«Ի վերջո, ո՞րն է լինելու այս զրկանքների գինը»
«44-օրյա պատերազմից հետո մենք գիտակցում էինք, որ շատ բարդ է լինելու, այդուհանդերձ արել ենք մեր ընտրությունը` ապրել եւ արարել Արցախում, քանի որ հստակ գիտակցում ենք, որ Արցախը հայկական պահելու միակ նախապայմանը՝ հայաթափություն թույլ չտալն է։ Իրականում, մինչեւ պատերազմն ինձ համար ավելի հեշտ կլիներ մտածելը արտագաղթի մասին, քան հիմա, երբ այս հողի համար հազարավոր մատղաշ կյանքեր ենք տվել, այդ թվում` հարազատ եղբորս եւ քեռուս տղային եմ կորցրել…»,- Արցախի հանրային ռադիոյի լրագրող Տաթեւիկ Խաչատրյանն է «Առավոտի» զրուցակիցը. 140-օրյա շրջափակումից, սպասումներից, հույսերից, հույզերից ու աշխարհի անցուդարձից ենք խոսում:
«Ղարաբաղի հայերը կամ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն վերցնեն, կամ՝ ապրելու ուրիշ տեղ գտնեն». Ադրբեջանի նախագահն է օրերս ուղիղ հայտարարել: ՀՀ վարչապետն էլ պնդում է իր թեզը, որ Մադրիդյան սկզբունքներով Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչվել: Այս հայտարարություններին, իհարկե, հետեւեց Արցախի խորհրդարանում ներկայացված ուժերի հակաարձագանքը: Այդ պնդումներին հակադարձումներ եղան նաեւ Հայաստանից՝ ընդդիմադիր շրջանակներից: Այս իրողություններում ի՞նչ տրամադրություններ կան 140 օրից ավելի շրջափակման մեջ ապրող արցախցիների մոտ. հիասթափությո՞ւն, անճարակությո՞ւն, թե՞…՝ հարցիս Տաթեւիկն արձագանքում է. «Ալիեւը կարող է շատ բան հայտարարել, բայց գոյություն ունի միջազգային իրավունք, ըստ որի, ազգերն օժտված են ինքնորոշման իրավունքով։ Ինչ մնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, դա, կարծում եմ, մեկնաբանման կարիք չունի, քանի որ գոյություն ունի բանակցային ժառանգություն, ընդ որում՝ բաց աղբյուրների պակաս չկա եւ եթե կան մարդիկ, ովքեր ավելի շատ նախընտրում են հավատալ ՀՀ վարչապետի մեկնաբանությանը, քան իրենց աչքերով կարդացածին, ապա դա լրիվ այլ հարթության խնդիր է։
Դուք նշեցիք, որ Արցախից հակադարձություններ եղան. ես կարծում եմ, որ այդպես էլ պիտի լիներ, որովհետեւ Արցախում ապրողներն իրավունք ունեն իրենց ճակատագրին վերաբերող ցանկացած հարցի շուրջ ունենալ դիրքորոշում եւ ազատ արտահայտել այն։ Ինչ մնում է հասարակական տրամադրություններին, պարզ է, որ մարդիկ, մեղմ ասած, մտահոգ են։ Ապրել ամիսներ շարունակ շրջափակման մեջ` առանց գազի, օրվա ընթացքում մի քանի անգամ լույսի անջատումով, առանց վառելիքի, սննդի, դեղորայքի, կենցաղային պարագաների սղության պայմաններում, հեշտ չէ, սակայն այստեղ ապրողներիս համար անճարության զգացում լինում է միայն զոհերի մասին լուրեր լսելիս։ Մարդկային կորուստը միակն է, որ անդառնալի է…»:
Կարդացեք նաև
«Ի վերջո, ո՞րն է լինելու այս զրկանքների գինը». իր հերթին՝ իր ու արցախաբնակ այլ երիտասարդների անունից, քաղաքական այրերին, միջազգային հանրությանը հարց է ուղղում մյուս զրուցակիցս՝ Մարիամ Աբրահամյանը: Նա մասնագիտությամբ հաշվապահ է, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում համակարգում է «Արցախի մայրիկների ակումբ» խումբը՝ առուծախի, կենցաղային, բժշկական եւ տարբեր խորհրդատվությունների հարցերում արցախցի մայրիկներին ինչ-որ կերպ օգտակար լինելու համար:
Ամեն օր առնչվելով «մամայական համայնքի» բարձրաձայնած խնդիրների հետ, ասում է, որ հումանիտար մի շարք խնդիրներ՝ գազի բացակայությունը, հովհարային անջատումները, սննդի պակասը եւ կենցաղային մի շարք հարցեր, դժվարություններ են առաջացնում հատկապես փոքր երեխաներ ունեցող ընտանիքներում, գուցե նաեւ կան հիասթափություններ: Բայց. «Եթե հասարակությունը ունենար հստակ պատկերացում Արցախի ինքնորոշման հարցի շուրջ, բոլոր այս խնդիրները չէին անհանգստացնի իրենց, այդ թվում՝ ինձ: Արցախահայության մոտ անհայտ է այս հարցի պատասխանը՝ ի վերջո, ո՞րն է լինելու այս զրկանքների գինը»:
Օրերս նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով Արցախում, երիտասարդների բարեկեցիկ ու ապահով կյանքի հնարավորության մասին հարցին, ասել էր, որ Արցախի երիտասարդները իրենք պետք է ձեւակերպեն, այսպես ասած, վաղվա օրվա իրենց պատկերացումները եւ չվախենան պատասխանատվություն վերցնելուց: Կա՞ վաղվա օրվա պատկերացումը, ինչպիսի՞ն է այն:
«Իմ կարծիքով, Արցախում ապրող յուրաքանչյուր հայ, պետք է մտածի անդադար պայքարի մասին: Չպետք է մի քանի ակցիաներ կազմակերպելով ու բողոք ներկայացնելով ակնկալենք, որ միջազգային հանրությունը կոչերից ու մտահոգություններից կանցնի հստակ քայլեր ձեռնարկելուն: Գուցե անդադար պայքարից հետո այդ ամենը եւս չլինի, հաշվի առնելով, որ քաղաքական այս կեղտոտ խաղերի մեջ ներքաշված են գերտերություններ, բայց համենայնդեպս, մենք մեր խղճի առաջ հանգիստ կլինենք այն առումով, որ չենք լռել, չենք համակերպել ու մղել ենք մեր բաժին պայքարը: Արցախում ապրող յուրաքանչյուր հայ այս պահին մի երազանք ունի՝ ապրել իր հայրենակիցների արյան գնով պահած հողում»,- ասում է Մարիամը:
Իսկ Տաթեւիկի պատկերացմամբ՝ վաղվա օրվա պատկերացումը Արցախում 88-ից առայսօր չի փոխվել. «Մեր վերջնանպատակը ադրբեջանական լուծը թոթափած եւ Մայր Հայաստանին միացած անվտանգ ու ապահով Արցախն է։ Սակայն, 44-օրյայից հետո այդ նպատակը ավելի շատ երազանքի է սկսել նմանվել… Այդուհանդերձ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում եւ ողջ աշխարհում սկսել է շատ արագ փոփոխվել ու շատ անկանոն փոփոխվել։ Ուստի հույսը, որ պատեհ առիթներ կլինեն իրավիճակն ի շահ մեզ օգտագործելու, չի մարում։ Որ օրը մարեց, Արցախը Նախիջեւանի ճակատագրին է արժանանալու։ Մնում է հուսալ, որ մեր կամքն այնքան ուժեղ կլինի, որ Ադրբեջանի չավարտվող ռազմական ագրեսիաներին եւ տնտեսական հալածանքներին կկարողանանք դիմակայել` մինչեւ այն պահը, երբ Հայաստանը կհզորանա եւ կկարողանա տեր կանգնել Արցախում ապրող իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.04.2023