«Ապրելու երկիր» կուսակցության գործընկեր եւ գաղափարակից Ռուբեն Վարդանյանը, Արցախից հեռավար կապով ողջունելով կուսակցության համագումարին, ասաց․ «Վստահ եմ, որ ձեր այս համագումարը եւ կուսակցության գործունեությունը շատ կարեւոր է լինելու ինչպես հայաստանցիների, արցախցիների, այնպես էլ մեր բոլոր հայրենակիցների համար ամբողջ աշխարհում։ Ողջունելով նոր ծրագրերը, որ ներկայացվեցին, խոսքերը, որ ասվեցին, ես ուզում եմ իմ խոսքն ասել որպես հասարակ արցախցի, որ արդեն յոթ ամսից ավելի ապրում է Արցախում։ Նախապես խոսք չեմ պատրաստել եւ ուզում եմ ասել, որ մեզ շատ պակասում է անկեղծությունը, շատ ծանր հարցերի մասին մարդկային լեզվով խոսելը։
Մենք բոլորս ասացինք, որ Արցախը մեր համար կարմիր գիծ է եւ վստահ եմ, որ «Ապրելու երկիրը» շարունակելու է իր կոնկրետ, ամենօրյա հստակ գործունեությունը, որովհետեւ դրանք զուտ խոսքեր չեն։ Դա շատ կարեւոր է։ Մենք պետք է հիշենք, որ երեխաներ են ծնվում եւ մենք ամեն ինչ անում ենք նրանց ապագայի մասին մտածելով, որ մնան իրենց հայրենիքում, մնան հայ, լինեն արժանապատիվ անձինք եւ իրենց երազանքները իրենց հայրենիքում իրացնեն։
Մի քանի օրից ապրիլի 24-ն է։ Դուք գիտեք, որ ես «Ավրորա» բարեգործական շարժման համահիմնադիրն եմ։ Երբ ես առաջին անգամ Նուբար Աֆեյանի եւ մեր մյուս ընկերների հետ խոսում էինք այն մասին, որ այն զոհի գաղափարը, որ նստած է մեր մեջ, որ մենք զոհ ենք, որ ոչ մի բան չենք կարող անել ու միշտ կախում ունենք ուրիշներից, որոնք պարտավոր են ինչ-որ բանով մեզ օգնել, եկանք համոզման, որ դա շատ վտանգավոր հիվանդություն է։ Շնորհիվ «Ավրորայի», ես հանդիպեցի շատ մարդկանց, որոնք ինձ մի բան ցույց տվեցին․ եթե ունես արժեքներ, եթե մեջդ ունես սկզբունքներ, ունես հավատ դեպի սերը, դեպի Աստված, ամեն ինչ հնարավոր է հաղթահարել։ Եվ այդ առումով Արցախում յոթ ամիս մնալը մեզ համար շատ կարեւոր էր։
Համախմբվելու շատ կոչեր են եղել, բայց գաղափարը չկա, թե ինչի շուրջ ենք համախմբվում։ Եթե համախմբվում ենք պայքարի շուրջ եւ սա ծրագիր է, ամենքս պետք է մի բան անենք, բայց ոչ թե հայտարարություններ, այլ քայլեր։ Ո՞րն է ծրագիրը, ինչպե՞ս է 120 հազար մարդ ապրելու Արցախում։ Պատասխանեք՝ ո՞նց, եթե դուք ընդունում եք, որ Արցախը Ադրբեջանի մեջ է մտնում։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ սա հայրենական պատերազմ է, որ պետք է պաշտպանենք Արցախը, որպեսզի մնա հայկական։ Եվ դա զոհեր է պահանջելու, պահանջելու է քրտինք, աշխատանք, արյուն։ Ուրիշ ճանապարհ չկա մեր հայ մնալու համար։
Կարդացեք նաև
Ես մի բան եմ խոսք տալիս։ Այն մարդիկ, որոնք այսօր ղեկավարության մեջ են։ Եթե Արցախը կորցնենք, ամեն օր դուք, ձեր երեխաները, թոռները ստանալու եք Արցախի երեխաների նկարներ, որ ամեն օր հիշեք, թե ինչ եք արել, ոնց եք ձեր ձեռքով ոչնչացրել մեր ապագան։ Բայց ես վստահ եմ, որ մենք դա երբեք թույլ չենք տա»,-ասաց Ռուբեն Վարդանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