ՔՊ պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը երկար լռությունից հետո այսօր ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից եւ սկսեց դասեր տալ ընդդիմությանը:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ո՞րն է ակտիվացման պատճառը, որովհետեւ երեկ, երբ ԱԺ ամբիոնի մոտ Թագուհի Թովմասյանը ակցիա էր անում ու նրա նկատմամբ բռնություն էին կիրառում, դուք գլխավոր դերում էիք, անգամ նկատողություն ստացաք Ալեն Սիմոնյանից, նա պատասխանեց. «Ես ի՞նչ էի անում, ընդդիմադիրներին ասում էի պետք չի, ճիշտ չի սա: Ես երբեք կաշկանդված չեմ եղել իմ արարքների ու անելիքների մեջ ու երբեք էլ չեմ լինի: Ինչը ում ասելու է՝ ես անկաշկանդ ասում եմ, էդ վստահ եղեք»:
Հարցին ՝ Ալեն Սիմոնյանի գործողությունները իրավաչա՞փ էին, ինչո՞ւ չմիջամտեցիք, նա պատասխանեց, որ ճիշտ չի համարում Թագուհի Թովմասյանի գործողությունները ամբիոնի մոտ. «Լսեք, սա համերգ չի, որ հելնենք ինչ-որ մեկի համերգը ընդհատեք: Սա պետություն է, ու պետության ղեկավարը իր ամբողջ աշխատակազմով արդեն մի շաբաթ այստեղ նստած է, ամբողջ գործերը կուտակվել են: Մենք եկել ենք քմահաճույքներով մոտենում ենք, մեկը այնտեղ ամբիոն է գրավում, մեկը այլ արտահայտություն է անում ու ցույց ենք տալիս, թե աշխատում ենք, դե լավ, էլի, այդպես չի»:
Ճշտեցինք՝ ձեր գնահատականը չհնչեց՝ Ալեն Սիմոնյանի վարքագիծը իրավաչա՞փ էր, նա պատասխանեց. «Ալեն Սիմոնյանը ԱԺ ղեկավարն է, ինքն է կարգուկանոնը պահպանում այս ԱԺ-ում: Հիմա ասում եք՝ սխա՞լ արեց, իսկ ո՞վ էր ճիշտ՝ գրավել համար մեկ ամբիո՞նը»:
Կարդացեք նաև
Հիշեցրինք, որ ժամանակին, ուրեմն, երբ ԱԺ նիստը վարում էր Էդուարդ Շարմազանովը, պիտի Արարատ Միրզոյանի ու Լենա Նազարյանի ձեռքերը ոլորեին, տանեին, երբ ամբիոնի մոտ ակցիա էին անում, նա պատասխանեց. «Ոլորել են, տարել էլ են, ամեն ինչ էլ արել են: Այն, ինչ արել ենք մենք, դա ժողովուրդն ընդունել է, հասկացա՞ք: Էս մարդիկ մի ամիս է, որ վերադարձել են, դրանից առաջ դուրսն էին, մրսան, շոգեցին»:
Հարցրեցինք՝ ինչո՞ւ եք երկակի ստանդարտներով առաջնորդվում, երբ որ Ալեն Սիմոնյանն ասում է՝ կթքեմ, երբ Աղազարյանը հայհոյում է, ձայն չեք հանում, երբ ընդդիմությունը ակցիա է անում՝ բռնություն եք կիրառում, նա պատասխանեց. «Ուրեմն լսե՛ք իմ տեսակետը, ինձ ոչ մեկ բարոյական իրավունք չունի դավաճան անվանի, իմ անձը վիրավորի՝ անկախ ամեն ինչից, հասկացա՞ք: Ես որ պատգամավոր եմ, չի նշանակում, որ ինչ-որ մեկը կարող է ինձ վիրավորել, հայհոյել եւ ես, կաշկանդված լինելով մանդատից, չպատասխանեմ, ես առաջին հերթին մարդ եմ»:
Հարցին՝ պիտի թքե՞ք, երբ դավաճան է ասում քաղաքացին, դուք սիրում եք ախրաննիկներ, ծառայողական մեքենաներ, պաշտոնի հաճույքները լավ են, օգտվում եք, բայց չեք կարողանում հանդուրժել, երբ քաղաքացին, ում փողերով դուք դա ունեք, ձեզ դավաճա՞ն է ասում, նա պատասխանեց. «Ես առհասարակ չեմ թքում նման դեպքերում, կարիքից ելնելով եմ թքում, եթե դրա կարիքը կա, դա տհաճ խոսակցություն է, թարգենք: Ես ոչ ախրաննիկներով եմ ման գալիս, ոչ էլ վարորդ ունեմ: Ես անձամբ ամեն օր ժողովրդի մեջ եմ: Քաղաքացին, որ վճարում է, իրավունք ունի դավաճա՞ն անվանելու, հայհոյա՞նք տա: Էս պետության հարկատուները տալիս են, բոլորս օգտվում ենք, հիմա էդ հարկատուները հելնեն, ամբողջ ազգին քֆուր տան, նորմա՞լ է»:
Հիշեցրինք, որ պատերազմ է եղել, ու պարտություն է եղել, ու քաղաքացին կարող էր նման կարծիք ունենալ, նա արձագանքեց. «Հայրենիքի համար պտի մենք պատրաստ լինենք արյուն հատուցելու նաեւ, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ինչ-որ մեկի համար չեն գնացել, ինձ համար չեն գնացել մեռել, ես էլ եմ գնացել մեռել, իմ ախպոր տղեն էլ ա մեռել»: Ճշտեցինք՝ դուք գնացել մեռե՞լ եք, նա պատասխանեց. «Այո՛, բոլորս գնացել ենք, այդտեղ ամեն ինչ ենք տվել: Մեկը իր մարմինն ու արյունն ա տվել, մեկն էլ իր ամբողջ ունեցվածքն ու համբերությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