Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինձ բոլորովին չեն զարմացնում Ալիևի ու Փաշինյանի սինխրոն ելույթները». Աշոտ Ղուլյան

Ապրիլ 22,2023 23:30

«Արցախը նման իրավիճակում պետք է ցույց տա իր հասունությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը»,-Aravot.am-ի զրուցակիցն է 2015 -2020 թվականներին Արցախի Ազգային ժողովի նախագահ, Ազգային-ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:

Խաղաղությունը հնարավոր է, եթե մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօր, այլեւ ապագայում հստակ ամրագրենք, որ ճանաչում ենք Հայաստանի հանրապետության տարածքը՝ 29,8 հազար քառակուսի կիլոմետր, ավելի ճիշտ՝ ՀՀ տարածքը՝ Հայկական ԽՍՀ (առանց ՂարաբաղիՆ. Գ.), որի շրջանակներում մենք անկախություն ձեռք բերեցինք 1991 թվականին, և որ չունենք և երբեք չենք ունենալու տարածքային պահանջներ որևէ երկրի նկատմամբ». օրերս ԱԺ ամբիոնից կրկին հայտարարեց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով, որ Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվել էր Ադրբեջանի մաս: Երբ բանակցային սեղանին էին Մադրիդյան սկզբունքները, Դուք Արցախի հանրապետության խորհրդարանի նախագահն էիք. Ձեզ հայտնի՞ էր, որ այդ բանակցային փաստաթղթով Արցախն Ադրբեջանի մաս է կազմում, ինչո՞ւ այն ժամանակ չէիք ահազանգում:

 -Վաղուց պետք է չզարմանայինք Հայաստանի իշխող վարչախմբի կողմից պարբերաբար հրապարակ նետվող իրավիճակային շահարկումներից, սակայն քանի որ դրանք միայն ծխածածկույթ են ավելի մեծ, ճակատագրական հարցերը «հանճարեղ բացահայտումներով» քողարկելու համար, անհրաժեշտ է ոչ միայն դրանց անդրադառնալ, այլև իրականությունն այնպես պարզաբանել, որ այն հասկանալի դառնա մեր հանրության յուրաքանչյուր անդամի համար:

Անկեղծ ասած, սպասում էի Վարդան Օսկանյանի արձագանքին, ուրիշ կերպ չէր կարող լիներ, որովհետև հենց ինքը պետք է բացեր այդ խոսակցությունը, իսկ բոլոր նրանք, ովքեր գործի բերումով անմիջականորեն ներգրավված են եղել բանակցային գործընթացի մեջ և տիրապետում են նյութին ու նրբություններին, պարտավոր են իրենց իմացածը մատուցել այնպես, որ մեր հանրության չխաբեն էժանագին հնարքներով: Հաշվի առնելով, որ պարոն Օսկանյանը մանրամասնել է նյութը, համարյա «լիկբեզ» կազմակերպելով միջին վիճակագրական կառավարիչների համար, կանդրադառնամ միայն մի քանի կետերի:

90-ական թվականների բանակցությունների հիմնական նյութը (հատկապես զինադադարից հետո) եղել է ազատագրված տարածքներից (իրենց պատկերացմամբ՝  գրավյալ) հայկական զինուժի դուրսբերման ժամանակացույցի և պայմանների թեմաների շուրջ, որից հետո տևական բանավեճերի արդյունքում միջնորդները ներկայացրել են  երեք առաջարկներ՝ փաթեթային, փուլային և ընդհանուր պետության մոդելների հիմքով: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչպիսի համառ ու համոզիչ աշխատանք է իրականացվել հաջորդ 6-7 տարիներին, երբ ասպարեզ է բերվել Մադրիդյան փաստաթուղթը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ակնհայտ արձանագրմամբ:

Նրանք, ովքեր փորձում են մեր հանրության անտեղյակ հատվածին ապակողմնորոշել այն բանում, թե իբրև Մադրիդյան փաստաթղթով մենք արդեն ճանաչել ենք հարևան երկրի տարածքային ամբողջությունը, հեռու են դիվանագիտական աշխատանքի ոլորտից, բայց այդ կարգի գործիչներին հիմա կիլոմետրերով է պետք հեռու պահել բանակցություններից ու դիվանագիտությունից: Այդպիսիք, պատրաստ են ամեն ինչ վառել, կործանել, միայն թե ապացուցեն իրենց «արդարացիությունը»:

