Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մենք «սողացող» պատերազմի մեջ ենք, որը ցանկացած պահի կարող է վերածվել ծավալուն ռազմական գործողությունների․ «Հայացք Երևանից»

Ապրիլ 23,2023 11:50

ԱԺ-Կառավարություն նախավերջին հարցուպատասխանի ժամանակ, որն ապրիլի 12-ին էր, Նիկոլ Փաշինյանը նորից բացեց 44-օրյա պատերազմի պարտության պատճառ դարձած «5-րդ շարասյան» թեման: Խնդիրը նա շրջանառության մեջ էր դրել մեկ ամիս առաջ՝ մարտի 14-ին հրավիրված ասուլիսում, համոզմունք հայտնելով, որ բանակում գործել է «5-րդ շարասյուն»՝ հանձինս լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղադրվող 50-ից ավելի սպաների ու բարձրաստիճան զինվորականների: Այդ շրջանակի մեջ է գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը փորձում ներառել նաեւ նախորդ իշխանություններին, որոնցից, իբր, բանակցային վատ ժառանգություն է իրեն բաժին հասել:

Այս մասին նա շատ է խոսել՝ ամեն անգամ բախվելով մյուս կողմի հակափաստարկներին, բայց, չգիտես ինչու, հարկ համարեց կրկին վերարծարծել քանիցս չարչրկված թեման եւ այն էլ՝ «5-րդ շարասյան» համատեքստում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Ազգային ժողովի հարցուպատասխանի ձեւաչափը լավ պատեհություն է եւս մեկ անգամ իրենից ու թիմակիցներից վանելու ամեն քայլափոխի հանդիպող «դավաճանի» խարանը: Մանավանդ որ, ընդդիմադիր պատգամավորներն այդ օրը հերթական բոյկոտն էին հայտարարել ու չէին մասնակցում նիստին, ուրեմն եւ չէին լինի հակադարձողներ կամ «ծանր հարց» հնչեցնողներ: Սակայն թեման գեներացնելու պատճառը, կարծես թե, ավելի խորն է: Ի՞նչ հիմքեր կան այդպես մտածելու:

Նախ՝ շատ տարօրինակ կլինի, եթե պատերազմական իրադրության մեջ գտնվող երկրի ղեկավարն անընդհատ առիթներ փնտրի սեփական բանակը պախարակելու համար: Իսկ նման խոսույթների տարածումն ակնհայտորեն հաճախացել է՝ մի դեպքում պաշտոնական մակարդակով մատնանշվում է էսկալացիայի մեծացման սպառնալիքի մասին, որին մեր անվտանգային համակարգը, ասվում է, անզոր է դիմակայելու, մեկ այլ դեպքում դրան ձայնակցում է առաջին տիկին կոչեցյալը՝ կրկնելով ագրեսոր երկրի ղեկավարին, թե պատերազմի ժամանակ հայկական բանակի շարքերում 11 հազար դասալիք է եղել: Այս հայտարարություններից մեկն ահաբեկչություն է հիշեցնում, մյուսը՝ բարոյալքված բանակ:

Երկու դեպքում էլ մեր Զինված ուժերի վարկանիշը կտրուկ ընկնում է, հասարակության մեջ՝ վախի մթնոլորտն ահագնանում: Երբ իշխանությունները խոսում են վերահաս պատերազմի կամ լայնածավալ հարձակման վտանգի մասին՝ զուգահեռաբար պետք է նշեն նաեւ, թե ինչպես են երկիրը պատրաստում՝ դիմակայելու համար այդ մարտահրավերին, այլապես չպաշտպանվածության զգացողությունը հուսալքություն եւ անելանելիություն կառաջացնի երկրում՝ խաթարելով հանրային համերաշխությունն ու անդորրը: Չէ՞ որ պատերազմի ժամանակ շատ կարեւոր է, որպեսզի ճակատը եւ թիկունքը գործեն ներդաշնակ, ինչը հաղթանակի հուսալի գրավականներից մեկն է:

Մեզանում հակառակն է արվում: Ստեղծվում է թյուր տպավորություն, թե իշխանությունը հանրությանը պատրաստում է «խաղաղության դարաշրջանի», որի մասին ճամարտակում է արդեն ավելի քան երկու տարի: Մինչդեռ այդ ընթացքում՝ մատը մատին չխփելով, բանակը մատնել է լիակատար բարձիթողի վիճակի, տարբեր մտացածին պատճառներով այնտեղից հեռացրել կամ կալանավորել փոքրիշատե մնացած լավագույն զինվորական կադրերին եւ ժողովրդին կանգնեցրել դաժան իրականության դեմհանդիման: Եվ «հանկարծ» պարզվում է, որ թշնամին, ուր-որ է, կանցնի լայնածավալ հարձակման, իսկ ՀՀ զինուժն ի վիճակի չի լինի պաշտպանել երկրի սահմանները: Ոչինչ չի մնա անել, քան «հանձնել տարածքներ՝ փրկել կյանքե՞ր»:

Տարածքներ մենք ամեն դեպքում հանձնում ենք, բայց կյանքեր փրկել, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է: «Խաղաղության դարաշրջան» կոչվածը դատարկ փչոց դուրս եկավ: Իրականում մենք «սողացող» պատերազմի մեջ ենք, որը ցանկացած պահի կարող է վերածվել ծավալուն ռազմական գործողությունների: Ապրիլի 11-ին Սյունիքի Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի հրահրած սադրանքը, որը 4 հայ զինծառայողի կյանք խլեց, ըստ երեւույթին, պատերազմից առաջ միջազգային հանրության վերաբերմունքը շոշափելու կամ, ժողովրդական լեզվով՝ «զոնդաժ» անելու նպատակ ուներ: Ցավոք, որեւէ վերաբերմունք չնկատվեց, բացի մտահոգություն հայտնելուց եւ կողմերին փոխըմբռնման կոչելու հորդորից:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930