Հայկական համագումարին ուղղված նամակում Հրեական համայնքային հարաբերությունների խորհուրդը համերաշխություն է հայտնում հայ ժողովրդին, մինչ Ալիևի ռեժիմը շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը
Վաշինգտոն – Այս շաբաթ Ամերիկայի հայկական համագումարին ուղղված մի նամակում Հրեական համայնքային հարաբերությունների խորհուրդը (JCRC) հայտնեց իր շարունակական համերաշխությունը հայ համայնքին և ժողովրդին, մասնավորապես՝ Արցախում, որտեղ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը հայ ժողովրդի համար հանգեցրել է հումանիտար ճգնաժամի 2022թ.-ի դեկտեմբերից:
Մտորելով հրեա և հայ ժողովուրդների՝ որպես 20-րդ դարում ցեղասպանության թիրախների «ընդհանուր փորձառության» մասին՝ JCRC-ն գնահատեց երկու համայնքներին, որոնք ստեղծել են «համերաշխության ամուր կապեր տասնամյակների ընթացքում՝ շարունակական համատեղ քարոզչության և համագործակցության միջոցով»:
«Տարվա այս ժամանակահատվածում, երբ մեր երկու համայնքներն էլ կանգ են առնում մեր պատմությունները հիշելու համար, և մինչ մենք միանում ենք հայ համայնքին առաջիկա օրերին՝ ոգեկոչելու նրանց ցեղասպանության փորձառությունը, տեղին և անհրաժեշտ է նաև, որ մենք կանգ առնենք՝ Լեռնային Ղարաբաղում/Արցախում հայ համայնքի ծանր վիճակի նկատմամբ ուշադրություն հրավիրելու համար»:
2020թ.-ին JCRC-ն ԱՄՆ-ին կոչ արեց միջամտել 44-օրյա պատերազմի ժամանակ ու թեթևացնել հակամարտությունը և ևս մեկ անգամ «կոչ է անում Միացյալ Նահանգների Կոնգրեսին՝ բավարարել Արցախում հումանիտար և վերականգնման հրատապ կարիքները»։
«Մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել, մինչ հայ ժողովուրդը կանգնած է հերթական արտասովոր հումանիտար աղետի ռիսկի առջև»,– եզրափակվեց հայտարարությունը։
«Համագումարն ողջունում է Արցախի հայ ժողովրդի հետ համերաշխության այս հայտարարությունը և բարձր է գնահատում մեր սերտ ու շարունակական համագործակցությունը JCRC-ի և հրեական համայնքի հետ»,– ասացին համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Հուսով ենք, որ այլ միջկրոնական, կառավարական և քաղաքացիական կազմակերպություններ կհետևեն օրինակին և կհայտնեն նմանատիպ տրամադրություններ՝ օգնելու վերջ դնել Լաչինի միջանցքի անմարդկային արգելափակմանը և Ալիևի ռեժիմի ցեղասպան քաղաքականությանը»:
JCRC-ն մի կառույց է, որը միավորում է 45 անդամ կազմակերպություններին: