1919 թ. մայիսի 22-ին Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ Լևոն Սարգսյանի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն ստանձնեց քաղաքի հայ որբերի խնամքը: Ցարական բանակի լքված զորանոցներն ու պահեստները ապաստարան դարձան շուրջ 20.000 անտուն որբերի համար:
Հայոց ցեղասպանությանը զոհ դարձան տասնյակ հազարավոր հայ երեխաներ, իսկ հրաշքով փրկվածները՝ որբացան: Վերջիններիս անխուսափելի մահից փրկելու և գոյության միջոցներով ապահովելու նպատակով սկիզբ առավ մարդկության պատմության մեջ աննախադեպ փրկարար առաքելություն, որում մեծ դերակատարում ունեցավ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն:
Նպաստամատույցն ակտիվ գործունեություն ծավալեց Սիրիայում, Լիբանանում, Հունաստանում և Հայաստանում, իսկ Մուդրոսի զինադադարից հետո` նաև Օսմանյան կայսրության ներքին շրջաններում:
Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) նպաստամատույցի գործունեության համար հիմք էր դարձել 1919 թ․ մայիսի 22-ին քաղաքագլխի՝ Լևոն Սարգսյանի և Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի ներկայացուցիչների միջև կնքված պայմանագիրը՝ քաղաքի որբանոցները կոմիտեին հանձնելու վերաբերյալ: Նպաստամատույց կոմիտեի ջանքերով Ալեքսանդրապոլի փողոցներից հավաքվեցին թափառաշրջիկ որբերը, որոնց բժշկական զննման ենթարկելուց հետո տեղավորեցին հիվանդանոցներում կամ որբանոցներում:
Կարդացեք նաև
Նպաստամատույցի տնօրինության ներքո 170 շենք կար, որոնք ռուսական զորքերի նախկին զորանոցներն էին:
«Կազաչի պոստ» և «Սևերսկի» որբանոցներում տեղավորված էին աղջիկները, իսկ «Պոլիգոններում»՝ տղաները: Սա մարդկության պատմության մեջ երբևէ գոյություն ունեցած ամենամեծ որբանոցն էր և կոչվում էր Որբաքաղաք:
Նպաստամատույցը զբաղվում էր որբերի մասնագիտական կրթությամբ. տղաները սովորում էին նկարչություն, ատաղձագործություն, դերձակություն, կոշկակարություն, աղջիկները հաճախում էին հիվանդապահի դասընթացների, իսկ ավարտելուց հետո աշխատում էին հիվանդանոցներում: Որբերն օրվա մի մասն անցկացնում էին դպրոցում, մյուս մասը` արհեստանոցներում: Շաբաթ և կիրակի օրերին դպրոցներում ու արհեստանոցներում պարապմունքներ չկային, և երեխաները զբաղվում էին որբանոցների մաքրությամբ:

Որբանոցի դարպասների մոտ. Ալեքսանդրապոլի որբանոցի դարպասների մոտ որբ երեխաներրը սպասում են ներս մտնելու իրենց հերթին։ 1920 թ․

Պատարագ եկեղեցու մոտ. Որբանոցի աղջիկ ու տղա սաները Ալեքսանդրապոլի Սուրբ Արսենի եկեղեցու դիմաց մասնակցում են կրոնական արարողության։ 1922 թ․

Տղան տալիս է զանգը. Տղան Ալեքսանդրապոլի Պոլիգոնի որբանոցում խփում է զանգը։ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի աշխատակիցները կառուցել էին զանգակատուն, որի միջոցով երեխաներին կանչում էին դասերի, ճաշի կամ քնելու։

Շնորհակալություն, Ամերիկա. «Սևերսկի պոստում» երեխաները կենդանի գրառմամբ շնորհակալություն են հայտնում ամերիկացի բարերարներին։ Այս խոսուն լուսանկարը բազմիցս օգտագործվել է շնորհակալական նամակների, բրոշյուրների ու հրապարակումների վրա։ 1924 թ․

Ալեքսանդրապոլի որբանոցի 4500 սաները կենդանի քարտեզ են կազմել, որը պատկերում է այն երկրները, որտեղ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի ջանքերով որբանոցներ են բացվել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ որբերի համար։ Կենդանի քարտեզն ընդգրկում է Պաղեստինը, Թուրքիան, Հայաստանը, Հունաստանը։ Քարտեզը կազմվել է «Սևերսկի պոստի» որբանոցի մոտ գտնվող բլրի վրա։ 1925 թ․ 4500 տղաների ու աղջիկների տարիքը 12-ից ավելի չէ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Լուսանկարները՝ Ալեքսանդրապոլ․Լենինական․Գյումրի/Alexandropol.Leninakan.Gyumri ֆեյսբուքյան խմբից