Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային դատարանի որոշման փոխարեն մենք ունենք Արցախի կատարյալ շրջափակում. Ստյոպա Սաֆարյան

Ապրիլ 23,2023 18:20

«Լաչինի միջանցքը երկկողմ, մասնավոր, առեւտրային երթեւեկությունների համար բացելու միջազգային դատարանի որոշման փոխարեն մենք ունենք ճիշտ հակառակը: Արդեն Արցախի կատարյալ շրջափակում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Արցախ-Հայաստան սահմանագծում Հակարիի կամրջի փակմանը:

Պատճառներն, ըստ Սաֆարյանի մի քանիսն են. «Լաչինի միջանցքի կիսափակումով՝ Ադրբեջանը չստացավ այն, ինչ ուզում էր. հայաթափում տեղի չունեցավ: Ուզած-չուզած՝ Կարմիր Խաչի կամ ռուս խաղաղապահների միջոցով առաջին անհրաժեշտության ապրանքներ գոնե հասնում էին:

Երկրորդ պատճառը թերեւս սա է, որ Արեւմուտքը փորձում է արագացնել այն պայմանավորվածությունների ձեռքբերումը, որոնք տեղի են ունեցել անցած տարվա սեպտեմբերին Վաշինգտոնում՝ սահմանին արագ դեմարկացիան է եւ խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ակնհայտորեն՝ Ադրբեջանը փորձում է տապալել այդ հնարավոր բանակցությունները եւ խախտում է եռակողմ հայտարարությունը եւ տանում տարածաշրջանում նոր էսկալացիայի: Սա բավականին վտանգավոր քայլ է:

Իմ կարծիքով, ՀՀ-ն առնվազն երկու մակարդակում պետք է բարձրացնի այս խնդիրը: Մեկը՝ ՌԴ հարթակում, որովհետեւ ուղղակի անպատկերացնելի է, որ ռուսական պատասխանատվության գոտում տեղի է ունենում եռակողմ հայտարարության դրույթների խախտում: Ըստ էության՝ Լաչինը վերածվում է ոչ թե ռուսական, այլ ադրբեջանական վերահսկողության գոտու: Սա արմատապես փոխում է նոյեմբերի 9-ին ձեռքբերված պայմանավորվածությունները, ենթադրում եմ՝  ռուսների թողտվությամբ: Որովհետեւ ինչ-որ կապ եմ տեսնում նախորդ օրերին Սոթքի հանքավայրի վրա կրակելու հետ: Փաստացի Ադրբեջանը ռուսներին չի թողնում շահագործել հանքը եւ ստիպում է համաձայնել Արցախում հերթական անգամ կեղտոտ քայլին, այլ պարագայում դժվար է  պատկերացնել, որ Հակարիի կամրջի մոտ կմոտեցնեն ադրբեջանական զինված ուժերի զրահատեխնիկա…

Արցախի կատարյալ շրջափակման հարցը պետք է տանել նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ անհապաղ նիստ հրավիրելով: Ես կարծում եմ՝ մենք դա շուտ պետք է արած լինեինք:  Չգիտեմ՝ ինչին են սպասել ՀՀ իշխանությունները կամ մինչեւ այժմ չեն փորձել, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դատարանի որոշման չկատարման հարցը տանել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որովհետեւ եթե դա հասած լիներ, միգուցե սա չէինք ունենա»:

Սաֆարյանի կարծիքով՝  հայկական կողմը չի գնա ռազմական ճանապարհով Ադրբեջանին հայտարարության դրույթները կատարելուն պարտադրելը, ճանապարհների բացմանը, որովհետեւ. «Դա նշանակում է դուրս գալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից ու վերսկսել  լայնամասշտաբ պատերազմը: Չեմ կարծում, որ հիմա դիվանագիտական բոլոր քայլերը սպառված են: Պետք է գնալ առայժմ այդ ճանապարհով, որովհետեւ պատերազմում մենք դաշնակից չենք ունենալու, մենք որեւէ դաշնակից չունենք պատերազմում: Կուզենայի, որ մենք այնքան հզոր լինեինք, որ թեկուզեւ ուժի կիրառում անեինք, բայց քանի որ լայնամասշտաբ պատերազմի ռեսուրս չունենք ու այդ աշխարհաքաղաքական իրավիճակում եւ այդ աշխարհագրական միջավայրում չենք , պատերազմի հետեւանքները հաղթահարած չենք, բնականաբար, կարծում եմ, որ պետք գնալ դիվանագիտական քայլերով ու ՄԱԿ-ի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել այդտեղ՝ հասկանան որոշման չկատարման պատճառները եւ հենց այդ գնահատականով հանել տան այդ անցակետ կոչվածը »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930