Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության համագումարը։
Համագումարը մեկնարկեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական օրհներգերով, այնուհետև հայտարարվեց Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմներին ընկածների և ադրբեջանական ագրեսիային զոհ դարձածների վառ հիշատակի լռության րոպե։
Կուսակցության համագումարին ներկայացվեց կուսակցության վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքների հաշվետվությունն ու Կուսակցության ռազմավարական ծրագիրը, ընտրվեցին Կուսակցության քաղաքական խորհուրդն ու նախագահը, ելույթներ ունեցան քաղաքական ուժի հիմնադիրները և անդամները։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի և Արցախի շուրջ ծառացած մարտահրավերներին, անվտանգային լրջագույն խնդիրներին և ներկայացրեց Կուսակցության ռազամավարական տեսլականն այդ ուղղությամբ։ Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ «խաղաղության օրակարգի» հաստատումը պայմանագիր ստորագրելով չի լինում, և ասվածի վառ ապացույցն Արցախի՝ արդեն 132 օր տոտալ շրջափակումն է՝ ի հեճուկս խաղաղության դարաշրջանի մասին հայտարարություններին։
Կարդացեք նաև
«Մենք, որպես կուսակցություն, հանձնառու ենք շարունակել մեր պայքարը հանուն հայկական Արցախի և Արցախի ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքի»,-նշել է Առաքելյանը և հավելել.
«Խաղաղության հաստատման համար մենք ունենք մեկ ճանապարհ՝ ունենալ հզոր անվտանգային համակարգ, ընդ որում անվտանգություն՝ բառի ամենալայն իմաստով՝ ռազմական անվտանգություն, նյութական անվտանգություն, տեղեկատվական անվտանգություն, տնտեսական անվտանգություն և այլն։ Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Պատերազմից 2,5 տարի անց շարունակում են խոցելի մնալ մեր սահմանները, և միայն մեր զինվորների նվիրական պայքարի շնորհիվ է, որ մեր կորուստները սահմանափակված են այսքանով։ Բացահայտ անգործության և փնթիության պատճառով ունեցանք հերթական զոհերը և տարածքային կորուստները։ Անկանոն, անհետևողական անվտանգային և արտաքին քաղաքականության արդյունքում՝ ծայրահեղ վտանգված է Արցախի վիճակը, իսկ Հայաստանի սահմանները խիստ խոցելի են։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ մարտահրավեր՝ ստեղծել հզոր անվտանգային համակարգ, և դրան ուղղել մեր բոլոր ռեսուրսները՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից»։
Կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը ամփոփիչ ելույթ ունեցավ։ Նրա ելույթի ուշագրավ հատվածը վերաբերում էր Երևանի ընտրություններին «Ապրելու երկիր» կուսակցության մասնակցությանը։ «Երևանի ընտրությունները, ակնհայտորեն, ունենալու են քաղաքական ազդեցություն երկրի հետագա քաղաքական իրավիճակի վրա»,- նշել է նա։
«Երևանի ընտրություններին մասնակցելու ենք բացառիկ ուժեղ թիմով, որը առաջնորդելու է Երևանը դեպի համայն հայության երազանքի մայրաքաղաք։ Մենք մեզ պատասխանատու ենք համարում ներկայանալ այնպիսի թիմով, որի միջոցով երևանցին կկարողանա հանգիստ խղճով իշխանափոխություն իրականացնել»,- ասել է Մանե Թանդիլյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարը մատնանշել է՝ Երևանի ընտրությունները ակնհայտորեն ունենալու են քաղաքական ազդեցություն երկրի հետագա քաղաքական իրավիճակի վրա։
«Մեզ համար ակնհայտ է, որ Երևանը առաջնորդելու է երկրում քաղաքական փոփոխությունների գործընթացը, և նաև Երևանում ենք իշխանազրկելու Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ճիշտ այնպես, ինչպես դա արդեն արել ենք Ալավերդի, Նոյեմբերյան, Տաթև համայնքներում։ Պետք է արձանագրեմ, որ քաղաքամայր Երևանի, երևանցիների պատասխանատվությունը ամբողջական իշխանափոխության գործում շատ էական և վճռորոշ է լինելու»,- ասել է նա։
Համագումարին Արցախից տեսակապով ելույթ է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության գործընկեր, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը։
«Ձեզ դիմում եմ, որպես մարդ, ով արդեն յոթ ամիս է՝ Արցախում է։ Այսօր ամենակարևորը, ինչի մասին պետք է խոսենք, Արցախի և արցախցիների ապագայի հարցն է, իրենց հայրենիքում ապրելու, հայ մնալու հարցը։ Արցախը վտանգի մեջ է, արցախցի 30.000 երեխայի ճակատագիրը վտանգված է, որովհետև այդ երեխաները կարող են չունենալ իրենց հայրենիքում ապագա կառուցելու և արժանապատիվ կյանք ունենալու հնարավորություն։ Եվ մենք պարտավոր ենք պայքարել դա կանխելու համար։ Վերջին երկու օրերին ես լսում էի Հայաստանում՝ Ազգային ժողովում ընթացող քննարկումները…բոլորը մեղավորներ էին փնտրում, խոսում էին՝ ով է մեղավոր, նախկինում ինչ է եղել և այլն, բայց ոչ ոք չէր պատասխանում այն հարցին, թե ինչ է պետք անել այսօր, ինչպես պետք է օգնել 120.000 արցախցու, 30.000 երեխայի։ Կա երկու տարբերակ. կամ պայքարում ենք, կամ թողնում ենք Արցախը։ Իսկ ես չեմ պատկերացնում, թե ոնց եմ ապրելու, եթե կորցնենք Արցախը։ Այլընտրանք չկա, միակ ճանապարհն Արցախի շուրջ համախմբվելն է», – նշել է Ռուբեն Վարդանյանը։
Ելույթներից հետո տեղի ունեցան Կուսակցության քաղխորհրդի, վերահսկիչ հանձնաժողովի և նախագահի ընտրությունները։ Կուսակցության նախագահ է վերընտրվել Մանե Թանդիլյանը։
Ընտրված Քաղաքական խորհուրդը բաղկացած է 23 անդամից՝ Անահիտ Խեչոյան, Անդրանիկ Ամիրջանյան, Արամ Մանուկյան, Արաքսյա Գրիգորյան, Արթուր Աստոյան, Արկադի Թամազյան, Արմեն Հայրապետյան, Արսեն Աղաբաբյան, Դավիթ Մանուկյան, Լևոն Օհանյան, Կարեն Մալխասյան, Հայկ Մկրտչյան, Մանե Թանդիլյան, Մարատ Գերասիմյան, Մեսրոպ Առաքելյան, Մոնթե Մաթևոսյան, Ռաֆայել Հարությունյան, Սամսոն Գրիգորյան, Սյուզաննա Ավետիսյան, Վալոդյա Գրիգորյան, Վահե Վարդանյան, Վրույր Այվազյան, Տիգրան Սահակյան։
Վերահսկիչ հանձնաժողովի կազմը հետևյալն է՝ Արգամ Հովսեփյան, Գարիկ Մուրադյան, Լավրենտ Գևորգյան, Կալիպսե Ասատրյան, Կարլեն Վերմիշյան, Հասմիկ Ինգիլիզյան, Մխիթար Ավետիսյան։
«Ապրելու երկիր» կուսակցության