Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան․ «Մենք կարող ենք եւ ունենալու ենք հզոր պետություն, որտեղ ապրելը լինելու է երջանկություն, իսկ մենք որպես կուսակցություն, հանձնառու ենք դա անել»

Ապրիլ 22,2023 21:45

«Ապրելու երկիր» կուսակցության համագումարում կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ելույթում ասաց․ «Երբ երկու տարի առաջ տեղի ունեցավ կուսակցության համագումարը, ակնհայտ էր, որ 44-օրյա պատերազմից ամիսներ անց արդեն Հայաստանի եւ Արցախի շուրջ ծառացած նոր մարտահրավերները լուրջ վտանգ են ներկայացնում մեր հայրենիքի համար եւ պետության, հայության բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեին այդ մարտահրավերների դիմակայմանը։ Բայց ինչ ունեցանք այս երկու տարվա ընթացքում։ Հերթական կորցրած տարիները, որոնց արժեքը գնալով ավելի կարեւոր է դառնում, ավելի անդառնալի։ Իշխանությունները երկու տարվա ընթացքում այդպես էլ չեն հասկացել մի պարզ բան, որ խաղաղության օրակարգի հաստատումը պայմանագիր ստորագրելով չի լինում։ Ունենք բազմաթիվ պայմանագրեր, որոնք մնացել են պատմության դասագրքի էջերում, իսկ Արցախի վերաբերյալ վերջին փաստաթուղթը խախտված է արդեն 132 օր եւ մեր հայրենակիցների մի մասը տոտալ շրջափակման մեջ է ի հեճուկս խաղաղության դարաշրջանի։

Խաղաղության հաստատման համար մենք ունենք մեկ ճանապարհ՝ ունենալ հզոր անվտանգային համակարգ։ Ընդ որում, անվտանգություն բառի լայն իմաստով՝ ռազմական անվտանգություն, նյութական անվտանգություն, տեղեկատվական անվտանգություն, տնտեսական անվտանգություն եւ այլն։

Իսկ ինչ ունենք այսօր։ Պատերազմից 2,5 տարի անց շարունակում են խոցելի մնալ մեր սահմանները։ Եվ միայն մեր զինվորների նվիրական պայքարի միջոցով է, որ կորուստները սահմանափակված են այսքանով։ Իսկ Տեղ համայնքում կատարվածը դուրս է ցանկացած տրամաբանությունից, երբ ութ ամիս առաջ իմանալով սահմանային փոփոխության մասին, ինժեներական աշխատանքներ են իրականացվում սահմանային փոփոխությունից երկու շաբաթ անց։ Այսինքն, բացահայտ անգործության ու փնթիության պատճառով ունեցանք հերթական զոհերը եւ տարածքային կորուստները։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի բռնապետ իշխանությունը կանգ չի առնելու եւ հոխորտացող հռետորաբանությունն ու գործունեությունը նպատակ ունեն շարունակել թուլացնել Հայաստանն ու Արցախը՝ օրակարգում չունենալով խաղաղություն հաստատելու որեւէ մտադրություն։ Արդյունքում իշխող ուժը խաղաղության ինքնախաբեության օրակարգը ամեն օր փորձում է հրամցնել հանրությանը՝ դրան գումարելով Արցախից հրաժարվելու ծրագիրը ու բացահայտ հայտարարելով, որ Արցախի հարցում իշխանությունը որեւէ անելիք չունի, հրաժարվում է ոչ միայն հազարավոր զոհերի թափված արյունից, մեր պատմական  ձեռքբերումներից, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրից եւ նույնիսկ կառավարության իր ծրագրից։ Անկանոն, անհետեւողական անվտանգային եւ արտաքին քաղաքականության արդյունքում ծայրահեղ վտանգված է Արցախի վիճակը, իսկ Հայաստանի սահմանները խիստ խոցելի են։

