Լրահոս
Օրվա լրահոսը

Գորգ «Սերիկ»

Ապրիլ 24,2023 12:00

Երբեք չէի կարող պատկերացնել, որ կգտնվի մեկը, ով կմտածի գորգ ստեղծել ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ազգագրագետ Սերիկ Դավթյանի անունով: Երազային է թվում: Բայց գտնվեց նման արվեստագետ, որի շնորհաշատ միտքն ու արարող ձեռքերը ստեղծեցին «Սերիկ» անունով գորգը: Հեղինակը՝ դիլիջանցի գեղանկարիչ, Դիլիջանի Երկրագիտական-թանգարան պատկերասրահի տնօրեն Արման Բադեյանն է:

Ճանաչելով Արմանին, կարող եմ ասել՝ կյանքում ամեն լավ բան նրա համար ներշնչանքի աղբյուր է, բնությունը, լավ մարդիկ, բարին, իսկ Սերիկին առնչվող ամեն ինչ՝ հրաշք: Ու կարծում եմ այդ հրաշքն է, որ արեւի շողի նման թափանցել է նրա ստեղծագործ միտքն ու արարել մի եզակի ստեղծագործություն, որն իր մեջ ամփոփում է Սերիկի հիշատակի յուրօրինակ անմահացում ու հավերժացում: Գեղեցիկ, ազնիվ, մաքուր է Արմանի ստեղծագործությունը, ներշնչող նայողին:

Արմանը Դիլիջանի նվիրյալ է, հոգ տանողն իր հայրենի քաղաքի մշակույթին ու արվեստին, դրա ոգին փայփայողն ու խնամողը: Միշտ մտածել եմ, որ եթե Արմանի նման նվիրյալ դիլիջանցիները շատ լինեն զմրուխտե քաղաքում, այն չի կորցնի իր դեմքն ու առանձնահատկությունները, իր ավանդական մշակույթը: Շնորհալի, տաղանդավոր ու աշխատասեր, բայց եւ չափից առավել համեստ ու զուսպ արվեստագետ է նա: Վստահ եմ, որ եթե Սերիկը տեսներ Արմանի աշխատանքը՝ կզարմանար, նրան արժանացնելով իր գովքին ու օրհնանքին, ասելով իր սիրած խոսքը. «…Ոսկե մատներով եւ իմաստուն հնարամտությամբ ստեղծված է գորգդ»:

Արմանի հոգում մի մեծ կտոր Սերիկ կա… Արմանն է, որ Սերիկի կանացի գեղեցկությունը նկարագրում է մի ջերմ հմայքով, ոգեւորությամբ, իր ներկապնակի արեւոտ գույներով: Նա էլ, իմ նման իր Սերիկն ունի… Խոսքի ու մտքի վերջում, իրեն բնորոշ ջերմ ձայնի երանգով ասում է. «Սերիկը՜, Սերիկն աստվածուհի է… Գեղեցկուհի՛… Երբ ասում եմ, ասում են լա՜վ էլի… Բայց նա գեղեցկուհի է՛…»: Լսում ու մտածում էի. «Բայց այսպես էլ պետք է լինի, չէ՞ որ արվեստագետն իր մուսայի մասին է խոսում…»:

Արման Բադեյանը սկզբնապես սովորել է ծննդավայրի Հովհաննես Շարաբեյանի անվան գեղարվեստի դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղ: Արվեստի տարբեր բնագավառները հետաքրքրում են նրան ու գեղանկարչությունից բացի՝ զբաղվում է զարդագործությամբ, դարբնագործությամբ, գորգագործությամբ ու կավագործությամբ: Նա ստեղծում ու արարում է գեղեցիկը, որն ակունքվում է ոչ միայն իր հոգուց, այլ Դիլիջանի հեքիաթային բնությունից:
Գորգագործությունը Արմանին հետաքրքրում է դեռեւս ուսանողական տարիներից ու մեծ նվիրումով սկսում է զբաղվել դրանով: Ոգեշնչման աղբյուր է դառնում նաեւ Սերիկ Դավթյանը: Գիտեր մեծ արվեստագետի անցած գիտական եւ ստեղծագործական ճանապարհի, հայկական կիրառական արվեստում Սերիկի թողած նվիրական ավանդի մասին: Հիացած էր՝ կարպետագործության ու գորգագործության, ասեղնագործության ու ժանյակագործության բնագավառում Սերիկի ունեցած անսահման ու անսպառ նվիրումով, որը խորհրդավոր ձգողական է դառնում բոլոր նրանց համար, ովքեր առնչվում են այդ աշխարհին: Մեծ դիլիջանցու, Դիլիջանի պատվավոր քաղաքացի Սերիկ Դավթյանի հանդեպ այդ խոր ակնածանքը բերեց ստեղծագործական ոգեշնչման ու հանգրվանի:

