Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կալանավայրի իմ խուցն ավելի սիրուն է, քան իմ 25 տարվա զինծառայության սենյակը»․Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի կալանքի ժամկետը երկարացվեց

Ապրիլ 21,2023 18:12

Այսօր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի գործով դատական նիստն էր։

Աբրահամյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, լինելով Մատաղիսի զորամասի հրամանատար, խախտել է մարտական հերթապահությունը կրելու կանոնները, որի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ հարձակումը։

Ըստ մեղադրանքի՝ Աբրահամյանը 44-օրյա պատերազմի  մեկնարկի նախորդ օրը բանակի 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել է խնջույք, որի ընթացքում թեեւ տեղեկատվություն է ստացել, որ  առաջնագծում հակառակորդի կուտակումներ կան, եւ պատերազմի վտանգը մեծ է, անձնակազմին մարտական պատրաստության չի բերել եւ ոչինչ չի արել հակառակորդի հարձակումը կանխելու, դրան դիմագրավելու համար:

Նախորդ դատական նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց պաշտպանի՝ Սեւակ Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը։ Աբրահամյանը կալանավորված է։

Այսօրվա դատական նիստում քննվում էր Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանի միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու վերաբերյալ։

Մեղադրող կողմը հայտարարեց՝ կալանքը պետք է թողնել անփոփոխ, քանի որ չեն վերացել այն հիմքերը, որով մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը։

Սեւակ Աբրահամյանը մի փոքր վրդովվեց, ասաց․«Չեմ խոչընդոտելու, քանի որ մեղադրանքում էլ ներկայացված է, որ իմ ենթակա անձնակազմի՝ 1-ին եւ 4-րդ գումարտակի հրամանատարների ցուցմունքներին չեմ առարկում։ Չեմ կարող իրենց խոչընդոտել։ Իմ ասածը հակասում է իմ վերադաս հրամանատարի՝ գլխավոր շտաբի պետի տեղակալի ասածների հետ, որն ինձ առաջադրել է ուրիշ խնդիր։ Իսկ ինքը ցուցմունք է տալիս, որ  խնդիրը վերաբերում է ուրիշ բանի մասին։ Տագնապ խնդրի մասին է խոսքը։ Չկա տենց հարց, որ ես ինձ անմիջական ենթակա պաշտոնական անձանց ասածին ասում եմ՝ չէ, ինքը սխալ է ասում»։

Աբրահամյանը փորձում էր շատ երկար ներկայացնել պատճառները, թե ինչու չի խոչընդոտի գործի քննությանը, սակայն դատավորը հորդորեց հակիրճ խոսել՝ կոնկրետ պատասխանել՝ կխոչընդո՞տի գործի քննությանը, թե՞ ոչ, ազդեցություն կգո՞րծի ենթակա կամ վերադաս անձանց վրա, կթա՞քնվի, թե՞ ոչ։

«Եթե կարելի է մի բառով ասել, ու ինձ հավատալու եք, էդ ձեւի էլ ասեմ՝ աստված մեծ է, ամեն ինչ ունի իր ժամանակը, իմ մտածածին ես հասնելու եմ։ Մարտական գործողությունների ավարտից հետո շատ ծնողներ կան, որոնք մինչեւ հիմա ինձանից նեղացած են, որոնց հետ ես կապի դուրս չեմ եկել։ Ասել եմ՝ եթե քրեական գործ չհարուցվի, ես չեմ ծառայելու զինված ուժերում։ Դիմում եմ գրել, դուրս եկել»,-ասաց Աբրահամյանը։

Նա նշեց, որ քննչական գործողություններին մի բան էլ աջակցել է, հարցաքննության ընթացքում ոչ մեկին մեղավոր չի նշել, պատասխանատվության բեռը որեւէ մեկի վրա չի բարդել․« Ես խնդիր չունեմ կալանավայրում մնալու, էն խուցը, որտեղ մնում եմ, ավելի սիրուն է կահավորված, քան իմ անձնական սենյակը, որտեղ 25 տարի ծառայություն եմ անցկացրել։ Հարց՝ ես ձգելո՞ւ եմ մինչեւ դատավարության ավարտը, թե՞ չէ, մարդիկ իմանալո՞ւ են իրականությունը, թե՞ չէ։ Դա ես կասկածում եմ։ Հիմա առողջությունս թույլ չի տալիս․․․ Ես չեմ խոչընդոտելու, խոսք եմ տալիս։  Չեմ կարողանում հասկանալ այն ամենը,  ինչով որ մեղադրում են ինձ։ Քննչական մարմինը գործի մեջ գրել ա․․․ բացում եմ, կարդում եմ՝ ուրիշ մարդու մասին է գրած։ Դուք ինձ ասում եք՝ տագնապ չեք տվել։ Ես ասում եմ՝ ես չգիտեի, որ տագնապ կա»։

Դատախազը պնդեց ՝ կա Իշխան Վահանյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, նա էլ զինվորական էր, գումարտակի հրամանատար․«Այդ նույն հանգամանքներով պայմանավորված՝ խոչընդոտելու մեծ ռիսկ կա, ու Վահանյանի գործի նմանությամբ պայմանավորված, Սեւակ Աբրահամյանի՝ հրամանատար լինելով պայմանավորված, կխոչընդոտի»։

Աբրահամյանի պաշտպանը հակադարձեց՝ Իշխան Վահանյանը մեղադրվում է պատերազմի ժամանակ մարտական դիրքը թողնելու ու փախչելու մեջ․«Այս երկու գործերի մեջ փաստերի տարբերութուն կա»։

Դատարանը մերժեց միջնորդությունը, որոշեց կալանքի ժամկետը երկարացնել 3  ամսով։

Աբրահամյանի պաշտպանը՝ Արման Թամրազյանը, դիմեց դատարանին․«Կխնդրեմ դատարանին, որ այդ որոշման մեջ կոնկրետ նշի վկաների վրա հնարավոր ազդեցություն գործադրելը, որպեսզի հասկանանք, որ դատարանը օբյեկտիվ որոշում է կայացրել»։

Իսկ դատական նիստը հետաձգելու մասին էլ պաշտպանն ասաց՝ եթե վկաներին հարցաքննելու հետ է կապված, ապա այս ծանրաբեռնվածությամբ, էս ռեժիմով նիստեր նշանակելու պայմաններում Սեւակ Աբրահամյանը 5 տարի քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ է պահվելու․«Նիստերը նշանակեք այն հաճախականությամբ, որ հնարավոր լինի շատ արագ գործի քննությունն իրականացնել»։

Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց հունիսի 14-ին, ժամը 15:30-ին, եւ ինչպես դատավորն ասաց՝ դրանից հետո յուրաքանչյուր ուրբաթ օրը այս գործով դատական նիստի օր է նշանակվելու։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930