Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում տեղի կունենա միջազգային թատերական փառատոն, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի ու Գյումրու քաղաքապետարանների, ինչպես նաև Շիրակի մարզպետարանի աջակցությամբ։ Գյումրին կհյուրընկալի 22 թատերական խմբերի, 500 արտիստների թե՛ Հայաստանի տարբեր տեղանքներից, և թե՛ Ռուսաստանի Դաշնությունից ու Վրաստանից։
Ողջ Գյումրին արդեն իսկ հեղեղված է թատերական փառատոնի մասին հիշեցնող գովազդային վահանակներով․ դրանք փակցված են թե՛ քաղաքի մուտքի մոտ, թե՛ կենտրոնական փողոցներում, թատերական հրապարակում։
Կարդացեք նաև
Այն Հայաստանի հայաստանյան թատերական փառատոնային կյանքում ամենամեծ բյուջե ունեցող փառատոնն է։ Ընդհանուր բյուջեն 52 միլիոն դրամ է, որից 43 միլիոնը տրամադրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Անմասն չի մնացել նաև Երևանի քաղաքապետարանը՝ տրամադրելով 10 միլիոն դրամ, 1,5 միլիոն դրամ էլ հատկացրել է Գյումրու քաղաքապետարանը իր շատ աղքատիկ բյուջեից։
Այս մասին այսօր Գյումրու «Մտորումների թատրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց նախագծի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը:
Բանախոսների շարքում էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ինչպես նաև Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։
Ըստ Տիգրան Վիրաբյանի,փառատոնի կազմակերպման համար պահանջվող ծախսերը սակայն շատ ավելին են, քան կա թղթի վրա։
Փառատոնին հրավիրված բոլոր թատերական խմբերի՝ թե՛ հայաստանյան, թե՛ դրսի, կեցության ծախսերը հոգացել են փառատոնի կազմակերպիչները։
Ըստ Տիգրան Վիրաբյանի, այն պետք է լինի ոչ միայն մշակութային իրադարձություն, այլ որոշակի տնտեսական շարժ պիտի ապահովի․ Գյումրին առավելագույնը օգուտ պիտի քաղի փառատոնից։ Բացի այդ, նպատակ կա նաև Գյումրին ճանաչելի դարձնելու, հնարավորություն ստեղծելու հյուրերի համար այս գողտրիկ քաղաքը վայելելու։
«Փառատոնի գործունեությունը պետական բարձր աջակցության ներքո է»,-ասաց Տիգրան Վիրաբյանը։ Նա տեղեկացրեց, որ ընտրել են այն բոլոր թատրոնները, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել միջազգային թատերական փառատոնին։ Բոլոր թատրոններին հնարավորություն է տրվել ընտրելու իրենց ներկայացումներից լավագույնը, փառատոնը մրցակցային չէ, այլ մասնակցային է։
«Ներկայացումների գալիս են Հայաստանի մարզերից, գնացել եմ Կապան, դիտել եմ ներկայացումը, խնդրել եմ տնօրենին, որպեսզի այն բերենք Գյումրի։ Ներկայացում է գալիս Վանաձորից, Հայաստանի գրեթե բոլոր թատերական կազմակերպությունները մասնակից են այս փառատոնին։
Հաշվի առնելով այն հանգամանքները, որ Գյումրիի հանդիսատեսին դեռ մեր հայկական թատերական ներկայացումները մատուցելու առաջնահերթություն ունենք, այս տարի մենք փորձել ենք միջազգային հատվածն անել ավելի համեստ և հաջորդ տարիներին, երբ կարողացանք հայ թատրոնը ներկայացնել լավագույնս, կանդրադառնանք միջազգային թատերախմբերին։
Այս տարի ընտրել ենք մի քանի ձևաչափեր, ներկայացումներ կլինեն Վրաստանից, Ռուսաստանից․ Սանկտ Պետերբուրգի ազգային ակադեմիական թատրոն-փառատոնը կլինի։ Եվ մենք ունենք հետաքրքիր ձևաչափ, որը կոչվում է «Գյումրին թատերական խաչմերուկ», այդ շրջանակներում մայիսի 7-ին և 8-ին կլինեն մի շարք ներկայացում-քննարկումներ։ Այդ ժամանակ Գյումրի թատերախմբեր կան Իրանից, Ֆրանսիայից։ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար Ռոբերտ Ստուրուան էլ վարպետության դաս կանցկացնի թատերականի ուսանողների համար»,-ասաց Տիգրան Վիրաբյանը։
Նա հատուկ անդրադարձ կատարեց նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությանը՝ նշելով, որ այն արդեն տարիների փորձ ունի։