Ինչ անել։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ մարտահրավեր՝ ստեղծել հզոր անվտանգային համակարգ եւ դրան ուղղել մեր բոլոր ռեսուրսները Հայաստանից, Արցախից, սփյուռքից։ Անհրաժեշտ է էականորեն փոխել տնտեսության կառուցվածքը, շինարարության, առեւտրի եւ ծառայության ոլորտների գերակայության փոխարեն ռազմարդյունաբերության, գիտության եւ բարձր տեխնոլոգիաների համադրմամբ։ Վստահ եմ, որ հայ ազգի ռեսուրսներն ի զորու են շատ կարճ ժամանակահատվածում ռազմարդյունաբերության ոլորտում արձանագրել հաջողություններ, որը Հայաստանի եւ Արցախի անվտանգության համար կհանդիսանա շատ կարեւոր նախադրյալ։ Բանակաշինության բացթողումները շտկելու համար կարիք ունենք անելու շտկումներ, քանի որ բանակը ոչ միայն զենք ու զինվոր է, այլ ճիշտ եւ արդյունավետ կառավարում։

Իհարկե, Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա ազդում է նաեւ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային գործընթացները։ Եվ այդ կապակցությամբ արդյունավետ քաղաքականությունը պակաս կարեւոր չէ մարտահրավերներին դիմակայելու համար։ Արտաքին ոլորտում անընդհատ մանեւրելու, բոլորին պարբերաբար մեղադրելու փոխարեն պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն․ որեւէ մեկը մեզ ոչինչ պարտք չէ, որեւէ մեկը մեր անվտանգությունը չի պահելու, եթե ինքներս դա չանենք։ Լավագույն դեպքում մենք կարող ենք ունենալ դաշնակիցներ, ովքեր մեզ կարող են օգնել, համագործակցել։ Բայց  ոչ երբեք մեր փոխարեն աշխատել եւ պայքարել։

Այսօրվա աշխարհը, ցավոք, խախտել է իր իսկ կողմից ընդունված բազմաթիվ համամարդկային նորմեր եւ երկակի, եռակի ստանդարտները կիրառվում են պարբերաբար, որոնց զոհ են գնում թույլերը, իսկ ուժեղները ավելի են ուժեղանում։ Հետեւաբար, մեր ամուր արտաքին  քաղաքականության համար մեր ուժեղանալը այլընտրանք չունի։ Եվ այս փաստը ապացուցելու կարիք չունի, բայց հիշենք, թե ինչպես էր միջազգային հանրությունը արձագանքում Արցախի շրջափակմանը պայքարի առաջին շաբաթներին։ Իսկ թե ինչպիսի մոռացություն է հիմա, դա նաեւ պայքարի բացակայության հետեւանք է»-ասաց պարոն Առաքելյանը եւ նշեց, որ անհրաժեշտ է մեր արտաքին քաղաքականության մեջ մեծ կարեւորություն տալ բնական դաշնակից Իրանին, արաբական երկրներին, Հնդկաստանին, Չինաստանին։ Կուսակցությունը վստահ է, որ նոր բազմաբեւեռ աշխարհում Հայաստանը կարող է օգտվել նոր հնարավորություններից՝ պրոֆեսիոնալ ղեկավարում ունենալու պարագայում։

«Որպես պետություն եւ ժողովուրդ մենք ունենք հզոր պետություն կերտելու տեսլականը որպես հավաքական երազանք եւ նպատակ ամրագրելու կարիք։ Մենք պարտավոր ենք դադարել լաց լինել, հուսահատվել։ Մենք կարող ենք եւ ունենալու ենք հզոր պետություն, որտեղ ապրելը լինելու է երջանկություն։ Մենք որպես կուսակցություն հանձնառու ենք այդ նպատակի եւ երազանքի կերտման գործում առաջնորդել հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը։ Մենք որպես կուսակցություն հանձնառու ենք պայքարել հանուն Արցախի, Արցախի ժողովրդի ազատ եւ անկախ ապրելու  իրավունքին»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930