Ուրիշ բան, որ մենք երկար ժամանակ ձգտել ենք ստանալ Մադրիդյան սկզբունքների այնպիսի լրամշակում կամ նոր տարբերակ, որն ավելի ցանկալի կլիներ մեզ համար. որ այդ առաջարկների մեջ  պարտադիր լինի միայն ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որ մյուս հարցերը թողնվեն համաժողովրդական կամարտահայտությունից հետո, որ մեր անվտանգության գոտին դեռևս ինչ-որ ժամանակ մնա, որպես ապահովագրում հնարավոր վտանգներից, որ ոչ թե միջանցք, այլ մշտական ցամաքային կապ լինի ՀՀ-ի հետ և այսպես շարունակ:

Այս ամենը, սակայն, չի նշանակում, որ բանակցային գործընթացի տապալումը քողարկելու համար պետք է գլխիվայր շուռ տալ Մադրիդյան փաստաթղթի՝ մեզ համար նպաստավոր կետերը, և ամեն ինչ հասցնել աբսուրդի՝ հանրաքվեին ադրբեջանցիների մասնակցելու պայմանների, համամասնությունների, ժամկետների և այլ հարցերով: Պարտադիր չէ պրոֆեսիոնալ դիվանագետ լինել հասկանալու համար, որ այդ փաստաթղթերը միայն հիմք էին բանակցություններով ավելի նպաստավոր ձևակերպումներ ստանալու համար:

Ինչ մնում է ներկայացված մեջբերմանը, ապա այստեղ Արցախից հրաժարվելը և նույնիսկ ապագայում այդ մասին երազանքն անէացնելը չէ միայն վտանգավոր (ճիշտ կլիներ ասել՝ ողբերգական), այլև Հայաստանի կողմից իբրև թե Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ ունենալու փաստի արձանագրումն է, որ ահավոր ծանր հետևանքներ է ունենալու առաջիկայում:

Վերջին ամիսներին հաճախակի եմ փորձում եմ հասկանալ, եթե նույնիսկ այս ամենը մեր հանրության մի մասի համար անխուսափելի ու ցանկալի է թվում, ապա նրանք, ովքեր լծվել են իրականացնելու այս հրեշավոր ծրագիրը և նրանք, ովքեր ջատագով են այդ խմբերին, գիտակցում են, արդյո՞ք, այն գինը, որ մենք վճարելու ենք իրենց «անհող ու անհայրենիք» երազանքների համար:

Ինձ համար այս սարսափելի հեռանկարը պատկերվում է նման տեսարանով. երբ որևէ մարդու՝ մեկ այլ մարդ (կամ խումբ, որ պատասխանատու է) համոզում է, որ եթե քո ձեռքն ու ոտքը անդամահատեն (կներեք այս օրինակի համար), ապա դու կապրես գոհ ու երջանիկ: Սա վերջն է, մեր քաղաքական մտքի գրեթե անդառնալի դեգրադացիան:

ՀՀ ԱԺում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին զուգահեռ Իլհամ Ալիեւը խոսեց՝ «Ղարաբաղի հայերը կամ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն վերցնեն կամ ապրելու այլ տեղ գտնեն», «Հիմք ընդունելով ԱլմաԱթայի հռչակագիրը և դրանով ցույց տալով խաղաղության պայմանագրի պատրաստակամություն՝ Հայաստանն արդեն պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է», «Հիմա Ադրբեջանի բանակը շատ ավելի ուժեղ է, քան 2020 թ.: Մենք ցանկացած սցենարի պետք է պատրաստ լինենք» եւ այլն: Այս սինխրոն հայտարարություններն ի՞նչ են հուշում:

 -Այն, որ Ադրբեջանի վարչախումբն իր մտադրությունների մասին հայտարարում է պարբերաբար ու բաց տեքստով՝ վկայում է, որ այդ պահանջները նրա ռազմավարական ծրագրի մաս են կազմում և այդ երկրի իշխող ուժը հետևողականորեն աշխատում է՝ իրականացնելով հրապարակած ծրագրերը: Դրան հակառակ մենք ունենք Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունը ստանձնած և այդպիսի ծրագրով խորհրդարանում մեծամասնություն ստացած Հայաստանի իշխող ուժը ու նրա ղեկավարին, ով վերջին մեկ տարում բոլոր հնարավոր ամբիոններից իրարամերժ ձևակերպումներով համոզում է հայ ժողովրդին, որ իրենք այնքան թույլ են, որ պետք է մաս-մաս զիջեն մեր տարածքները և այդքանից հետո դեռ պարզ չէ, խաղաղություն կհաստատվի, արդյո՞ք, թե՝ չէ:

Այսպիսի համայնապատկեր ունենալուց հետո ցանկացած մեկ այլ երկրում իշխող քաղաքական ուժը միայն մեկ ճանապարհ ունի՝ հրաժարական տալը, բայց մեր դեպքում դեռ ամիսներով քննարկում ենք՝ ո՞վ է մեղավոր:

Ինձ բոլորովին չեն զարմացնում Ալիևի ու Փաշինյանի սինխրոն ելույթները: Բայց ինձ՝ որպես արցախցու, հետաքրքրում է մեր երկրի՝ Արցախի հանրապետության դիրքորոշումը: Ենթադրում եմ, որ քանի դեռ շարունակում ենք մնալ համազգային թմբիրի մեջ, պետք է մտածել ոչ ստանդարտ լուծումների մասին և ձգտել փոխել իրավիճակը: Հակառակ դեպքում ի՞նչում է ինքնիշխան պետության գործառույթը. եթե Արցախի ժողովուրդը 2022թ. տարեվերջի իր բազմահազարանոց հանրահավաքներում հայտարարել է հայկական ապագայի համար պայքարելու իր վճռականության մասին, ուրեմն գործող իշխանությունները պարտավոր են ծրագրեր մշակել այդ պայքարում մեզ դաշնակիցներ գտնելու, նոր հարաբերություններ կառուցելու և ներքին համախմբվածությունն ամրապնդելու ուղղությամբ: Արցախը նման իրավիճակում պետք է ցույց տա իր հասունությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը:

Աշխարհաքաղաքական, այդ համատեքստում նաեւ տարածաշրջանային գործընթացներն ավելի ակտիվ փուլ են մտնում: Ձեր գնահատմամբ, ի՞նչ իրավիճակ է այժմ, ի՞նչ գործընթացում ենք եւ ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

 -Տարածաշրջանային գործընթացներն ակտիվ փուլ են մտել, որովհետև խախտվել է երկար ժամանակ գոյատևած ուժերի հավասարակշռությունը, Հայաստանի հանրապետության  կողմից (Արցախի հետ միասին) երկար տարիներ պահած նժարն այժմ դատարկ է մնացել և շահագրգիռ ուժային կենտրոնները ձգտում են պահը բաց չթողնել, մի բան ավել «թռցնել» և ձևավորվող նոր անվտանգային ճարտարապետության մեջ ավելի բարենպաստ տեղ գրավել: Ընդհանրապես, հիմա ամբողջ աշխարհն է «եռում», բայց առանցքային զարգացումները մեկնարկել են «Մեծ Մերձավոր արևելքում» և դրանք դեռ շարունակվելու միտում ունեն:

Մեր դեպքում իրատեսական սցենար կարող է լինել գոնե «մուրճի և սալի արանքում» չմնալը, քանի դեռ մեր կառավարման համակարգը գտնվում է այսպիսի՝ միջինից ցածր մակարդակի վրա:

Անվտանգությանը վերաբերող հարցերում ամեն ինչ չէ, որ պետք է բաց ենթատեքստով ներկայացնել. մեկ օրինակ կարող եմ բերել անելիքների մասով. երբ 2016թ. ապրիլին մեր հարևանները գնացին նոր արկածախնդրության, հաշված օրերի ընթացքում համոզվեցին, որ թիկունքին Հայաստան ու Սփյուռք ունեցող Արցախին ընկճելն անհնարին է: Շատ քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի ուժային կենտրոնները զգան հայկական ներուժի ազդեցությունը: Հենց այդ պահից նրանք սկսեցին աշխատել Թուրքիային անմիջականորեն ներգրավվելու, վարձու ահաբեկիչներին մասնակից դարձնելու նպատակների վրա: Տարօրինակ կարող է թվալ, բայց մեզ մոտ ամեն ինչ գնաց հակառակ դասավորությամբ. դաշնակիցներին վանելու և ուժերը ջլատելու սցենարով: Բոլոր ուղղություններով խաղեր տալու քաղաքականությունը չի կարող լավ արդյունքի հասցնել:

Ակնհայտ է, որ հայկական գործոնի հաշվին իրենց դիրքերն ամրապնդելու մոլուցքով տառապող ուժերը շտապում են, բայց նրանց «աստեղային ժամը» չի կարող անվերջ լինել: Հետևաբար, մենք ամեն գնով պետք է ձգտենք կասեցնել իրադարձություններն արագացնելու նրանց ծրագրերը:

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Էսպիսի մարդիկ են ղեկավարել Արցախը, դրա համար էլ էս օրին ենք: Ցավն այն է, որ այս մարդիկ երբեք պատասխան չեն տալու ժողովրդին տասնամյակներով խաբելու, մոլորեցնելու համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930