Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքի գյուղոլորտի մարտահրավերները՝ «Միասին Սյունիքի համար» աշխատաժողովում (ֆոտոշարք)

Ապրիլ 22,2023 20:20

Գորիսում կայացած «Միասին Սյունիքի համար-գյուղատնտեսություն» աշխատաժողովին բացի ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներից, համայնքների ղեկավարներից ու մարզային այլ կառույցների աշխատակիցներից, մասնակցեցին նաեւ Սյունիքի մարզում գործունեություն ծավալող  եւ գյուղատնտեսության ոլորտում ծրագրեր իրականացնող 23 միջազգային կազմակերպության պատասխանատուներ։ Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի պետ Էդիկ Բունիաթյանը մանրամասն ներկայացրեց Սյունիքի գյուղատնտեսության ոլորտի ճյուղերը, զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները։

Սյունիքի մարզի գյուղատնտեսական հողերից արոտավայրերը կազմում են 145.400 հեկտար, որից գրեթե 50 տոկոսն է օգտագործվում։ 43900 հեկտար վարելահողերի 86 տոկոսը, 8300 հա խոտհարքների՝ 51 տոկոսն է օգտավործվում։ Այգիները կազմում են 1100 հեկտար, որից օգտագործվում է 75 տոկոսը։ Հաշվի առնելով վերջին տարիներին Սյունիքում ստեղծված անվտանգային միջավայրը` մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կարծիքով՝ մարզում մշակովի պետք է դարձնել նոր տարածքներ։

«Սահմանի ու հատկապես նոր առաջնագծի հետ կապված՝ մարզում կան տարածքներ՝ արոտավայրեր, խոտհարքներ, որոնք դարձել են դժվար հասանելի քաղաքացիների համար։ Այս իմաստով շատ կարեւոր է, որ կազմակերպենք բարձրարժեք անասնակերի արտադրություն, նոր ցանքսեր անենք ու այս լուծումներով պետք է կարողանանք 1 քառակուսի մետր տարածքից ավելի շատ բերք ստանալ»,-նշեց մարզպետը։

Նրա խոսքով՝ վերջին երկու տարում «Սյունիքի մարզի զարգացման ու ներդրման հիմնադրամը» տարբեր ֆինանսական աղբյուրների ներգրավմամբ (հիմնականում պետական) գյուղոլորտին ներդրվել է ավելի քան 1 մլրդ դրամի աջակցություն։ Գումարի 40 տոկոսը որպես փոխհատուցում տրվել է բնակիչներին՝ կորսված ընտանի կենդանիների դիմաց, մյուս մասը օգտագործվել է փոքր եւ միջին գյուղտեխնիկայի ձեռքբերման համար։

Միջազգային կազմակերպության ներկայացուցիչները խոսեցին մարզում իրականացվող եւ նախատեսված ծրագրերի մասին՝ նշելով, որ ներդրումները Սյունիքում կմեծանան։ Ի դեպ, էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության աշխատակից Մարգարիտ Միրզոյանը նշեց, որ գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերից օգտվելու ամենացածր տոկոսը Սյունիքում է։ Առկա 12 ծրագրերից մարզի գյուղատնտեսները միայն 7 ծրագրի համար են դիմել։ Հնարավոր պատճառներից նշելով տեղեկատվության պակասը՝ նա խնդրեց մարզային ու համայնքային իշխանության մարմիններին իրազեկման աշխատանքներ տանել։

Հիշեցնենք, որ 2022թ. նոյեմբերին Սյունիքի մարզպետարանն առաջին անգամ կազմակերպեց «Միասին Սյունիքի համար» աշխատաժողովը, որին մասնակցում էին մարզի բոլոր ոլորտներում ծրագրեր իրականացնող միջազգային կառույցները։

Որպես դրա տրամաբանական շարունակություն՝ որոշվել էր, որ նման աշխատաժողովներ կկազմակերպվեն  նաեւ ըստ առանձին ոլորտների։ Առաջինը գյուղատնտեսությանն առնչվող այս աշխատաժողովն էր, իսկ հաջորդին կքննարկեն առողջության ոլորտում առկա խնդիրները:

Սյունիքի գյուղատնտեսական ապագային նվիրված աշխատաժողովի աշխատանքներին մասնակցեց նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության խորհրդական Սմբատ Ղահրամանյանը։

Աշխատաժողովի այլ հետաքրքիր մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930