«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Մաշտոցյան Մատենադարանի հետ մի շարք ծրագրեր է իրականացրել: Մասնավորապես 10 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել Մատենադարանին` «Թվային Մատենադարան» ծրագրի շրջանակում, որի նպատակն է առցանց հարթակում ներկայացնել Մատենադարանի հիմնական ցուցասրահը, «վիրտուալ ճանապարհորդություն» կատարելու դեպի հայերեն ձեռագրերի՝ աշխարհի ամենահարուստ եւ եզակի թանգարաններից մեկի կենտրոնական սրահ: Որպես Մատենադարանի կայքի առանձին բաժին՝ «Թվային Մատենադարանը» կլինի տեքստային եւ աուդիո տեղեկատվական բացատրություններով ուղեկցվող վիրտուալ ցուցադրություն:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանն այդ առիթով նշել էր, որ նախագիծը կարեւոր քայլ է Մատենադարանում պահվող հարուստ ժառանգությունը թվային տիրույթի միջոցով հանրահռչակելու եւ աշխարհին հասանելի դարձնելու ուղղությամբ: Եվ ուրախությամբ փաստել էր, որ այդ կարեւոր գործում կրկին Մատենադարանի կողքին է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:
Սա «Ավրորայի» հինգերորդ դրամաշնորհն է Մատենադարանին, որը հատկացվում է «Ավրորա» դրամաշնորհներ ծրագրի եւ «Armenian Memory Act» նախագծի շրջանակում: «Ավրորա» դրամաշնորհներ ծրագրով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները ցանկանում են հարգանքի տուրք մատուցել իրենց նախնիներին փրկողներին՝ օժանդակելով կրթական ձեռնարկումների եւ պահպանելով հայկական ժառանգությունը՝ միաժամանակ բարձրացնելով իրազեկությունը մարդասիրական ջանքերի եւ հայկական պատմության վերաբերյալ:
Դեռեւս 2015 թ. դրամաշնորհով «Ավրորան» հնարավորություն էր տվել Մատենադարանին ձեռք բերելու ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում, եւ արդյունքում թվայնացնելու ավելի քանի 4324 միավոր ձեռագրեր, արխիվային նյութեր եւ հնատիպ գրքեր: 2016 թ. դրամաշնորհով տասը գիդ-էքսկուրսավարներ վերապատրաստվել էին Գերմանիայում: 2017-20 թթ. «Ավրորան» օգնել էր Մատենադարանին կազմակերպելու 50-ից ավելի դասախոսություններ գիտնականների եւ հետազոտողների համար, ինչպես նաեւ ստեղծելու հայ գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզ՝ օժանդակելով գիտահետազոտական ինստիտուտի կրթական եւ ակադեմիական այլ ծրագրերին:
Կարդացեք նաև
2021 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց այդ տարվա «Ավրորայի» հերոսներին, որոնց անունները արձանագրվեցին 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» եզակի ձեռագրում: Այն «Ավրորայի» յուրահատուկ տարեգիրքն է, որը ներկայացնում է «Ավրորայի» հերոսների եւ դափնեկիրների պատմությունները, արտացոլում «Ավրորա» մրցանակի ունեցած ազդեցությունը:
Խորհրդանշական էր, որ արարողությունը տեղի ունեցավ Մատենադարանում, որտեղ ավելի քան 23.000 հնագույն ձեռագիր է պահվում: Այստեղ «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը միակն է, որ ստեղծվել է 21-րդ դարում՝ համաձայն հայկական հնագույն բոլոր ավանդույթների եւ օգտագործելով միայն բնական նյութեր, ինչպես արել են դարերի ընթացքում:
Մատենադարանի միջազգային կապերի բաժնի ավագ մասնագետ Սոնա Բալոյանի խոսքով, երկար տարիներ է, ինչ Մատենադարանը հրաշալի համագործակցություն է ձեռք բերել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ եւ համատեղ ծրագրեր իրականացրել. «Դրանցից մեկն էլ հայկական գրչօջախների ինտերակտիվ քարտեզի ստեղծումն էր: Այդ բացառիկ հարթակում հավաքված են 100-ից ավելի այն գրչության կենտրոնները, որտեղ ստեղծվել են ձեռագրեր: Առաջին անգամ է նման շտեմարան ստեղծվում»:
2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները կայացան Վենետիկում: Մասնավորապես հոկտեմբերի 9-ին Սուրբ Ղազարում՝ Մխիթարյան միաբանության եկեղեցում տեղի ունեցավ համերաշխության աղոթք՝ հոգեւոր եւ պետական առաջնորդների, միջազգային մարդասիրական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ երգչախմբի կենդանի կատարումներով:
Այսպիսով՝ «Մատյան մարդասիրաց» ձեռագիրն առաջին անգամ դուրս բերվեց Մատենադարանից եւ տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի, որտեղ 1512 թ․ հրատարակվել է առաջին հայալեզու տպագիր գիրքը:
Խոսելով «Մատյան մարդասիրացի» խորհրդի մասին, Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակի ընտրող հանձնաժողովի անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը փաստեց, որ նման երեւույթ երբեք չի եղել Մատենադարանում, ու այդ առումով գաղափարը բացառիկ է:
Մատենադարանի այն ժամանակվա տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի խոսքով, հայության համար սրբազան վայր համարվող Մատենադարանի ավելի քանի 20 հազար հնագույն ձեռագրերին ավելանում է եւս մեկը, որը նոր է ստեղծվել. «Երբ նոր էր ներկայացվում ձեռագիրը, թվում էր, թե այն մեր ժամանակների հերոսների մասին է, բայց տարեց տարի այն դառնում է պատմություն: Ու կասկած չկա, որ ժամանակի ընթացքում այս ձեռագրի արժեքը միայն կմեծանա»:
«Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն օրը բնորոշել էր հուզիչ եւ կարեւոր, քանի որ, նրա խոսքով, պատմությանը եւ ժամանակին հանձնվում է նոր ձեռագիր՝ «Մատյան մարդասիրացը», եւ առաջին անգամ 21-րդ դարում ստեղծված ձեռագիրը մնալու է Մատենադարանում՝ հազարավոր հին ձեռագրերի կողքին: Նա նաեւ հույս էր հայտնել, որ գաղափարը պատմություն ու կարեւորություն կունենա ապագա սերունդների համար:
«Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը եւս օրը պատմական էր որակել՝ թե «Ավրորայի» ձեռնարկի առումով, եւ թե Մատենադարանի նորաշունչ պատմության մեջ՝ նշելով, որ այսուհետեւ հավերժանալու են անուններ այս մատյանում՝ հաստատելով «Ավրորա» եւ Մատենադարանի համատեղ օրակարգը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝ Մատենադարանի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության