Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպեսզի ինչ որ ձեւով արդարացնի ձախողումները՝ Փաշինյանը նորից գնում է անցյալ». «Առերեսում»

Ապրիլ 22,2023 22:00

«Փաշինյանը խոստացավ, թե կճանաչի Ադրբեջանի ամբողջականությունը եւ դա ասում էր անկեղծ: Եվ դրա հետ միաժամանակ՝ նա հարցականի տակ դրեց մեր 29,8 քառ. կմ-ը՝ մուրալով եւ խնդրելով ճանաչել Հայաստանի հանրապետության տարածքային ամբողջականությունը»,- «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում Ռուսաստանի հայերի միության՝ Հայաստանի հարցերով փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցն այսպես գնահատեց Ազգային ժողովում վարչապետի ապրիլի 18-ի ելույթը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլեւ ապագայի համար հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, ավելի կոնկրետ՝ Հայկական ԽՍՀ տարածքը, որում մենք 1991 թվականին անկախություն ենք ստացել, եւ մենք որեւէ այլ երկրից որեւէ տարածքային պահանջ ոչ միայն չունենք, այլեւ չենք ունենալու երբեւէ»:

Հաղորդման մյուս հյուրը՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց, թե սրա սկզբնաղբյուրը վարչապետի կեղծ երկընտրանքն է, թե կամ կլինի խաղաղություն, եւ ինքը կստորագրի պայմանագիրը, կամ կլինի պատերազմ. «Եվ ես ցավում եմ, որ նրա լեգիտիմ, տիտղոսային ընդդիմությունը չի կարողանում սա ջարդել, որովհետեւ խաղաղության հակառակն ամենեւին չի նշանակում պատերազմ ու չի նշանակում նոր կորուստներ: Հայաստանում չկա այն անմեղսունակ քաղաքական միավորը կամ առաջնորդը, որ կգա ու կասի, թե ես տանում եմ երկիրը նոր պատերազմի ու կորուստների: Ոչ: Կա փաշինյանական խաղաղության մոդել ու կա այլ մոդել, որը մենք դեռ չենք ձեւակերպել, քանի որ այդ թեմայով խոսակցություն չի եղել»: Եվ մասնավորապես՝ ըստ նրա, այդ մոդելը «ճիշտ բովանդակությամբ բանակցությունների» գնալն է եւ հասկանալը, թե ում կամ ինչի շնորհիվ կարող ենք մեզ ավելի վստահ զգալ բանակցություններում:

Հանգամանալից անդրադարձ արվեց բանակցային գործընթացի եւ մասնավորապես 2007 թվականին ներկայացված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Փաշինյանի յուրօրինակ մեկնաբանությանը: «Մադրիդյան սկզբունքները հիմա Սեւրի պայմանագրի պես մի պատմություն են: Իսկ իրական հողի վրա՝ թուրքն արդեն մեր տան մատույցներում է»,- մասնավորապես ասաց Վահե Հովհաննիսյանը: Իսկ Ավետ Ադոնցի բացատրությամբ՝ Մադրիդյան սկզբունքները հիմա մեջտեղ բերելու պատճառն այն է, որ խաղաղության Փաշինյանի օրակարգը ձախողվում է. «Որպեսզի ինչ որ ձեւով արդարացնի այդ ձախողումները՝ ինքը նորից գնում է անցյալ: «Ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ» սկզբունքով՝ այ, տեսեք, անցյալում սենց վատ էր, դրա համար հիմա ավելի վատ է… Այս պրիմիտիվ տեխնոլոգիան իհարկե ունի արդյունավետության իր աստիճանը, բայց այս ամենն անընդհատ կրկնելն արդյունավետ չի»:

Նիկոլ Փաշինյանը ելույթում մի առաջարկ էլ արեց՝ չմոռանալով մեր պատմությունը «փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը»: Վահե Հովհաննիսյանը ամենաբարդ խնդիրը համարեց վարչապետի մոտիվացիաները կռահելը. «Գուցե հասկանո՞ւմ է, որ փոխել է մեր ժողովրդի պատմությունը, թալանել ժողովրդի ապագան, ճակատագիրը… Մյուս կողմից՝ կարող է իսկապես ներշնչվել է, թե ինքը մեսիա է, փոխում է ամեն ինչ՝ փիլիսոփայությունը, պատմության բովանդակությունը…»:

Իսկ գուցե եւ ակնարկը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին, քանի որ նույն ելույթում Փաշինյանը հայտարարեց, թե «արտգործնախարար Միրզոյանի՝ Անկարա կատարած այցի շրջանակում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության դիմաց ծածանվող Հայաստանի Հանրապետության տասնյակ դրոշները միայն արարողակարգային ատրիբուտ չեն, այլ մի զարմանալի արձանագրում, որ հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը: Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության դրոշները վեր խոյացան մեր հարաբերությունների եւ աղետալի երկրաշարժի բերած ավերակների վրա, եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանը իրոք կբացվի եւ հիմք կստեղծվի հարեւանային բնականոն հարաբերությունների զարգացման համար»:

Ավետ Ադոնցն առաջարկեց վերհիշել, թե ինչ է այդ «պոետիկ խոսքերի» ներքո. «Մենք մոռանում ենք, թե ինչ ազդեցություն ու մասնակցություն է ունեցել Թուրքիան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ իր ամբողջ գործիքակազմով: Ապրիլի 24-ի նախօրեն է ու մինչեւ հիմա չի ձեւավորվել այն կառավարական հանձնաժողովը, որը պատասխանատու է այդ օրվա միջոցառումների համար: Սովորաբար 1 կամ 1,5 ամիս առաջ էր ձեւավորվում այդ հանձնաժողովը: Ինչի՞ մասին է վկայում սա… Փորձ է կատարվում փոխել պատմությունը ու նույնիսկ խեղաթյուրել օբյեկտիվ իրականությունը»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930