«Գյումրու թատերական միջազգային փառատոնը» կանցկացվի ապրիլի 24-ից մայիսի 10-ը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Փառատոնի շրջանակում կկայանա նաև «Գյումրին` միջազգային թատերական խաչմերուկ» խորագիրը կրող հեռուստաքննարկումների շարք, որի ժամանակ իրանական «Մոխթալաֆաթ» արվեստի խմբի դերասան Արադ Էնթեզարը հանդես կգա «Սև ոչխարը» մոնոներկայացմամբ։
«Սև ոչխարը» ներկայացնում է կյանքում ճիշտ ուղու ընտրության կարևորությունը և մարդու սխալ որոշումների բացասական հետևանքները։ Ներկայացման գլխավոր հերոսը փորձում է լավ օրինակ ծառայել երիտասարդների համար, քանի որ նրանք գտնվում են կյանքի ճանապարհի սկզբնակետում և ամեն որոշում կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ։
Ներկայացման պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանը սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Համոզված է` թատերարվեստի ոլորտում շարունակական համագործակցությունը կարևոր նշանակություն ունի։
«Գյումրու միջազգային թատերական փառատոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ քննարկման արդյունքում որոշեցինք մասնակցության հրավեր ուղարկել իրանական «Մոխթալաֆաթ» արվեստի խմբին։ Այս առիթով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Վիրաբյանին։ Որպես ներկայացման պրոդյուսեր ինձ համար շատ կարևոր է մեր մասնակցությունն այս փառատոնին»,- նշում է մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
«Արդեն երեք համագործակցություն եմ ունեցել իրանական թատերական ոլորտի ներկայացուցիչների հետ և շատ բարձր եմ գնահատում մեր գործընկերների կատարած ստեղծագործական աշխատանքը։ Իրանական մշակույթն ունի շատ հին ու հետաքրքիր պատմություն, որն էլ ինձ գրավում է, մղում առաջ»,- ասում է պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանը։
Նշենք, որ Գյումրու միջազգային թատերական փառատոնը հայրաքաղաքում միավորում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարբեր երկրների թատերական ոլորտի ներկայացուցիչներին։
«Որպես գյումրեցի վստահաբար կարող եմ ասել, որ այս հրաշալի նախագիծը բոլորիս կմիավորի և մեր հյուրերը կսիրեն ոչ միայն Գյումրին, այլ նաև Գյումրու միջազգային թատերական փառատոնը»,- եզրափակեց Լիլիթ Մովսիսյանը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