«Սա շատ կարևոր է, որ մայրաքաղաքն իր ահռելի հնարավորություններով, մշակութային ահռելի բյուջեով նաև մասնակից դառնա։ Ես փոքր համեմատություն անեմ․ Հայաստանի երկրորդ քաղաքի, որը մենք ասում ենք մշակութային մայրաքաղաք, տարեկան միջոցառումների բյուջեն 30 միլիոն դրամ է, մինչ մայրաքաղաքինը 2 միլիարդ և ավելի է։ Սա կարծես ուղիղ խոսում է այն մասին, որ մենք այստեղ անելիք ունենք, պետությունն անելիք ունի։ Հռչակել մշակույթի մայրաքաղաք և չտալ ֆինանսական հնարավորություն, առնվազն մենք պիտի կարողանանք այլ մեծ քաղաքների ֆինանսական ներուժը օգտագործել, որպեսզի մշակույթի մայրաքաղաքը զուտ տեքստ չմնա գյումրեցիների շուրթերին։
Այս փառատոնը մի շատ հետաքրքիր առաքելություն ունի։ Ցավոք սրտի, մենք սկսել ենք վերադառնալ այն ժամանակահատվածին, երբ զբոսաշրջիկները գալիս են Գյումրի, վերադառնում են միայն ուտելիքի մասին պատմելով։ Լավ ձուկ կերանք, էդ ինչ համով քյալլա էր, այ ախպեր, այդ ամենը ցավեցնում է, որովհետև կարծում եմ՝ մարդիկ գան, հետ վերադառնան Երևան և պիտի պատմեն՝ ինչ լավ ներկայացում նայեցինք, ինչ լավ ցուցահանդես էր, ինչ հետաքրքիր միջավայր էր։
Մենք ամեն ամեն ինչ պիտի անենք, որ զբոսաշրջիկների համար Գյումրին չլինի միայն փողոցում ֆոտո անելու, ձուկ ուտելու տեղ։ Մենք պիտի կարողանանք իրենց կյանքը մշակույթով լցնենք և ոչ միայն Գյումրիում ստացվող մշակույթով, այլ նաև մայրաքաղաքի մշակութային կյանքով»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։
Նա անդրադարձ կատարեց նաև թատերահամերգային սրահների հնարավորություններին։
«Ցավոք սրտի, մեծ միջազգային թատերախմբերը, որոնց հետ մենք բանակցում ենք թատերական ներկայացումներ բերելու համար, էն տեխնիկական հնարավորությունները, որոնք մենք ուղարկում ենք մեր Գյումրիի դրամատիկական թատրոնին, մեղմ ասած, ցավալի է, շատ թատերախմբերի մենեջերներ ուղղակի զարմանում են, տարիներ շարունակ տեխնիկական միջոցներին ուշադրություն չի դարձվում և գործածվում են միջոցներ, որոնց մասին իրենք վաղուց արդեն չգիտեն, որ այդ միջոցները կամ գոյություն չունեն կամ իրենց թանգարաններում են ցուցադրվում»,-շարունակեց Տիգրան Վիրաբյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ իր խոսքում նշեց, թե իրենց ոչինչ չի կարող այսօր այդքան մեծ հրճվանք պատճառել, քան մայրաքաղաքից դուրս ՝մարզերում, այդ թվում սահմանամերձ համայնքներում մշակութային կյանքի ակտիվացումը։ Նա նշեց, որ մշակույթի ապակենտրոնացումը պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է։
Ըստ նրա, մի քանի տարի է՝ պետական դրամաշնորհներում պարտադիր պայման է նախագծերի մասնակի կամ ամբողջական իրականացնումը Երևանից դուրս։
«Ես ուրախ եմ, որ ի թիվս միջազգային տարբեր կառույցների, հաստատությունների բավական մեծ տեղ է զբաղեցնում ծրագրում նաև հայ թատրոնը, որքան էլ զարմանալի լինի, մենք կարիք ունենք ճանաչելու մեր թատերական արդյունքը», -ասաց Արա Խզմալյանը։
Նա նաև պարզաբանեց, թե ինչու որոշվեց թատրական փառատոնի մեկնարկը տալ ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության օրը։
«Շատերին կարող է տարակուսելի թվա, թե ինչու որոշվեց ապրիլի 24-ին անել փառատոն, տոն և ապրիլի 24։ Ես կարծում եմ, որ սրա մեջ էլ խորհուրդ կա։ Հենց ապրիլի 24-ին մենք հաստատում ենք մեր ստեղծարար լինելը, մեր մշակութային լինելը, մեր վերածնված ու հեռանկար ունենալու գաղափարը։ Թեմային համապատասխան ներկայացմամբ կմեկնարկի փառատոնը»,-ասաց Արա Խզմալյանը։
Տիգրան Վիրաբյանը էլ վստահեցրեց, որ թատերական մթնոլորտը քաղաքում շատ երկար պատմություն է ունենալու։ Նրա տեղեկացմամբ՝ իրենք փառատոնի 70 տոկոս ներկայացումների համար հրավիրատոմսեր են բաժանելու բոլոր շրջանակների համար, մնացած 30 տոկոսի տոմսեր են հանված վաճառքի։ Դա էլ, ըստ նրա, խորհրդանշական է, չեն ուզում Գյումրիում ունենալ բաց դռներով փառատոն։
Տոմսերի գները սահմանվել են Գյումրու դրամատիկական թատրոնի գնային քաղաքականությանն համահունչ, ներկայացումների տոմսերի արժեքը հիմնականում 2000 դրամ է, միայն դրսից հրավիրած ներկայացումների տոմսերի արժեքն է 20 տոկոսով բարձր։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