2004թ. ավարտական աշխատանքն անվանում է «Սերիկ», ստեղծագործությունը գորգ էր: Մի առիթով Արմանն անկեղծացել է, ասելով. «Դա նորարարություն էր գորգի մեջ եւ դասական գորգից շատ է տարբերվում: Եթե սովորական գորգն ունի երիզներ, ապա «Սերիկ» գորգը՝ չունի: Վերցրել եմ մեծ կարպետի դետալներ ու ավելի շատ եռաչափ ձեւ տված՝ գործել տարածության մեջ»: Աշխատանքը անթաքույց հիացրել ու հուզել է անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանին, եւ նա հիշել է իր ճանաչած, բոլորի սիրելի Սերիկ Դավթյանին, պատմել նրա մասին:

Երբ նայում եմ Արմանի արարած «Սերիկ»-ին՝ մտածում եմ. «Կյանքը երջանկության ուժ է նրանց համար, ովքեր կարողանում եմ տեսնել, ստեղծել, գնահատել ու պահել հոգեւորը, ամենակարեւորը՝ շարունակել»:

Սերիկի արվեստը թանկ է Արմանի համար: Այդ պահին եմ նորեն հասկանում, որ զգայուն արվեստագետը կարող է տպավորվել յուրաքանչյուր երեւույթից, ստեղծագործությունից, խոսքից ու մարդկային արարքից: Սերիկի՝ Արմանին հարազատ խորհրդավորությունը եւ տաղանդը իրենց պտուղները տվել են այդպես: Այդ գործը ինքնաարտահայտման արձագանք է, իրականության ու անցյալի հետ մի յուրօրինակ բախում, ներաշխարհի արձագանք, պարտք, երախտիք, որը նման է մաքուր, անաղարտ հոգու խռովքի: Հիշեցի Արմանի խոսքը. «Գորգը գործելիս, բարով պետք է մոտենաս իրեն, որ բարին քեզ վերադառնա… Իսկ եթե լռության մեջ լսես թելերի ձայնը, կթվա, որ անձրեւի երաժշտություն է»:

Երկար եմ դիտել Արմանի աշխատանքը. դրանում ես տեսա, զգացի Սերիկին: Արմանը չի կրկնել արվեստագետին, այլ շարունակել է, միայն իր նորարարությամբ, իր հայացքով: Նա իր աշխատանքով արդարացրել է այն շնորհը, որ ստացել է բնությունից ու սերիկյան հմայքոտ ազդեցությունից: Դա հոգու արձագանք է, որում նա տարրալուծվել, ձուլվել ու հանձնվել է այդ աշխարհին: Աշխատանքի խորքային իմաստում ամփոփված է հարատեւ կյանքն ու արեւը, զուգորդված ժամանակի ընթացքով: Սերիկը միշտ սիրահարն էր ծագող արեւելքի, որի մասին հաճախ է գրել: Ստեղծողը խորն է զգացել ու ճանաչել Սերիկի աշխարհը, ապրել նրա ստեղծագործություններով, գիտեցել նրա ողբերգական ճակատագիրն ու կյանքը:

Յուրաքանչյուր ստեղծագործություն ներքին ուժ պետք է ունենա, դա է նրա բովանդակությունը, հոգին, կյանքը: Արմանի մոտ դա ստացվել է: Դիտողը հաղորդվում է գորգի պատկերին, սկսում մտածել, պատկերացնել ու վերլուծել, ամենակարեւորը՝ տեսնել… Տեսնել ու փնտրել… Չնայած գույները զուսպ են, բայց երբ նայում եմ աշխատանքին, գորգի նախշերում կիրառված օխրայակարմիր, այդ քիչ գործածված, բայց հոգին ջերմացնող երանգին, կարծես հոգուս մեջ մի տաք ալիք բարձրանա, գորովագին մի քնքշություն, որ աստիճանաբար վերածվում է կրակի ու սահո՜ւմ, գնում կապույտ ու մոխրագույն ալիքների շարժով դեպի հավերժը, դեպի անմահություն, դեպի արեւ…:

