Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննադատում է կաթողիկոսին, ոնց որ ես ասեմ՝ Արամ Խաչատրյանը վատ է գրել «Սպարտակ» բալետը». Սրբազանը՝ Մարիա Կարապետյանին

Ապրիլ 23,2023 16:33

ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե կան ինստիտուտներ եւ կառույցներ, որոնք պետականության գոյության պայմաններում վտանգում եւ թուլացնում են պետությունը, ընդդիմախոսում են պետությանը եւ դրանց թվում է Հայ Առաքելական եկեղեցին:

ՔՊ-ական պատգամավորի խոսքով, ինքը՝ որպես օրենսդիր մարմնի անդամ, պնդում է, որ մատաղի ավանդույթը պետք է վերափոխվի. «Մենք ունենք մատաղ անելու ավանդույթ եւ սննդային անվտանգության իրավական կառուցակարգեր, եթե ուզում ենք ունենալ պետություն, ապա օրենքն ու ավանդույթը պետք է լուծում գտնեն միմյանց միջեւ եւ որպես օրենսդիր մարին պետք է պնդեմ, որ օրենքն  ու իրավունքը պետք է գերակայեն, եւ ավանդույթը փոխակերպվի»:

Պատգամավորն ասել էր, որ որոշ ինստիտուտներ պետության գոյության պայմաններում ոչ մի կերպ չեն ցանկանում համակերպվել պետական իշխանության մարմինների գերակայության հետ, ու եթե Հայ Առաքելական եկեղեցին շարունակելու է առնչվել քաղաքական հարցերին, գուցե խոսի հարկեր վճարելուց կամ բացառապես հոգեւոր թեմաներից:

Նա քննադատել էր նաեւ Սուրբ Զատկի տոնին Ամենայն Հայոց կաթողիկոսի  ուղերձը, որտեղ Վեհափառն ի թիվս այլնի, խոսում է բաժանարար պատնեշներից, ազգային միաբանության խարխլվելուց, դարերով նվիրագործված ավանդույթների անտեսումից եւ ազգային հոգեւոր անվտանգության խաթարումից: Պատգամավորը հեգնել էր, թե քի՞չ ենք աղոթում, պաս քիչ ենք պահում, որ այդ վիճակում ենք:

Aravot.am-ը Մարիա Կարապետյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից: Սրբազանը նախ ասաց, որ չի մեկնաբանում աղջիկներին, ապա ընդգծեց, որ իր արժանապատվությունից ցածր է նման մտքեր մեկնաբանելը:

«Ի՞նչ պատասխանեմ իրեն, ոնց որ ես խոսեմ կիբեռնետիկայից, դա կարելի՞ է լուրջ ընդունել, եթե ես խոսեմ կիբեռնետիկայից կամ աստղային ֆիզիկայից, քննադատեմ Վիկտոր Համբարձումյանին, քննադատեմ Արամ Խաչատրյանին, ասեմ լավ չի գրել «Սպարտակ» բալետը…Այդ աղջիկը մտել է մի տարածք, որտեղ ինքն ընդհանրապես չկա…Այնպիսի բաներ է դուրս տվել, որ իմ արժանապատվությունից ցածր է իրեն պատասխանելը…Աղջնակ լինելով՝ ինքը Ամենայն Հայոց կաթողիկոսի ասածներն է քննադատում…Ինչպե՞ս կարել է լուրջ ընդունել…Ի՞նչ է նշանակում՝ մատաղը վերափոխել, գնա վերափոխիր, աղջիկ ջան, ինչ ես ուզում, եթե ի վիճակի ես եկեղեցին եւ իր ավանդույթները վերափոխելու, գնա վերափոխիր …Քիչ է մնում՝ միանգամից ասի, թե  դեմ եմ, որ Արեւն Արեւելքից է ծագում, լավ կլիներ Արեւմուտքից ծագեր»,- ասաց սրբազանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930