«Ադրբեջանը Կոռնիձորի հատվածից փակել է ճանապարհային հատվածը եւ իրականացնում է հսկիչ անցագրային կետի աշխատանքներ: Սա Ադրբեջանի նախագահի այն սպառնալիքն էր, որը դեռ անցած տարի հնչեցնում էր, այս փուլում իրականացվում է: Ընդ որում՝ իրականացվում է ՀՀ սահմանագծից բավականին մոտ տարածության վրա, դրանից մոտ 60-70 մետրի վրա գտնվում է ռուսական հենակետը: Կարելի է ասել, որ ադրբեջանցիները այդ գործողությունները սկսելիս նաեւ որոշակի շրջափակման մեջ են վերցրել նաեւ ռուսական հենակետը: Տեղում հիմնական գործողություններն իրականացնում են Ադրբեջանի ներքին զորքերը՝ փորձելով ցույց տալ, որ դա իրենց ներքին խնդիրն է եւ իրենք դրա շրջանակում են իրականացնում»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Հայաստան-Արցախ սահմանագծում Հակարիի կամրջի փակմանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել իրավիճակ, որի պայմաններում առանց ուժի կիրառման Արցախը փաստացի կհայաթափվի. «Այդ անցակետի առկայությունը նշանակում է, որ Հայաստանից Արցախ ու հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումները, բեռնափոխադրումները ամբողջությամբ տեղափոխվում են Ադրբեջանի վերահսկողության դաշտ: Այս պահին ամբողջությամբ սահմանափակ է Կարմիր Խաչի եւ ռուսական խաղաղապահների միջոցով հումանիտար բնույթի ապրանքների տեղափոխումը Արցախ: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ առանց այն էլ սննդի ու առաջին անհրաժեշտության ապրանքների մեծ դեֆիցիտ կար, ապա այս պայմաններում վիճակը ծայրահեղ ծանր է»:
Ըստ Աբրահամյանի՝ ՀՀ այն իշխանությունը, որը հայտարարում է, թե Արցախի անվտանգության երաշխավոր լինելու առաքելությունն իրենից դուրս է, այս պայմաններում այդ իշխանությունից որեւէ քայլ սպասելը լավատեսություն կլինի: Բայց, ըստ նրա, հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ է, որին կողմ են նաեւ Ադրբեջանն ու ՌԴ-ն, այդ պարտավորությունները պահանջում են փոխադարձություն:
Անդրադառնալով սահմանին հայկական կողմի հերթական նոր զոհ ունենալուն՝ Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ Ադրբեջանը փորձելու է բոլոր ուղղություններով ճնշումները զարգացնել: Ըստ նրա ՝ հիմնականում փորձում է աշխատել այն ուղղություններով, որոնք որպես նոր բնագծեր ձեւավորվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