Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրի ավելցուկ»-ը մեկ այլ ստորացուցիչ արտահայտություն է, որն օգտագործվում է թուրքերենում՝ ցեղասպանությունը վերապրածներին բնորոշելու համար․ Թեհմինե Մարտոյան

Ապրիլ 24,2023 11:00

Մեր զրուցակիցը Թեհմինե Մարտոյանն է՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտական աշխատող է, պատմական գիտությունների թեկնածու, Ավետիք Մկրտչյանի անվան Տնտեսաիրավագիտական համալսարանի դասախոս, նույն համալսարանի հենակետային «ԱրտՍթեմ» վարժարանի պատմության ուսուցչուհի։

– Մեկ շաբաթ առաջ ներկայացվեցին ՀՑԹԻ նոր հրատարակությունները․ ի՞նչ թեմաներ են արծարծվում այդ աշխատություններում։

Թ Մ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ վերջին հրատարակությունների շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվեց ութ գիրք և չորս ամսագիր: Գրքերից հինգը «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հերթական թողարկումներն էին՝ ՀՑԹԻ ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանության վերապրածների մինչ օրս անտիպ հուշագրությունները։

Որպես խմբագիր, առաջաբանների և ծանոթագրությունների հեղինակ՝ ներկայացրեցի Միքայել Բարթիկյանի «Արնաշաղախ Իզմիրը», Օհանես (Օննիկ) Ղազերյանի «Կենսագրական նօթեր» հուշագրությունները։ Մկրտիչ Ավետյանի «Յուշեր. ընտանիքի մը հայապահպանման կեանքի այլազան դժնդակ պայմանները» ձեռագիր-հուշը հոդվածի շրջանակում հրատարակվեց Ցեղասպանագիտական հանդեսում։

Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջման ու քրիստոնեաբնակ թաղամասերի հրկիզման խնդրի լուսաբանումը, ամենատարբեր հանգամանքներով պայմանավորված, տասնամյակներ շարունակ լռության է մատնված եղել: Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուսումնասիրության համատեքստում ականատես-վերապրողներ և վավերագրողներ Բարթիկյանի, Ղազերյանի և Ավետյանի հուշագրությունները պատմական բարձրարժեք սկզբնաղբյուրներ են: Արձանագրված փաստացի նյութը, նկարագրվածի հավաստիությունը պայմանավորված են նրանց կրթական բարձր մակարդակով և իրավիճակի ճշգրիտ գիտակցմամբ:

– Ի՞նչ եք կարծում՝ Թուրքիան հրաժարվե՞լ է իր ցեղասպան քաղաքականությունից, թե՞ ոչ, և եթե չի հրաժարվել, ինչպե՞ս է արտահայտվում այդ քաղաքականությունը։

Թ Մ Ժխտողականությանը զուգընթաց՝ Թուրքիայի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում ցեղասպանության անընդհատությունը՝ իբրև համա­թյուրքականության դրսևորում, հարկ է դիտարկել որպես մշտապես կայուն սպառնալիք: Միմյանց հաջորդող թուրքական իշխանություններն անշեղորեն պահպանել, կազմակերպված փոխանցել և անթաքույց իրագործել են ցեղասպանության պետական քաղաքականությունը: Նկատի ունենալով քրիստոնյաների հալածանքների երկարատևության պատմական հիմքերը՝ քաղաքակիրթ աշխարհում պետք է մեկընդմիշտ կանխարգելվի ոճրագործ պետության ամենաթողությունը և բնաջնջման անարգել քաղաքականությունը։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի՝ Թուրքիայի աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի ընթացքում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության ողջախոհ անդամները համոզված նշել են, որ Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը տասնամյակներ տևած հակամարտությանն այլևս սպառնալիք չէ, որից Արցախի, Հայաստանի և Թուրքիայի հայերը պետք է վախենան, այլ փաստ է, որը սպառնում է Արցախում և դրա սահմաններից դուրս հայերի ֆիզիկական գոյությանը։

Թուրքիան պաշտոնապես և շարունակաբար ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, միաժամանակ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահը, բազմիցս ակնարկել են, որ Թուրքիան պատրաստ է հնարավորության դեպքում նորից իրականացնելու հայերին «դաս տալու» ծրագիրը, և որ 1915 թ․ հայերի «տեղահանությունը» ժամանակի ամենաողջամիտ որոշումն էր:

– Արդյո՞ք փոխվել են ցեղասպանության հետ կապված ընկալումները Թուրքիայում։

Թ Մ «Հայ» բառը Թուրքիայում սովորաբար գործածվում է որպես անեծք, իսկ «սրի ավելցուկ»-ը մեկ այլ ստորացուցիչ արտահայտություն է և օգտագործվում է թուրքերենում՝ ցեղասպանությունը վերապրածներին բնորոշելու համար, որը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակավ օգտագործեց 2020 թ․ մայիսին կայացած ճեպազրույցի ժամանակ: Այլ կերպ ասած՝ ատելության խոսք, որը նոր ցեղասպանության սպառնալիք է: Թուրք ազգայնականների հարձակումները հայկական եկեղեցիների և այլ ունեցվածքների վրա մեծանում են։ Ստամբուլում կորոնավիրուսային համավարակի ժամանակ հայերը և քրիստոնյա այլ ժողովուրդներ թիրախավորվեցին՝ իբրև այդ վարակի տարածման պատասխանատուներ։ Հայոց ցեղասպանությունը շարունակելու ուղղակի սպառնալիք էր նաև Էրդողանի այն հայտարարությունը, որ Թուրքիան պատրաստվում է «շարունակել իր պապերի առաքելությունը, որն իրագործվել է մեկ դար առաջ Կովկասում»։

