Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչմանը զուգահեռ հաճախ է ասվում, որ տեղի ունեցած դատավարությունների, դատավճիռների մասին իրազեկված չեն միջազգային հանրությունը, քաղաքագետները, միջազգային իրավունքի մասնագետները: Ինչ աղբյուրներ կան, որ դատավարությունների մասին կարող ենք ունենալ պատկերացումներ: Երկուհազարականներին լույս տեսած թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի «Երիտթուրքերի 1919-1921թթ. դատավարությունների վավերագրերը ըստ օսմանյան մամուլի» մենագրության մեջ առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվում 1912-1921 թթ. Ստամբուլում տպագրված օսմանյան «Ալեմդար» օրաթերթում հրատարակված Յոզղատի, Տրապիզոնի, Խարբերդի (Մամուրեթ-ուլ Ազիզ) եւ Բյույուք Դերեի (Բողազիչի) դատավարությունների նիստերը ներկայացնող հրապարակումների հայերեն թարգմանությունները: Ճանաչված թուրքագետ Անումյանին (լուսանկարում) հարցնում եմ, թե թուրքական բազմաթիվ հրապարակումներ, աղբյուրներ, դատավճիռներ ես ուսումնասիրել, թարգմանել, որոնք տեղ են գտել քո մենագրություններում, գիտական հրապարակումներում, արդյոք, երիտթուրքերի դատաքննություններն անաղարտ են հասել մեզ, աղբյուրներն՝ առանց «միջամտության» են: Ստորեւ ներկայացնում եմ մի հատված նրա ուսումնասիրություններից մեկի, որը տրամադրեց Մ. Անումյանը, կախված աղբյուր-ապացույցների խեղաթյուրման հարցի հետ:
– Երիտթուրքերի դատաքննություններին անդրադարձել է նաեւ թուրքական պաշտոնական պատմագրությունը` ի դեմս Թուրքական պատմագիտական ընկերության անդամ Ֆերուդուն Աթայի, որն իր «Տեղահանության դատավարությունները գրավյալ Ստամբուլում» վերնագրով աշխատությունում փորձ է անում խեղաթյուրել դատաքննություններին առնչվող բազմաթիվ փաստեր կամ այլ մեկնաբանություններ տալ դրանց: Քանի որ սույն դատավարությունների կայացման փաստը եւ փաստաթղթերն անհերքելիորեն ապացուցում են, որ հայերի զանգվածային կոտորածները եղել են կանխամտածված եւ ծրագրված երիտթուրքերի կուսակցության եւ կառավարության կողմից, Հայոց ցեղասպանության փաստը համառորեն ժխտող թուրքական պաշտոնական պատմագրության ներկայացուցիչները հարկադրված եղան, այնուամենայնիվ, անդրադառնալ իրենց համար այդքան ատելի այս դատավարություններին:
Ֆերուդուն Աթայի վերոհիշյալ աշխատության վերնագիրն անգամ բավարար է` ցույց տալու, թե ինչ նպատակ է հետապնդել Թուրքական պատմագիտական ընկերությունը եւ գրքի հեղինակը` այս մենագրությունը հրատարակելով: Ընդգծվել է, թե սույն դատաքննություններն իրականացվել են Դաշնակից պետությունների, հատկապես` Մեծ Բրիտանիայի ճնշման ներքո, որոնց վերահսկողության տակ էր գտնվում Ստամբուլը տվյալ ժամանակահատվածում: Այստեղ միտումնավոր կերպով աչքաթող է արվում այն փաստը, որ այս դատական գործերը հարուցվել են ոչ միայն հայերի տեղահանման, այլ նաեւ` կոտորածների մեղադրանքով: Բացի այդ` Ֆերուդուն Աթան այս դատաքննություններին է անդրադառնում միայն թուրքական պաշտոնական պատմագրությանը ձեռնտու դիտանկյունից` աղճատելով բազմաթիվ փաստեր: Օրինակ` նա պնդում է, թե իբր դատական նիստերում մեղադրյալների դեմ ուղղված ցուցմունքներով հանդես են եկել միայն ազգությամբ հայ վկաները, որոնք ուղղորդվել են վրեժխնդրության զգացումով, այնինչ Օսմանյան կայսրության տարբեր շրջանների հայերի տեղահանության եւ կոտորածների դատաքննությունների նիստերում հանդես են եկել ոչ միայն հայ, այլեւ` բազմաթիվ թուրք եւ այլազգի, անգամ` մինչեւ նախարարի եւ նահանգապետի մակարդակով մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ: Թուրք եւ այլազգի վկաների առատությամբ հատկապես աչքի է ընկել Տրապիզոնի հայերի տեղահանության եւ կոտորածների դատավարությունը:
