր «Սպանության հրամաններ» գրքի հիմնական շեշտադրումները, նաև պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին: Բացի հայերից, հանդիպմանը ներկա էին Հայոց ցեղասպանությամբ հետաքրքրված այլազգիներ, նաև՝ Տեխասի Ներկայացուցիչների պալատի անդամ և Քերրոլթոն քաղաքի քաղաքապետը:

Aravot.am-ը պարոն Աքչամից հետաքրքրվեց՝ առաջիկա ընտրություններում Քեմալ Քըլըչդարօղլույի՝ Թուրքիայի նախագահ ընտրվելը կարո՞ղ է բեկում մտցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Պրոֆեսոր Աքչամը բացասական պատասխան տվեց: «Թուրքիայի ընդդիմությունն ազգային հարցերում ավելի ծայրահեղական է, քան իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Սակայն, եթե նախագահ ընտրվի Քըլըչդարօղլուն, Թուրքիան ժողովրդավար երկիր կլինի, և միգուցե այս դեպքում Թուրքիայում ավելի հաճախ լսենք «ցեղասպանություն» բառը»,- ընդգծում է պատմաբանը:

Հանդիպման մեկ այլ մասնակից անդրադարձավ Արցախի շրջափակմանը և ապագային: Ի տարբերություն մի շարք այլ թեմաների՝ Արցախի մասով Թաներ Աքչամը լավատես չէր: «Աստված տա՝ ես սխալ լինեմ, բայց կարծում եմ՝ Ղարաբաղը հայերի համար վերջացած է: Աշխարհը չի ընկալում, որ Ադրբեջանի ենթակայության տակ Ղարաբաղը հայաթափվելու է»,- շեշտում է ցեղասպանագետը՝ բարձրաձայնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման ահագնացող վտանգի մասին:

«Սպանության հրամաններ» գրքում թուրք գիտնականն ապացուցում է Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը: Գրքում ՆԳ նախարար Թալեաթ փաշայի բացառիկ հեռագրերն են՝ հայերին ոչնչացնելու հրամանով: «Այս հեռագրերի հանրայնացումը մեծ հարված էր թուրքական ժխտողականությանը»,- համոզված է թուրք գիտնականը:

Հեռագրերի պատճենները Թաներ Աքչամը հայտնաբերել է 2015-ին՝ հայ կաթոլիկ հոգևորական Գրիգոր Գերգերյանի անձնական արխիվում: Փաստաթղթերը հավաքագրել և մեկնաբանել է թուրք քաղծառայող Նայիմ բեյը, որը հետո դրանք վաճառել է Մեծ Եղեռնը վերապրած լրագրող Արամ Անտոնյանին: «Հեռագրերի հայտնաբերումն ապցուցեց աշխարհին, որ Նայիմ բեյն իրական մարդ էր, իսկ Արամ Անտոնյանի «Մեծ ոճիր» և «Նայիմ բեյի հուշեր․ հայերի տեղահանման և ջարդերի վերաբերյալ թուրքական պաշտոնական փաստաթղթեր» գրքերում տեղ գտած հեռագրերն ու նյութերն ամբողջովին համապատասխանում են իրականությանը: Այն է՝ Թալեաթը ցանկանում էր բնաջնջել հայ ժողովրդին և կոծկել է իր հանցանքներն առաջին իսկ օրվանից», -ասում է պրոֆեսոր Աքչամը:

Հեռագրերից մեկում հրամանատարները պարտավորվում են ո՛չ միայն հայերին սպանել, այլև այն թուրքերին, որոնք թաքցնում են հայերի:

Մեկ այլ հատկանշական անդրադարձ հեղինակը կատարում է Գրիգոր Զոհրապի հետ կապված՝ նշելով, որ մահվան 3 տարբեր փաստաթղթեր են պատրաստվել Գրիգոր Զոհրապի համար, երբ նա դեռ ողջ էր:

Պրոֆեսոր Թաներ Աքչամի ելույթից հետո տեղի ունեցավ ազատ զրույց: Նա մակագրեց հանդիպման մասնակիցների գնած «Սպանության հրամաններ» գրքերը: 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար համայնքը Թաներ Աքչամին հանձնեց հատուկ հուշանվեր՝ որպես երախտագիտության նշան:

«Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը Հայաստանում տեղի է ունեցել ուղիղ 4 տարի առաջ: Այն հայերեն է թարգմանել Անդրանիկ Իսրայելյանը:

14:55 րոպեին Թաներ Աքչամը պատմում է «Սպանության հրամաններ» գիրքը գրելու մասին:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930