– Ցեղասպանության դրսևորումները եղել են նաև Արևելյան Հայաստանում, սակայն այդ թեման ավելի քիչ է քննարկվել։

Թ Մ Թուրքական ժխտողական պատմա­գրությունն առաջ է քաշում այնպիսի թեզեր, թե իբր քրիստոնյա փոքրամասնությունները, հատկապես հայերը, ապակայունացրել են Օսմանյան պետությունը, հետագայում նաև Թուրքիայի Հանրապետությունը, իրենց գործողություններով սպառնացել երկրի մասնատմանը՝ փաստորեն առաջացնելով ցեղասպանությունը շարունակելու անհրաժեշտություն: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարող են բացատրել ժխտողաբանները, օրինակ, Օսմանյան պետության սահմաններից դուրս իրագործված ցեղասպանական գործողությունները, քեմալականների՝ Արևելյան Հայաստանի հայ բնակչությանը կոտորածների ենթարկելու դիտավորությունը, որ նպատակաուղղված էր ոչ միայն ժողովրդի, այլև այն պետության դեմ, որտեղ բնակվում էր այդ ժողովուրդը։

1920 թ․ թուրք-հայկական պատերազմի հետևանքով Ալեքսանդրապոլի գավառի հայ խաղաղ բնակչությունը սրի քաշվեց։ Հայաթափվեց Հայաստանի Հանրապետության առավել հայաշատ գավառներից մեկը․ կոտորվեց ոչ միայն տեղի բնակչությունը, այլ նաև Մեծ եղեռնից փրկված գաղթականությունը։ Թուրք գեներալ Քյազիմ Կարաբեքիր փաշայի ղեկավարությամբ գավառի տարբեր շրջաններում տեղի էին ունենում զանգվածային կոտորածներ։

Քյազիմ Կարաբեքիր փաշան իր զինվորների հետ Սարիղամիշում, 1922 թ․

Թեմայի հետազոտող, հայագետ Վազգեն Հախոյանի ազգագրական, բանահավաքչական ուսումնասիրությունները ևս փաստում են սարսափելի կոտորածների մասին։ Հախոյանը 2007 թվականից ի վեր հավաքչական աշխատանքներ է իրականացնում․ նրա հիմնական բանախոսները ականատես-վերապրածների ժառանգներն են՝ առաջին և երկրորդ սերնդի ներկայացուցիչները։

-Ցեղասպանությունն ինչպե՞ս է ընկալում երիտասարդ սերունդը, Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ի՞նչ նոր ծրագրեր են կիրառվում։

Թ Մ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության հիշողության պահպանման և տարածման առաքելությանը, 2019 թվականից կազմակերպում է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագիրը հանրակրթական միջին (VIII–IX դասարաններ) և ավագ դպրոցների (X, XI, XII դասարաններ) աշակերտների համար: Ծրագրի շրջանակում ՀՑԹԻ գիտաշխատողները վարում են 40-45 րոպե տևողությամբ թեմատիկ դասախոսություններ:

Որպես Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման փորձառություն՝ մշակել և կիրարկում եմ «Միջսերնդային հիշողության փոխանցում» նախագիծը, որի հիմնական նպատակն է ուսանողների և աշակերտների շրջանում հետաքրքրություն առաջացնել իրենց նախնիների հանդեպ: Հաշվի առնելով անձնային առանձնահատկությունները՝ տարբեր մեթոդներով հավաքագրվում, մշակվում և խմբագրվում են ծնողներից, ավելի հաճախ՝ տատիկ պապիկներից փոխանցված բանավոր պատմությունները:

Նախագծային մեթոդի կիրառմամբ սեփական գերդաստանների պատմության լուսաբանումը և առերեսումը մեծ հետաքրքրություն է առաջացնում հատկապես սեփական ժողովրդի պատմությունը խորքային ուսումնասիրելու հարցում: Ուսանողներն ու աշակերտները ձեռք են բերում նոր կարողություններ և հմտություններ, ինչպես օրինակ՝ որոնողական, հետազոտական, համագործակցային և այլն։ Նախագիծը հնարավորություն է ստեղծում վերլուծել Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների հիշողությունների փոխանցման առանձնահատկությունները՝ կարևորելով հետևյալ հարցադրումները՝ ինչպե՞ս է հիշողության փոխանցումն ազդում երիտասարդ սերնդի վրա, իրենց գերդաստանի պատմությունը «կորստյան վտանգից փրկելու» փորձն ի՞նչ արձագանք է գտնում ընտանիքում, այդ պատմություններն առաջացնո՞ւմ են արդյոք հոգեբանական կամ մշակութային տրավմա և այլն։

Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930