Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը․ ՀՀ ԱԳՆ

Ապրիլ 23,2023 18:37

2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ․ այն իրապես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շինծու բնապահպանական պատրվակներով Լաչինի միջանցքի շարունակական ապօրինի արգելափակումը և այսօր արդեն ակնհայտ կեղծ և անհիմն պատրվակներով անցակետի տեղադրումը հենց այս ծրագրված քաղաքականության հետևողական իրականացման հերթական քայլերն են։

Այս գործողությունն իրականացվում է ի հեճուկս միջազգային հանրության միանշանակ հայտարարությունների և հատկապես Միջազգային արդարադատության դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ունեցող վճռի: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ ջանք չի գործադրում ոչ միայն ձեռք բերված հանրահայտ պայմանավորվածությունները կատարելու, այլև իր կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի շարունակական խախտումները կոծկելու ուղղությամբ և ամեն կերպ լարում է տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար։

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու այս քայլը։ Այն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մինչ այդ իրականացված նմանօրինակ գործողությունները՝ զուգորդված չդադարող հայատյաց ու սպառնալից հռետորաբանությամբ, միտված են տապալելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթի շուրջ բանակցությունները:

Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

ՀՀ ԱևՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930