Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնասիրվել են հոգեբուժական հաստատությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը

Ապրիլ 22,2023 21:55

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները ապրիլի 20-ին չհայտարարված այց են իրականացրել «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ:

Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հաստատությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը:
Այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս համար աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Հարկ է ընդգծել, որ նախորդ այցի համեմատ հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ կառուցվել և վերանորոգվել են սանհանգույցներ, բարելավվել է բժշկական փաստաթղթերի վարման պրակտիկան:
Միևնույն ժամանակ, այցի արդյունքում արձանագրվել են հետևյալ խնդիրները.

  • հաստատությունը գերբնակեցված է, պահպանված չէ բուժառուների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, սենյակներում առկա են իրար կիպ կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ,
  • հաստատությունն ունի վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են, անկողնային պարագաները հնամաշ են, առկա է կողապահարանների և պահարանների պակաս կամ բացակայություն,
  • հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք,
  • արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ, օրինակ՝ հիվանդության պատմագրում չի հիմնավորվել զսպման միջոցի կիրառման անհրաժեշտությունը,
  • բուժառուները հիմնականում կրել են հնամաշ հագուստ,
  • արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ. չանհատականացվող հագուստը լվացվելուց հետո բուժառուներին բաժանվել է պատահականության սկզբունքով,
  • արձանագրվել են բուժառուների լոգանքի կազմակերպման հետ կապված խնդիրներ,
  • առկա է բուժառուներին զբաղվածությամբ ապահովելու անհրաժեշտություն,
  • առկա է հաստատության բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն,
  • առկա են բուժառուների հոգեբանական աջակցության տրամադրման հետ կապված խնդիրներ,
  • հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են,
  • հաստատության միակ տաքսաֆոնից հնարավոր չի եղել զանգահարել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այլ իրավասու պետական մարմինների թեժ գծի հեռախոսահամարներին և այլն:

Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ:
Խնդիրները կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթն՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Կարևոր է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի, աշխատանքային և սոցիալական երաշխիքների ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այդ համատեքստում կարևոր է նաև, որպեսզի հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, շարունակաբար բարելավվեն:

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930