Այսպես, Տրապիզոնի դատական նիստերի ընթացքում լսված վկայությունների շնորհիվ լիովին հաստատվել է, որ այստեղ տեղի ունեցած ջարդերը, թունավորումները, ջրախեղդ անելու գործողություններն ուղղորդվել են Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի կողմից, որն իր հերթին հրահանգներ էր ստացել կենտրոնական կառավարությունից: Տվյալ դատաքննության ընթացքում բազմաթիվ վկայություններ են եղել հայերի քարավանների` ճանապարհներին կոտորածների ենթարկված լինելու եւ ծովում ջրահեղձ արվելու մասին: Մասնավորապես 1919 թ. ապրիլի 1-ին կայացած նիստում հանդես եկած վկաներից Նեւարեթի ցուցմունքների համաձայն` հայերի քարավանները «պաշտպանելու» նպատակով որպես ուղեկցորդ էր նշանակվել 50 ժանդարմ, որոնք, սակայն, ճանապարհին սպանդի էին ենթարկել անդամալույծ եւ ուժասպառ հազարավոր մարդկանց, իսկ պարկերի մեջ լցված երեխաներին` գետերում խեղդել:
Կարդացեք նաև
Դատաքննության 1919 թ. ապրիլի 3-ի նիստում ներկայացվել են մի քաղհայցվոր կնոջ ցուցմունքները, համաձայն որոնց` Ջեմալ Ազմիի հրահանգով Քումքալե ուղարկելու պատրվակով ձերբակալված հայ տղամարդկանց ոչնչացրել էին` մի մասին գնդակահարելով, իսկ մյուսներին` ջրախեղդ անելով: Քաղհայցվորը նշում էր նաեւ, որ հայ երեխաների մի մասին ուղարկել էին Դեյիրմենդերե գետի ուղղությամբ, իսկ մյուս մասին, Նիազիի ղեկավարությամբ նավակներով հեռացնելուց հետո, ծովն էին նետել: 1919 թ. ապրիլի 12-ի նիստում վկայությամբ հանդես եկած ժանդարմերիայի ավագ լեյտենանտ, հայերի տեղահանության համար պատասխանատու հրամանատար Մյունիբը ցուցմունքներ է տվել առ այն, որ Պետական պարտքի գրասենյակի տրապիզոնյան մասնաճյուղի պաշտոնյայից իրեն հասած տեղեկությունների համաձայն` հայերին բեռնավորել են լաստանավերը եւ ծովը նետելով` խեղդել:
Սույն դատաքննության ընթացքում որպես վկա ցուցմունքներով հանդես եկած բարձրաստիճան պաշտոնյաներից պետք է հատկապես առանձնացնել Վանի նախկին նահանգապետ Նազըմ բեյին եւ Օսմանյան կայսրության ռազմածովային նախարար Ավնի փաշային: Վանի կուսակալը 1919 թ. ապրիլի 30-ի նիստում դատարանին տեղեկություններ է տվել Ջեմալ Ազմիի կատարած բռնությունների, ինչպես նաեւ` Նուրի եւ Մեհմեդ Ալի բեյերի` մի հայ կնոջ ու երեխաներին ջրահեղձ անելու մասին: Ըստ Նազըմ բեյի` 18 հայ ծերունի էլ ջրախեղդ էին արվել Օրդուի գավառապետ Ֆայիքի հրամանով:
Նույն նիստում վկայություններ է տվել նաեւ Տրապիզոնի վերաքննիչ դատարանի նախագահ, Լքված գույքի հանձնաժողովի անդամ Հիլմի բեյը, ըստ որի` տարագրված հայերը բնաջնջվել են ճանապարհներին եւ խեղդամահ արվել ծովում: Միեւնույն նիստում դատարանի նախագահը շեշտել է «ողբերգական դեպքերին» տեղի դատախազի միջամտության անհրաժեշտությունը, որին ի պատասխան` վկա Հիլմի բեյը նշել է, որ դատախազը չէր կարող միջամտել: Նույն օրը հայերի` մակույկավարների պետ Յահյայի կողմից ջրախեղդ արվելու մասին վկայություններ է տվել Տրապիզոնի Ռազմական առաքումների հանձնաժողովի նախագահ Էթհեմը:
