Ադրբեջանը շարունակում է իր ամբարտավան քաղաքականությունը՝ արհամարհելով միջազգային պայմանավորվածություններն ու իրավունքը՝ շարունակելով թքած ունենալ բոլոր տեսակի համամարդկային արժեքների վրա։
Այսօր էլ Բաքուն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում, ինչը 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է։
120 000 արցախցու նկատմամբ այսօր իրականացվող սպիտակ եղեռնը պետք է արժանանա ամենախիստ արձագանքին, ու դրան հետևեն առարկայական գործողությունները։
Արդեն ավելի քան ակնհայտ է, որ «խաղաղության օրակարգը» այս իշխանությունների չիրականացված երազանքն է։
Եվ նրանց լուռ համաձայնությունն իրավիճակին ոչ այլ ինչ է, քան այն, որ «դեմոկրատիայի բաստիոնը» դարձել է ավտորիտարիզմի կամակատար, և եթե շարունակվի այս համակերպված հնազանդ քաղաքականությունը, հաջորդ զիջումը լինելու է Սյունիքի միջանցքը, մեր պետությունն ու պետականությունը։
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