Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի ապազգային, նվաստացած ու կապիտուլացված ռեժիմ մեզ չի կարող համոզել, որ միակ ճանապարհը հանձնվելն է. մեկնարկեց ջահերով երթը

Ապրիլ 23,2023 21:25

Հանրապետության հրապարակում Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ մեկնարկեց ամենամյա ջահերով երթը: Այն մեկնարկեց Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներն այրելու արարողակարգով:

ՀՅԴ ՀԵՄ առաջնորդ Գոռ Սարգսյանը երթի մեկնարկին պատմեց, որ ինքը ցեղասպանության ենթարկված հայ ընտանիքի զավակ է, իր պապերին թուրքը զրկել իր ձեռքով ստեղծած տան մեջ ապրելու իրավունքից, իր նախնիներին ու իրեն թուրքը զրկել է մեր հայրենիքում ապրելու իրավունքից. «Այս իրադարձությունից անցել է 108 տարի, բայց այսօր մեր ժամանակներում իրականացվում է  նույն ծրագիրը, նույն թշնամին իր փոքր եղբոր հետ ընդամենը 3 տարի առաջ հարձակվեց մեր պատմական հայրենիքի մյուս մասում՝ Արցախում ապրող հայրերի վրա, նույն թշնամին, նույն նպատակն ու նույն ձեռագիրը: Արդյունքում՝ հարդութցի, քարվաճառցի, շուշեցի տասնյակ հազարավոր հայեր դարձյալ զրկվեցին հայրենիքից, զրկվեցին իրենց ձեռքով կառուցած տներում երջանիկ ապրելու իրավունքից:

2020 թվականի Արցախյան պատերազմը մեզ մի բան ապացուցեց ՝թշնամին չի փոխվել, չեն փոխվել նրա նպատակները: 2020 թվականի պատերազմը եւ այսօրվա իրականությունը ՀՀ սահմանների մոտ վերահաստատեց, որ պատերազմը միայն Արցախյան չէ ու երբեք չի եղել: Այսօր Թուրքիայի ու Ադրբեջանից կողմից  վարվող քաղաքականությունը ապացույցն է, որ նրանք պատրաստ չեն հանդուրժել անկախ ու ինքնուրույն  հայկական պետության գոյությունն իրենց հարեւանությամբ: Այս պայմաններում հայ ժողովրդին մեկ ընտրություն է մնում ՝ պայքարել ապրելու, պայքարել սեփական հայրենիքում երջանիկ լինելու համար, որովհետեւ պայքարի այլընտրանքը ցեղասպանությունն է… պայքար հանուն մեր իրավունքների, պայքար նրա, որ շուշեցին ապրի Շուշիում, հադրութցին՝ Հադրութում, որ ազատագրենք մեր հայրենիքը:

Եթե մենք այսօր կանք, ապա միայն պայքարի ու թշնամու առջեւ ծնկի չգալու շնորհիվ է: Ոչ մի ապազգային, նվաստացած ու կապիտուլացված ռեժիմ մեզ չի կարող համոզել, որ միակ ճանապարհը հանձնվելն է: Այո՛,  ուզում ենք խաղաղություն, բայց դրա գինը չի կարող ՀՀ վերացումը լինել, այո՛, ուզում ենք խաղաղություն, բայց այդ խաղաղության գինը չի կարող Արցախը լինել, մեզ այդպիսի գործարք պետք չէ: Ընտրում ենք պայքարը: Ունենք մեկ հայրենիք,  մեկ ճանապարհ՝ եւ դա պայքարն է, Պայ-քա՛ր:

Եվ մենք այս հրապարակից ասում ենք  միջազգային հանրությանը, Նիկոլ Փաշինյանին, Էրդողանին ու Ալիեւին ՝չենք համակերպվելու  այս իրականության հետ, չենք հրաժարվելու մեր պահանջատիրությունից, մենք խառնելու ենք ձեր բոլոր խաղաքարտերը, դուք չեք հաջողելու: Արցախցին, սյունեցին, վարդենիսցին իրենց հողում են ապրելու, հայ ժողովուրդը հավերժ ունենալու է պետություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930