Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացել էր ժառանգություն, ըստ որի՝ հայկական կողմը բանակցող կողմ էր: Փաշինյանի օրոք ՀՀ իշխանությունները, հայկական կողմը, Արցախի հարցն ուղղակի բանակցության առարկա դարձան. Հակոբ Հակոբյան. «Փաստ»

Ապրիլ 22,2023 11:02

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Արցախի ԱԺ-ն, արձագանքելով, հայտարարեց Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարությունների անթույլատրելիության մասին: Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծել է, որ Փաշինյանն իր հայտարարություններով արդարացնում է Ալիևին:

«Իր հայտարարություններով ու գործունեությամբ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոշիացնել 30 տարվա բանակցային այն ամբողջ կապիտալը, որը տարիների ընթացքում ձեռք էր բերել հայկական կողմը: Մի քանի տարի առաջ հայտարարեց, թե իր զրոյական կետից է սկսելու: Որպեսզի կարողանար իր զրոյական կետից սկսել ու արդեն հիմա ավարտին հասցնել այն մտադրությունները, որոնց համար եկել էր իշխանության, անհրաժեշտ էր փոշիացնել և հերքել հայկական կողմի այն փաստարկները, որոնցով տարիներ շարունակ կարողացել են նստել բանակցային սեղանի շուրջ: Այդ բանակցային փաստարկներով շատ հաճախ Ադրբեջանին դրել են այնպիսի իրավիճակում, որ Ալիևը նույնիսկ հայտարարել էր, թե փակ սենյակներում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ու որպեսզի Փաշինյանը կարողանա չարիքի բերած իր քաղաքականությունը ավարտին հասցնել, այսօր արդեն բացահայտ փորձում է արդարացնել Ալիևի քաղաքականությունը»,ասաց Հ. Հակոբյանը՝ նշելով, որ այն, ինչի մասին Փաշինյանը ապրիլի 18-ին հայտարարում էր ԱԺ բարձր ամբիոնից, բանակցությունների ժամանակ այդ նույն փաստարկներով փորձել են ճնշել Նիկոլ Փաշինյանին, որոնց կա՛մ չի կարողացել, կա՛մ չի ցանկացել հակադարձել:

«Իր հայտարարություններով Փաշինյանն այսօր արդարացնում է Ալիևի վարած այն քաղաքականությունը, որի հետևանքով նույն Ալիևը չի պահպանել միջազգային իրավունքի հիմնարար կետերը՝ տարածքային ամբողջականության պահպանումը, ինքնորոշման իրավունքի հարգումը և ուժի չկիրառումը: Փաստացի Ալիևն իր քաղաքականությամբ խախտել է այդ 3 կետերը, ու այսօր ՀՀ փաստացի վարչապետը թվարկված արարքների համատեքստում արդարացնում է Ալիևին»,հավելեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով բանակցային գործընթացին Փաշինյանի իշխանության գալուց առաջ, խոսելով այսօր նրա կողմից հնչեցրած նաև այն պնդման մասին, թե «Մադրիդյան սկզբունքներով» Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչվել, Հակոբ Հակոբյանը նշեց, որ եթե ընդհանուր դիտարկենք 2018-ից հետո տեղի ունեցող գործընթացները, կարող ենք միայն մեկ և ակնառու հանգամանքի մասին փաստել:

«Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իր ասած նախկին իշխանություններից ստացել էր մի ժառանգություն, ըստ որի՝ հայկական կողմը բանակցող կողմ էր, սեղանի շուրջ որպես բանակցության կողմ էր նստած: Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՀ իշխանությունները, հայկական կողմը, Արցախի հարցն ուղղակի բանակցության առարկա դարձան: Նիկոլ Փաշինյանի ձեռամբ հայկական կողմը դուրս մղվեց բանակցություններից և դրվեց սեղանի վրա: Այսօր, ցավոք, հայկական կողմը ոչ թե բանակցում է, այլ հայկական կողմի մասին բանակցում են այլ պետությունները, իսկ հիմնական դերակատարն Ադրբեջանի Հանրապետությունն է, Նիկոլ Փաշինյանն էլ պարզապես տրվում է այդ իրադարձություններին:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930