Թվում է, մի պահ հավերժանախշերը պետք է հեռանան միմյանցից, ինչպես կբացվեն հեքիաթի կախարդական դռներն ու կհայտնվի Նա՝ Սերիկը…

Ալիքանախշերի կենտրոնում խաչաձեւ հորինվածքով ոչ միաձույլ ռոմբ է, թեւավոր խաչի նման: Խաչի աջ եւ ձախ կողային թեւերը երկու ռոմբեր են՝ ներսում ծաղկած հայկական հավերժանախշեր՝ իրենց զարդարիկներով: Թվում է երկու աշխարհներ են: Ընտրված է հակառակ գունային երանգավորումը: Մեջտեղում Կենաց ծառի խորհուրդն է, դեպի աջ ընկած թեքությամբ, որի վրայով վերից վար իջնում է ռոմբանախշերի հնգաշարք: Յուրաքանչյուրի սկիզբն ու վերջը՝ եռանկյուններ են ամփոփում: Խաչապատկերը կարծես ամբողջական է դառնում: Բայց ինձ մի բան ապշեցրեց… Այս պատկերի ներսում ես գտա ու տեսա Սերիկի երեք հանգրվաններով կյանքը, որն ամբողջացնում է Կենաց ծառը: Իր խորհրդավորությամբ այս պատկերում ամփոփիչ ու կյանքի շարունակականության գաղափարը հենց այդ երրորդում է, նույնը նաեւ Սերիկի պարագայում: Նա կյանքի երրորդ շրջափուլում ծաղկեց իր ողջ շքեղությամբ ու արարեց, դարձավ հավերժական:

Աշխատանքի մեջ անդադար շարժ ու պտույտ կա, առեղծվածային ընթացք, որն ունի սկիզբ, բայց ոչ վախճան, ինչպես թումանյանական հազարան հավքը, որը 1969թ. Բանաստեղծի 100-ամյակին, պաննոյի տեսքով՝ ասեղնագործեց Սերիկն ու նվիրեց նրա ընտանիքին ու երեւանյան թանգարանին: Դա յուրատեսակ հարգանքի տուրք էր այն խոստումի, որ պատանեկության տարիներին Սերիկը տվել էր Թումանյանին, այն է՝ Դիլիջանում գտնել եւ գրառել հեքիաթի տարբերակը: Այդ խոստումը այդպես էլ չիրականացավ, ինչպես որ Թումանյանը չավարտեց իր «Հազարան բլբուլը»: Բայց Սերիկը, կես դար անց, չմոռանալով բանաստեղծի խնդրանքը՝ գտավ իր խոստումի իրականացման ու լուծման սերիկյան տարբերակը: Այնպես, ինչպես Արմանը գտավ իր տարբերակը…

«Սերիկ» գորգը արվեստի ապրում ու ինքնատիպ դրսեւորում է, ներքին մի կապ՝ անցյալի, հիշողության եւ հոգու, Սերիկի՛ հոգու, որն ամփոփված է միակուռ ամբողջության մեջ: Սերիկին կապող մի կամուրջ եւս ձգվեց ու ամրացավ: Ու նորից ինքս ինձ հիշեցնում եմ. «Մնայունը, ապրեցնողը՝ հոգեւոր արժեքն է, անկասկած, անվիճելի է այդ: Դրանից քաղցր բան չկա: Այն դժվար է ձեռք բերել, բայց հետեւապես դժվարով ձեռք բերածը անուշ ու թանկ է»:

Արմանը կարողացել է իր հոգու Սերիկ անունով ապրումը արտահայտել, ապրեցնել արվեստի ստեղծագործությամբ: Այն դարձել է սիրելի ու հարազատ: Նյութ դարձած այդ ոգեղենն ապրում է, որովհետեւ այս գործի սկզբի շաղախը Սերն ու Սերիկն է, սերն առ արվեստ ու Սերիկ: Իսկ ուր Սերիկն է՝ այնտեղ լույսն ու հավերժականն է…

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Սերիկ Դավթյանի կենսագիր

«Առավոտ» օրաթերթ
22.04.2023

Ա. Բադեյանի լուսանկարը՝ Նարեկ Հարությունյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930