«Այստեղ կային եւ կան մարդիկ, որոնք իրենց ներկայացնում են որպես Սյունիքի համարյա թե իրավատեր ու սեփականատեր։ 2018թ․-ից մինչեւ օրս Սյունիքի մարզում կառավարությունը ներդրել է 100 միլիարդ դրամ։ Ոչ մի մարզում նման ներդրում չի արվել, որքան Սյունիքում»,- ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց․ «Իսկ դրանից առաջ Սյունիքում ի՞նչ էր տեղի ունենում։ Որեւէ մեկը հաշվե՞լ է, թե Սյունիքում մինչեւ 2018թ․-ը քանի հայկական գյուղ է դատարկվել ֆիզիկապես։ Տասնյակ գյուղեր, ու բոլորը գիտեն դրա մասին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2022թ․ վճարած հարկերը դրանից առաջ որտե՞ղ են եղել, ո՞ւր են գնացել։ Կապանում մենք խոստացանք՝ հերիք եղավ, բոլ եղավ։ ԶՊՄԿ-ում ՀՀ ժողովուրդը ի դեմս կառավարությանը իր մասնաբաժինը պետք է ունենա։ Եւ երբ այդ մասնաբաժինը ստացվեց եւ այդ կոռուպցիայի «կռանիկները» հերթով փակվեցին, մի հատ կուսակցություն կար ստեղ՝ վեց հոգով բաժանվեցին 11 կտորի։ Որովհետեւ նրանց դարդը Սյունիքն ու ՀՀ-ն չէր, այլ ԶՊՄԿ-ից եկող «ծորակիկները», որոնցից սնվում էին։ Փակեցինք, ու նրանք էլ քաղաքականությունում չեն։ Թաքցրածն են ուզում վայելել։ Դրա հետեւից էլ ենք գալու»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