1919 թ. մայիսի 5-ին ընթերցվել է ռազմածովային նախարար Ավնի փաշայի գրավոր վկայությունը, համաձայն որի` Ջեմալ Ազմին հայերին կոտորելու նպատակով հատուկ ավազակախմբեր էր կազմել ու սպանել տվել հայ բժիշկներին եւ առողջապահական պաշտոնյաներին: Տրապիզոնի դատավարության ընթացքում գրանցվել է մեկ այլ հետաքրքիր վկայություն, որը վերաբերում էր Կովկասից գաղթած մահմեդական եւ քրիստոնյա վրացիների` հայերի կոտորածներին մասնակցելուն: Ըստ «Ժողովուրդի ձայնը» օրաթերթի` Տրապիզոնի դատավարության 14-րդ նիստում (1919 թ. մայիսի 5) ընթերցված ռազմածովային նախարար Ավնի փաշայի գրավոր վկայության համաձայն` Կովկասից Տրապիզոն գաղթած քրիստոնյա եւ մահմեդական վրացիներից այստեղ կազմվել է «Վրացական լեգեոն» անունը կրող հատուկ մի գունդ, որը ճանապարհներին հարձակումներ է գործել հայերից բաղկացած քարավանների վրա:
Նույն նիստում ցուցմունքներ տված Հյուսեյնի խոսքերով` Տրապիզոնի գլխավոր բանտապահ Սուլեյմանը հրոսակախմբեր էր կազմել հայերին կոտորելու նպատակով, իսկ Օրդուի գավառապետ Ֆայիքը 2 լաստանավ կին ու երեխա ջրախեղդ անելու հրաման էր տվել: Ականատեսը հայտնում էր, որ նրանց լաստանավ էին նստեցրել իբրեւ թե Սամսուն ուղարկելու պատրվակով, մինչդեռ հաջորդ օրը ծովեզերքը լի էր նրանց դիակներով: Հայերին եւ հույներին ջրահեղձ անելու միջոցով ոչնչացնելու մասին վկայություններ է տվել նաեւ Լազիստանի, Ջանիկի եւ Տրապիզոնի շրջանների հետաքննությամբ զբաղված դատական քննիչ Քենանը, ըստ որի համոզմունքի` վերոնշյալ դեպքերի հեղինակն է եղել հենց ինքը` նահանգապետը:
«Ալեմդար» օրաթերթի 1919 թ. ապրիլի 16-ի համարում հրապարակված` Տրապիզոնի հայերի տեղահանությանն ու կոտորածներին վերաբերող ամբաստանագրում ընդգծվում էր տվյալ նահանգում կատարված ահասարսուռ կոտորածների զանգվածային բնույթը. «…Տրապիզոն վիլայեթում Միություն եւ առաջադիմություն կուսակցության կենտրոնական կառավարության կողմից հայերի տեղահանության վերաբերյալ ընդունված որոշումների գործադրման ընթացքում նախ` հայ տղամարդկանց եւ ապա` կանանց ու երեխաներին նշանակված վայրեր տեղափոխելիս նրանց մի մասն անգթաբար սպանվել է Դեյիրմենդերեի կողմերում, իսկ կանայք ու երեխաներն էլ բեռնավորվել են նավակները եւ ջրախեղդ արվել: Հայերի մի մասին էլ, իբր բուժման նպատակով, թունավորել են տարբեն միջոցներով Կարմիր մահիկ հիվանդանոցում, որից հետո կողոպտվել է նրանց գույքը, դրամը եւ թանկարժեք իրերը: Ողջ մարդկության կողմից անեծքով ու նողկանքով հիշվելու արժանի նման անամոթ արարքների ու հանցագործությունների հանդգնած եւ այժմ փախուստի մեջ գտնվող Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի եւ կուսակցության պատասխանատու քարտուղար Յենիբահչելի Նայիլի, ինչպես նաեւ` դատարանում ներկա գտնվող Մեհմեդ Ալիի, Մուստաֆայի, Նիազիի, Նուրիի եւ մյուս հանցակիցների մասնակցությունն այդ վիթխարի կոտորածին հիմք են տալիս պատիժ սահմանելու համար: Նրանց հետաքննությունը, նախ եւ առաջ, բխում է օրենքի անհրաժեշտությունից: Եվ ի վերջո` ովքե՞ր են Ազմին ու Նայիլը: Սրանք ոչ թե պետական կամ վարչական պաշտոնյաներ են, այլ` ինը տարի առաջ պետության ղեկը պատահաբար ձեռք գցած, առանձին կամ միասին կատարված բռնությունների, կոտորածների, անօրինականությունների, անհատնում չարաշահումների արդյունքում սուլթանական կառավարությանն այսօրվա ողբալի վիճակին հասցրած կործանիչ ձեռքերից ու վայրենի ուղեղներից բաղկացած Միություն եւ առաջադիմություն կոչված ավազակախմբի հանցագործ ներկայացուցիչներն են Տրապիզոնում»:
«Առավոտ» օրաթերթ
21.04.2023