Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծխարձակիչներ այրելու գործողություններով, մտածելակերպով իշխանության եկած մարդիկ այսօր ուժ են կիրառում քաղաքական ակցիա իրականացնող մարդկանց նկատմամբ»

Ապրիլ 24,2023 13:30

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը խիստ դատապարտում է ուժային կառույցների միջոցով պատգամավորների նկատմամբ ուժ կիրառելը։

«Գործող իշխանություններին՝ այդ թվում նաեւ Ալեն Սիմոնյանին եւ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին ուզում եմ հիշեցնել, որ 2018-ի ապրիլի 11-ին ակցիա են իրականացրել խորհրդարանում, որն իր բնույթով շատ ավելի անընդունելի պիտի լիներ այդ տրամաբանության մեջ, որով առաջնորդվում է  փաշինյանական թիմը»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում պատգամավոր Թագուհի Թովմասյանի եւ նրա գործընկերների իրականացրած ակցիային եւ դրան՝ իշխող ուժի արձագանքին։ Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարողականի մասին հաշվետվության ներկայացման ժամանակ Թագուհի Թովմասյանը հայտարարել էր. «Ձեր արձանագրումներից հետո ես հիմա իրականացնում եմ քաղաքական ակցիա եւ չեմ իջնելու ԱԺ ամբիոնից։ Թույլ չեմ տալու այս ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի՝ հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունը։ Գործընկերներ, եթե համաձայն եք, միացեք իմ ակցիային։ Այլեւս չեմ կարող հանդուրժել, որ բանսարկությունն այս ամբիոնից հնչի»։

Նինա Կարապետյանցը, հիշեցնելով, որ 2018-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանը, մոտենալով խորհրդարանի ամբիոնին, այրվող ծխարձակիչների միջոցով ԱԺ դահլիճում տարածեցին կապույտ ծուխը, նշեց. «Ծխարձակիչներ վառել Ազգային ժողովի դահլիճում՝ ամբիոնի մոտ, մոտենալ մի քանի հոգով, դա ընթացակարգի խախտում է։ Ու այդ տրամաբանությամբ եթե շարժվեին, ես չեմ պատկերացնում՝ ինչ պիտի անեին, այդ երկու պատգամավորների նկատմամբ ինչ կկիրառվեր այդ տրամաբանության մեջ։ Այս գործողություններով, մտածելակերպով իշխանության եկած մարդիկ այսօր ուժ են կիրառում քաղաքական ակցիա իրականացնող մարդկանց նկատմամբ՝ անկախ նրանից,  թե ես ինչպես եմ վերաբերվում այդ ուժերին։ Իսկ ես խիստ բացասական եմ վերաբերվում ակցիա իրականացրած  ուժերին, բայց դա կապ չունի։ Ազգային ժողովը նաեւ քաղաքական հայտարարությունների, դեմարշների, քաղաքական տարբեր տեսակի գործողություններ իրականացնելու ամբիոն ու հարթակ է, հետեւաբար խիստ դատապարտում եմ ուժային կառույցների միջոցով պատգամավորների նկատմամբ ուժ կիրառելը՝ առավել եւս դատապարտելի էր հերթական անգամ Ալեն Սիմոնյանի՝ իր թքելու ունակությունների ու կարողությունների թեման իր կողմից նորից բարձրաձայնելը, իր հնարավորությունների մասին պնդումները։ Դրանց համար ուղղակի եթերային հարմար բառեր չեմ գտնում»։

Ըստ իրավապաշտպանի՝ իրականում բազմաթիվ խնդիրներ կարող են լուծվել եւ պետք է լուծվեն շատ ավելի քաղաքակիրթ տարբերակներով։ Նրա կարծիքով, օրինակ, կարելի էր հայտարարել ինչ-որ ժամանակով ընդմիջում, փորձել հանդարտեցնել, բայց իշխանությունը տարբեր իրավիճակում գործում է շատ անտրամաբանական եւ չափից դուրս ագրեսիվ։ Խոսելով դրա պատճառների մասին՝ ասաց. «Իրենք խնդիրներ ունեն, որոնք չեն կարողանում բարձրաձայնել, եւ դրանք կապված են ՀՀ անվտանգության, ապագա ծրագրերի եւ կայացվելիք կամ արդեն կայացված որոշումների,  գործողությունների հետ։ Եվ այդ ոչ համարժեք, ագրեսիվ պահվածքը հենց դրա հետեւանքն է»։

