«Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 23-ին, ժամը 23.59-ին, մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կհնչի Մոցարտի Ռեքվիեմը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի։ Ստեղծագործության կատարմանը մասնակցում են «Հովեր» եւ Երեւանի պետական կամերային երգչախմբերը, մեներգիչներ՝ սոպրանո Էլիսաբեթ Մայերը (Շվեդիա), մեցցո սոպրանո Սոֆյա Թումանյանը, տենոր Տիգրան Մելքոնյանը, բաս Անդրե Մորշը (Գերմանիա)։ Համաշխարհային երաժշտական գրականության գանձարանում տեղ գտած ռեքվիեմները՝ Վերդիի, Դվորժակի… Մոցարտի, իսկապես մարդկային հանճարի կողմից ստեղծված մեծագույն երկերից են, ոգեշունչ ձոն՝ ուղղված Աստծուն եւ դրանց խորությունը, դրամատիզմը, վեհությունը, հուզականությունը, միեւնույն ժամանակ՝ ճառագող լույսը, դարեր շարունակ անտարբեր չեն թողնում որեւէ մեկին։
«Առավոտի» հետ զրույցում Էդուարդ Թոփչյանը նշեց, որ արդեն տասնամյակներ շարունակ՝ դեռեւս Լորիս Ճգնավորյանի՝ ֆիլհարմոնիկի ղեկավարման տարիներից, յուրաքանչյուր ապրիլի 24-ին նվագախումբը հանդես է եկել տարբեր կոմպոզիտորների ռեքվիեմների կատարումներով։ «Սա աղոթք է ուղղված առ Աստված՝ ցեղասպանության եւ առհասարակ բոլոր զոհերի հիշատակի համար։ Ցավալի է ու զարմանալի, որ մարդկությունը 21-րդ դարում հասել է զարգացման այս մակարդակին, բայց մենք դեռ ուրախանում ենք, երբ որեւէ երկիր ճանաչում է ցեղասպանությունը ու ոճրագործություններն էլ դեռ շարունակվում են։ Եվ ցավալի է, որ քաղաքականություն է նաեւ, թե որ ազգի դեմ գործած ոճրագործությունը պետք է դատապարտել, ում ձեռք մեկնել, ում՝ ոչ»,- հայտնեց մաեստրոն։ Խնդրեցինք նրան իր անձնական ուղերձը հնչեցնել այդ օրվա առիթով։ «Ինչպես յուրաքանչյուր հայի, այնպես էլ իմ ցանությունը մեկն է՝ վերջապես խաղաղություն հաստատվի մեր երկրում»,- ասաց Էդուարդ Թոփչյանը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2023