«Գործընթացները տանում են դեպի Հայաստանի կազմաքանդում, այն, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք»,- այսօր՝ ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Արցախը տանք, հանգիստ ապրենք հիմարագույն թեզը, որը կյանքի է կոչվում Նիկոլ Փաշինյանի կողմից, տանում է վերացման: Ակնհայտ է, որ մենք համակարգային, խորքային ճգնաժամի մեջ ենք, որ Արցախն ու Հայաստանը մի պորտալարով կապված են, մեկը որ մահանում է, մյուսը շանս չունի ապրելու: Նիկոլի կողմից Արցախը բրախելու քաղաքականություն է տարվում: Հայաստանի անցյալը նենգափոխելու պղծագույն արարքները, որ նա անում է, միտված է Հայաստանի եւ հայ ժողովրդի վերացմանը»,- ասաց Աշոտյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իր սխալն այն է, որ 2018 թվականին չի ասել, որ խաղն ավարտված է, Արմեն Աշոտյանն ասաց, որ խաղն ավարտել է Փաշինյանը, քանի որ «խաղը ծախել է». «Նիկոլ Փաշինյանը ծախել է արցախյան խաղը: Երկրորդ՝ խաղն ավարտված չէ, Նիկոլը ոնց որ թշնամու թիմից լինի, շվացնում է, ասում է՝ «սուդյա», ավարտի, խաղը պրծել է: Ոչ, խաղը վաճառված է ու վաճառված է մեջից: Ու իրեն պետք է դատել, ու ինքը դատվելու է, միլիմետր, սանտիմետր չեմ կասկածում: Եթե խաղն ավարտված էր 2019-ի նոյեմբերին Ստեփանակերտի կենտրոնում էդ նշաձողը, որ չէիր իջեցնում, լավ, ինչի՞ բարձրացրիր: Էդ քեզնից առաջ ոչ մեկ չէ՞ր ֆայմում, որ պիտի ասվեր, որ մեր սրտում, մտքում ու հոգում Արցախը Հայաստան է ու վերջ… Արցախը Հայաստան էր, Արցախը Հայաստանի Հանրապետություն չէր, քանի որ աշխարհի հետ Արցախի հարցը կարգավորելու բանաձեւն էդ էր»:
Աշոտյանի խոսքով, ըստ իրենց իշխանության թողած ժառանգության՝ աշխարհն ասում էր, որ չկա տարածքային ամբողջականություն, առանց ինքնորոշման իրավունքի եւ հակառակը. «Ինքը ցեղասպանությունն էլ է ծախում, որ ինքը ասում էր, դե աշխարհը չի ճանաչում Արցախը, տանք, պրծնենք, մի օր էլ ելնելու է ասի՝ դե Թուրքիան ցեղասպանությունը չի ճանաչում, մոռանանք, պրծնենք: Նույն ազգուրաց քաղաքականությունն է վարում, անհայրենիք մարդու հոգեբանությունն է: Այսօր ապրիլի 23-ն է, առաջ էս օրերին ինչ էիք տեսնում՝ էս խորհրդարանը հարգեց, էն խորհրդարանը հարգեց, միջազգային լրահոսում գոնե երկու բան տեսե՞լ եք այս պահի դրությամբ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