Նինա Կարապետյանցը փաստեց՝ իշխանությունների՝ այդ քայլերն արդարացնողներն այն մարդիկ են, որոնք գործող իշխանությունների նույն երկրպագուներն են, առանց հասկանալու, թե իրականում ՀՀ-ում ինչ գործընթացներ են տեղի ունենում՝ ներսում ու դրսում։ Իրավապաշտպանի կարծիքով՝ այսօր արդեն այն մարդիկ, որոնք նախընտրում էին չխոսել, կամ չէին ջատագովում իշխանություններին, բայց նախընտրում էին չխոսել ու չխառնվել, անգամ իրենք են սկսել խոսել դրա մասին։

Մեր հիշեցմանը՝ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե այսպիսի իրավիճակներ աշխարհի տարբեր խորհրդարաններում գրացվել են եւ հարցին՝ Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում այդպիսի դեպքեր հանդիպե՞լ եք, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Տարբեր երկրների ազգային ժողովներում լինում են  կոնֆլիկտներ, բախումներ, դրա օրինակները կարելի է ուղղակի փնտրել համացանցում ու գտնել՝ սկսած զուսպ թվացող ճապոնացիներից, վերջացրած տարբեր այլ երկրներով։ Այո, իսկապես լինում են նաեւ բախումներ։ Բայց մեր պայմաններում ապրող երկրների համար, մեզ նման ծայրահեղ ծանր իրավիճակներում գտնվող երկրների համար դա կարեւորագույն խնդիրն է, որը ներսում պիտի արագ լուծվի բոլոր կողմերից։ Հատկապես իշխանության կողմից այդ հարցերը պետք է բարձրացվեն, լուծումներ գտնվեն։ Մինչդեռ հակառակը, ՀՀ իշխանությունները բոլոր իրավիճակներում գնում են իրավիճակի սրման, կոնֆլիկտի խորացման, այն դեպքերում, երբ իսկապես առանձին դեպքերում կարելի էր խուսափել այդ կոնֆլիկտներից, բայց՝ ոչ։ Եվ նաեւ իշխանության ներկայացուցիչների տոտալ անպատժելիությունն է, քանի որ որեւէ մի պարագայում որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, անգամ, եթե իրենք են եղել հրահրողը, սադրող կողմը։ Իսկ դրան հակառակ, օրինակ՝ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ արագ քրեական գործեր են հարուցվում։ Հաշտեցում, համերաշխություն, զսպում այդ գործիքներից ոչ մեկն իրականության մեջ չի աշխատում։ Ընդդիմության եւ իշխանության կարգավիճակները տարբեր են։ Ընդդիմությունը կարող է իրեն թույլ տալ ինչ-որ գործողություններ անել, որոնք այնքան էլ իշխանության համար գուցե հաճելի չեն, կամ ընդունելի չեն, բայց իշխանության նկատմամբ պահանջը շատ ավելի բարձր է, քան ընդդիմության նկատմամբ։ Այնպես որ, գոնե իմ բոլոր քննադատություններն ուղղված են իշխանություններին, որովհետեւ նախ այս  ընդդիմությունից սպասելիք չունեմ, էն գլխից էլ չեմ ունեցել, քանի որ նրանք հանցավոր ռեժիմի կարկառուն դեմքեր են, իսկ իշխանությունը եկել է լրիվ ուրիշ կարգախոսներով, եկել է հինը մերժելու կարգախոսներով, բայց իրականության մեջ ապրում, աշխատում, գոյատեւում է՝ հին մեթոդները կիրառելով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930