Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Մելքոնը չէր կարող Նեջիբ լինել… Երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին» ՀՑԹԻ հերթական եւ այս տարվա առաջին ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության ընթացքում հայ երեխաների բռնի տեղափոխման եւ ձուլման քաղաքականությանը, ինչպես հատուկ այդ նպատակի համար բացված պետական որբանոցներում, այնպես էլ իսլամական ընտանիքներում: Այն գլխավորապես հիմնված է բռնի իսլամացված, ապա հայկական ինքնությանը վերադարձած հայ երեխաների անտիպ եւ տպագիր հուշագրությունների վրա:
Թանգարանի կայքէջից տեղեկանում ենք, որ հայերեն եւ անգլերեն երկլեզու ժամանակավոր ցուցադրությունը ներկայացնում է հարուստ լուսանկարային, հուշագրական նյութ՝ 9 խորագրի շրջանակում: Հայոց ցեղասպանության ընթացքում իրագործված բռնի տեղափոխումից զատ՝ առանձին խորագրով ներկայացվում են նաեւ երեխաների՝ պատմության ընթացքում տեղի ունեցած բռնի տեղափոխության այլ դեպքեր: Ցուցադրությունը թեմատիկ առումով բացառիկ է:
«Առավոտ» օրաթերթ
22.04.2023