Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանը մշտապես եղել է թուրքական քաղաքականության թեժ խնդիր». ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ապրիլ 22,2023 10:08

«Ամերիկայի ձայն». Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն այսօր սառեցված է Թուրքիայում գալիք ընտրությունների պատճառով: Ինչ սպասել ընտրությունների արդյունքում: Առկա են տարբեր տեսակետներ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը իր թվիթերյան գրառման մեջ «արդյունավետ» է որակել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնի այցը Հայաստան: Ըստ դեսպանի գրառման, Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումների շարքում փոխպետքարտուղարի տեղակալի ապրիլի 17-ին հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ:

Ամերիկյան կողմը մանրամասնություններ չի հաղորդել հանդիպումից, իսկ հայկական կողմի տրամադրած տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Ըստ ՀՀ ԱԺ-ի մամլո հաղորդագրության՝ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնը հանդիպմանը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին:

«Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության շուտափույթ իրագործման կարեւորությունը», տեղեկացնում է Հայաստանի խորհրդարանի հաղորդագրությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տարբեր առիթներով իր աջակցությունն է հայտնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ շեշտելով, որ այն դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա։ Ըստ ամերիկյան կողմի՝ հայ-թուրքական երկխոսությունը նպաստում է տարածաշրջանային կայունությանը ու տարածաշրջանի տնտեսական զարգացմանը:

Չնայած հայ-թուրքական գործընթացի մի շարք ձեռքբերումների, ներառյալ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագետների համար սահմանի բացման պայմանավորվածություններն ու օդով առևտրային կապի զարգացումը՝ այսօր Թուրքիան գտնվում է ակտիվ նախընտրական շրջանում, որն, ըստ վերլուծաբանների, ազդում է Հայաստան-Թուրքիա գործընթացի վրա: Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկու կարծիքով՝ Թուրքիայի ապագան այսօր բավականին անորոշ է՝ հաշվի առնելով մայիսին կայանալիք ընտրությունները: Նախագահ Էրդողանը դժվար կացության մեջ է, քան երբևէ եղել է նախկինում, պնդում է Սթրոնսկին:

«Հայաստանը մշտապես եղել է թուրքական քաղաքականության թեժ խնդիր, ուստի պետք է հետևել, թե ինչպես կընթանան ընտրությունները Թուրքիայում, ինչ տեղի կունենա ընտրություններից հետո, ինչպիսի կոնֆիգուրացիա կունենա նոր իշխանությունը, լեգիտիմություն ինչ աստիճան կունենա այն ավելի լայն մտածելու ու համարձակ գործելու համար։ Կարևոր է նաև, թե ինչպիսի ազդեցություն կունենա Ադրբեջանը Թուրքիայի նոր քաղաքական միջավայրում»,- ասում է Սթրոնսկին:

Թուրքիայում ընտրությունների կարևորությունը և դրա հետ կապված անորոշությունը ընդգծում են նաև ամերիկացի օրենսդիրները: ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը Ամերիկայի ձայնի հայկական ծառայությանը տված հարցազրույցում կարևորում է մայիսին կայանալիք ընտրությունները:

«Հուսով եմ, որ միգուցե կտեսնենք մի կառավարություն Թուրքիայում, որն իրականում կունենա այլ տեսլական, հակառակ ներկա կառավարության մոտեցումներին, թե ինչպես է ցանկանում Թուրքիան ներգրավել տարածաշրջանում, ինչպես է նայում իր անցյալին և ինչպես է պատրաստվում կառուցել իր ապագան»,- ասել է սենատոր Մենենդեսը:

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի անդամ, կոնգրեսական Ջիմ Կոստան իր հերթին գտնում է, որ եթե Թուրքիայում ընտրություններից հետո պահպանվի ստատուս-քվո, ապա դժվար է հավատալ, որ Էրդողանը կփոխի իր մոտեցումները Հայաստանի հանդեպ:

«Եթե Թուրքիայում ձևավորվի նոր կառավարություն, ապա ես հույսեր կունենամ, որ այն ոչ միայն կորդեգրի այլ քաղաքականություն Հայաստանի հանդեպ, այլ նաև իրեն կդրսևորի որպես ՆԱՏՕ-ում իրական գործընկեր»,- ասել է նա:

Իր հերթին, ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի անդամ, կոնգրեսական Բրեդ Շերմանը վստահ չէ, որ Էրդողանի օրոք հնարավոր է հասնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Ես հետևել եմ Էրդողանի գործողություններին և գտնում եմ, որ փոփոխությունը կլինի դրական, շեշտել է Հայկական հանձնախմբի անդամ, կոնգրեսական Շերմանը:

Սակայն Բրուքինգս ինստիտուտի վերլուծաբան Ասլի Այդինթաշբաշի կարծիքով՝ Թուրքիան կայացրել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ռազմավարական որոշում։ Ժամանակացույցը խնդրահարույց է, քանի որ այն շատ արագ առաջ չի շարժվում, բայց սա Էրդողանի անձնական որոշումը չէ, ոչ էլ քաղաքական որոշում է, Ամերիկայի ձայնի հայկական ծառայության հետ զրույցում պնդում է Այդինթաշբաշը։

«Դա Թուրքիայի պետության կողմից ընդունված որոշում է։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է։ Դա որոշում է, որն ամեն դեպքում կպահպանվի, եթե անգամ Էրդողանի կառավարությունը մայիսի կեսերին պարտվի ընտրություններում: Անկախ նրանից՝ կմնա Էրդողանը իշխանության, թե ոչ, կարծում եմ՝ Թուրքիան կգնա այս ճանապարհով»,- պնդում է թուրք փորձագետը:

Նա, սակայն, ընդգծում է, որ հարցն այն է, թե որքան արագ կարող է ընթանալ այս գործընթացը: Հայաստանի հասարակությունը, հասկանալի է, կարող է դժգոհ լինել այս գործընթացի տեմպերից, քանի որ այն դանդաղ է ընթանում, սակայն կարծում եմ՝ դա անշրջելի է, նշում է Ասլի Այդինթաշբաշը։

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930