Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգ՝ նվիրված ռուս ականավոր կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակին

Ապրիլ 22,2023 16:16

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված ռուս ականավոր կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակին։

Դահլիճի նախասրահում հյուրերը ծանոթացան «Ռախմանինովյան վայրեր» ինտերակտիվ ցուցադրությանը, որտեղ ներկայացվեցին դաշնակահար, դիրիժոր, հասարակական գործիչ Սերգեյ Ռախմանինովի կենսագրությունից բացառիկ փաստեր և լուսանկարներ, որոնցից շատերը ցուցադրվում էին առաջին անգամ։ Նյութերը տրամադրել էր ռուսական մշակութային ժառանգության պահպանման «Իվանովկա» արգելոց-թանգարանը։

«Ռուս հանճար Ռախմանինովի անունը հայտնի է ամբողջ աշխարհում։ Ականավոր կոմպոզիտորի, դաշնակահարի և դիրիժորի բազմակողմանի գործունեությունը կարևոր հանգրվան է ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային երաժշտական մշակույթի պատմության մեջ: Երաժշտի հոբելյանն այսօր նշում են աշխարհի շատ երկրներում և մենք ուրախ ենք, որ ականավոր վարպետի հիշատակը պահպանվում է նաև Հայաստանում։ Մեծ ոգևորությամբ ընդունվեց արվեստի գործչին նվիրված ստեղծագործական երեկո կազմակերպելու նախաձեռնությունը։ Հանդիսատեսը ոչ միայն կլսի Ռախմանինովի փառահեղ ստեղծագործությունները, այլև հետաքրքիր փաստեր կբացահայտի նրա կյանքից, որտեղ, կարելի է տեսնել նաև հայկական հետքը», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը հաճախ էր խոսում Ռախմանինովի վարպետության մասին։ Ինքը՝ Ռախմանինովը, երաժշտություն է գրել նաև հայ բանաստեղծների, այդ թվում Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա։ Համերգային ծրագիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության յուրօրինակ խորհրդանիշ էր։

Ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Կարեն Շահգալդյանը  շնորհակալություն հայտնեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին արդյունավետ գործակցության համար՝ ընդգծելով, որ կենտրոնն այն եզակի հաստատություններից է, որը մեծ ուշադրություն է դարձնում հասարակության շրջանում արվեստի մասսայականացմանը՝ մշտապես խրախուսելով ստեղծագործական նախաձեռնությունները և նպաստելով մշակութային գործիչների միջև երկխոսության հաստատմանը:

Համերգի ծրագիրը բացվեց «Ֆանտազիա» ստեղծագործությունը երկու դաշնամուրի համար՝ Արմինե Գրիգորյանի և Սոնա Բարսեղյանի կատարմամբ: «Գեղեցկուհի, մի երգիր ինձ մոտ» ռոմանսը և «Ալեկո» օպերայից «Հին ամուսին» արիան հնչեցին Կատարինա Ֆարզադյանի կատարմամբ: Համերգի ավարտին հնչեց N2 էլեգիական տրիոն, որը կատարեցին ջութակահար Կարեն Շահգալդյանը, Ռուսաստանից թավջութակահար Դմիտրի Պրոկոֆևը և դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:

Առաջիկայում Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ միջոցառումներ կլինեն՝ նվիրված հայ և ռուս մի շարք անվանի գործիչների հոբելյաններին: Մայիսի 5-ին Գյումրիում տեղի կունենա համերգ՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին:

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930