Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյան․ Երկրային «մանր-մունր» խնդիրները հորով-մորով անելուց հետո, Փաշինյանն անցել է երկնային օրենքների մեկնությանը․ Ilur.am

Ապրիլ 23,2023 16:49
levon-ter petrosyan

Ilur.am  – Նախապես նշեմ, որ գրառումս, ըստ էության, լիովին համահունչ է Միքայել Սրբազանի՝ երեկ հրապարակված հրաշալի հարցազրույցի: Ես ընդամենը ցանկանում եմ որոշ մանրամասներ ավելացնել դրան:

Երկրային «մանր-մունր» խնդիրները հորով-մորով անելուց հետո, Փաշինյանն անցել է երկնային օրենքների մեկնությանը: Սաղմոսասացի արվեստին «կատարելապես» տիրապետած վարչապետն այժմ որոշել է իր ծանրակշիռ ավանդը ներդնել նաև աստվածաբանության ոլորտում: Օրերս Ազգային Ժողովում ունեցած մի ելույթում նա մասնավորապես, ի լուր աշխարհի, հանդես է եկել հետևյալ դարակազմիկ հայտարարությամբ. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Դա համաձայն քրիստոնական տեսության»՝ որպես հիմնավորում բերելով Աստվածաշնչից քաղված հետևյալ հատվածը. «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եւ եղած իշխանություններն Աստծուց են կարգված։ Ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում» (Հռոմ., 1-2), ապա ավելացնում. «Թող եկեղեցին իր էության, տեսության եւ հավատի մասին մտածի»:

Թվում է, թե իր կուռ (իրականում՝ մանիպուլյատիվ) տրամաբանությամբ Փաշինյանն անելանելի վիճակի մեջ է դրել Եկեղեցուն: Հարց չկա, Փաշինյանը միանգամայն ճիշտ է, որ ըստ Աստվածաշնչի, իշխանությունը շնորհվում է Աստծու կողմից: Սակայն նա գաղափար անգամ չունի այն մասին, թե Աստված «տեխնիկապես» ինչպես է իրականացնում իշխանակարգման իր գործառույթը: Ի մեծագույն հիասթափություն Փաշինյանի, Աստված այդ գործառույթն իրականացնում է Եկեղեցու խողովակով: Քրիստոնեական աշխարհի բոլոր գահակալներն այդ շնորհին արժանացել են Եկեղեցու առաջնորդի (Հայաստանում՝ Կաթողիկոսի, լատինական աշխարհում՝ Հռոմի Պապի, հունադավանների տիրույթում՝ Կոստանդնուպոլսի Պատրիարքի) օրհնությամբ: Գահակալվողը ծնկի էր գալիս Եկեղեցու առաջնորդի առջև, արժանանում վերջինիս օրհնությանը եւ օծություն ստանում նրանից, ապա արտասանում իր երդումը: Որպես նմուշ, ընթերցողին եմ ներկայացնում Հայոց Լևոն 1-ին թագավորի երդման բնագիրը.

«Ես Լեւոն…, որ կամաւքն Աստուծոյ լինելոց եմ թագաւոր Հայոց, խոստանամ, ուխտեմ եւ երդնում առաջի Աստուծոյ եւ երանելոյն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, որ լինիմ ես յայսմհետէ պահապան եւ զերծանօղ՝ քահանայապետին եւ սուրբ եկեղեցոյն Հայոց եւ ամենայն կղերիկոսաց նորայ, ի յամենայն կարիս եւ ի յաւգուտս իւր, պահելով եւ խնամելով զհայրենիս, զպատիւս, որչափ կարողացայց աւգնութեամբն Աստուծոյ, ըստ գիտութեան եւ կարողութեան իմոյ ուղել յստակ հաւատով, այնպէս Աստուած աւգնէ ինձ եւ այս սուրբ Աւետարանս Աստուծոյ» (Անուշաւան Դանիէլեան, Մայր Ցուցակ հայերէն ձեռագրաց Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, Անթիլիաս, 1984, էջ 97):

Թարգմանություն. «Ես՝ Լևոնս…, որ Աստծու կամքով կարգվելու եմ Հայոց թագավոր, խոստանում, ուխտում և երդվում եմ Աստծու և երանելի Սբ. Գրիգոր Լուսավորչի առջև, որ այսուհետև լինելու եմ Քահանայապետի, Հայոց սուրբ Եկեղեցու և նրա ողջ հեգևորականության պաշտպանն ու բոլոր կարիքների և շահերի հոգացողը, պահպանելով ու խնամելով նրանց կալվածքներն ու պատիվները, որքան կկարողանամ Աստծու օգնությամբ, իմ գիտելիքների և հնարավորությունների սահմաններում՝ առաջնորդվելով հստակ հավատով, ինչպեսև օգնական ունենալով Աստծուն և աստվածային այս սուրբ Ավետարանը»:

Փաշինյանն, ըստ այդմ, կանգնած է լրջագույն երկընտրանքի առջև: Ըստ պահի, մի դեպքում նա համարում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ընտրվել է ժողովրդի կողմից, մի այլ պահի, ըստ հայեցողության, որ ինքը Հայաստանի առաջնորդ է կարգվել Աստծու կողմից: Այստեղից բխում է, որ երկրորդ տարբերակի դեպքում նա պարտավոր է ենթարկվել Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Փաշինյանի հոգեկան տվայտանքների ելքը միակն է՝ նա պետք է ընտրություն կատարի նշված տարբերակներից կամ մեկի կամ մյուսի միջև: Թեև բացառված չէ, որ նա, պայծառատեսության ինչ-որ պահի, նաև իրեն Մեսիա (Փրկիչ) հռչակի և վերջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ԼՏՊն, մեծ հաւատացեալ մը չէ… Սակայն, ի տարբերութիւն Փաշինյանին, Առաջին Նախագահը – մինչեւ իսկ՝ ի՛նք -, գոնէ ըմբռնած է Հայոց Եկեղեցւոյ ազգային էական կոչումը, Առաքելութիւնը: Հայոց Պետութեան համար՝ Հայ Եկեղեցւոյ անհրաժեշտ ու կենսական հեղինակութիւնը: Բարի կիրակի:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930