Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան․ «Հայորդիները շարունակում են անհեթեթ հանգամանքներում զոհվել, իսկ օրվա իշխանությունները զբաղված են իրենց գահավիժող վարկանիշը փրկելու փորձերով»

Ապրիլ 22,2023 22:55

«Ապրելու երկիր» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն իր խոսքը սկսեց՝ անդրադառնալով Արցախում ապրող երեխաներին, որոնք  ամուր ու պինդ կանգնած են իրենց հայկական հողում, եւ մենք պարտավոր ենք դա ամեն օր հիշել։ Նա նշեց, որ «Ապրելու երկիր» կուսակցության 2-րդ համագումարը, ցավոք սրտի, ընթանում է դժնդագին պայմաններում։ «Մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը, գտնվում է շրջափակման մեջ եւ էթնիկ զտման վտանգի առջեւ, իսկ Հայաստանը՝ անհագուրդ թշնամու նշանառության տակ։ Երկրի անկայուն անվտանգային համակարգը խոցելի է դարձրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Իշխանությունների անգործության ու անհեռատեսության հետեւանքով երկրի առնվազն 150 քառակուսի կիլոմետր տարածքը գտնվում է թշնամու օկուպացիայի ներքո։ Ու շարունակում են անհեթեթ հանգամանքներում զոհվել հայորդիները, իսկ օրվա իշխանությունները զբաղված են իրենց գահավիժող վարկանիշը փրկելու փորձերով»,- ասաց տիկին Թանդիլյանը եւ հավելեց, որ հայ ժողովուրդը գտնելու է լուծումներ այս իրավիճակից, որովհետեւ մեզ բնութագրում են ոչ թե մեր խնդիրները, այլ դրանց լուծումները։

«Մենք վերականգնելու ենք այն ամենակարեւորը, որ ընկած է առաջ գնալու կարողության հիմքում՝ հույսը։ Եվ այդ հույսը պատրանք չէ, դա կարող մարդիկ են, դա նվիրում է, արհեստավարժություն է, դա համառ հետեւողականություն է տեղ հասնելու՝ սահմանելով այդ տեղը որպես հայոց երազանք, ուժեղ, ապահով, անվտանգ պետություն, կիրթ եւ բարեկեցիկ հասարակությամբ»։

Իսկ այդ ամենին հասնելու համար նախ պետք է գտնել մեր հենման կետերը, որ թվում է, թե 2020 թվականի պատերազմից հետո արդեն չկան, գոնե տեսանելի չեն։ «Բայց դա այդպես չէ։ Եվ երբ չգիտես որտեղից սկսել, պետք է սկսել սկզբից»,-ասաց տիկին Թանդիլյանը՝ հորդորելով վերաիմաստավորել անցյալը, օգտագործել առկա բոլոր հնարավորությունները։ Նրա խոսքով հենման կետ պետք է դառնա մեր ինքնությունը, մեր սփյուռքը՝ իր մարդկային ներուժով, գիտությունը, գիտելիքահեն տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաների վրա հենված անվտանգությունը։

«Այսպիսի կետեր էլի կան եւ «Ապրելու երկիր» կուսակցությունը այդպիսի կետերը վերագործարկելու է»,-ասաց Մանե Թանդիլյանը՝ ավելացնելով, որ նախատեսում են որակապես նոր մակարդակի վրա դնել ինչպես քաղաքական, այնպես էլ հանրային քննարկումները՝ մերժելով ատելության խոսքը, հայհոյախառն հռետորաբանությունը, անհիմն քննադատությունն ու զրպարտանքը, պոպուլիզմը։ Եվ այդ ամենն իրենք արել են սեփական օրինակով, խոսույթով, քաղաքական վարքագծով։

«Մեր կուսսակցությունը ամենայն պատասխանատվությամբ, արդյունավետությամբ եւ հետեւողականորեն իրականացնում է իր որդեգրած մարտավարությունը՝ ընտրությունների միջոցով, հնարավորինս անցնցում երկրում իրականացնել իշխանափոխություն»,-ասաց կուսակցության նախագահը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930