Նախօրեին «SarGallery» պատկերասրահում բացվեց նկարիչ Արեգ Միրիջանյանի «Խաղը շարունակվում է» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Ցուցադրվում են թվով 30 աշխատանքներ։
Արեգ Միրիջանյանի արվեստը կյանքից է ներշնչված։ Գունային նուրբ անցումներով հագեցած ցուցադրվող աշխատանքներից ճառագում է իրականության լույսը` բնական, բազմազան տրամադրություններով, մարդու հետ երկխոսության մեջ մտնող և մարդուն հասկացող։
Արեգի ձեռագրում շատ կարևոր կետ կա` չխանգարել գույնի հնարավորություններին, ազդակներին չտրվել և ստեղծել բովանդակային արվեստ։ Իսկ այդ ուղին մի տեղ է տանում` անհատական ոճի։ Իսկ Արեգ Միրիջանյանն անհատական ոճ ունեցող արվեստագետ է։
«Պիերոյից» մինչև «Խեղկատակի վերջին երգը», «Մհեր Մկրտչյանի դիմանկարից» մինչև «Ծիծաղ արցունքներից առաջ» և մի շարք աչքի ընկնող աշխատանքներ` գունային աշխույժ ռիթմով և բարձր տիպականությամբ, պարզապես ինքնատիպ են։
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը։ Սա հրաշալի հնարավորություն է դիտելու գույների շարունակվող խաղը։
Կարդացեք նաև
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի