Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իշխանությունն Ակադեմիային հակադրվելու ցանկություն չունի և չի էլ ունեցել, Ակադեմիան իշխանության մաս է, դուք իշխանություն եք». Վահագն Խաչատուրյան

Ապրիլ 21,2023 17:54

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Իր խոսքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Ակադեմիայի և գիտահետազոտական ինստիտուտների գործունեության բովանդակությանն ու հիմնադրույթներին, ինչպես նաև ակադեմիական ոլորտում իրականացվող բարեփոխումների սկզբունքներին:

Անդրադառնալով Հայաստանում գիտության դերին և կարևորությանը նախագահը մասնավորապես նշել է. «Ոչ ոք կասկած չունի, որ Հայաստանի զարգացման ուղին միայն գիտության հնարավորությունների, գիտական ներուժի օգտագործումն է: Կիսում եմ նաև այն միտքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր նախարարները պետք է այստեղ լինեին, քանի որ գիտությունն այսօր առնչվում է բոլորիս հետ, առանց գիտության մենք զարգացում չունենք, մենք այլ ռեսուրս չունենք քան մարդը: Եթե մենք ուզում ենք աշխարհում ունենալ մեր տեղը և եթե մենք ունենք որոշակի ծրագրեր ու նպատակներ, ապա միայն գիտության շնորհիվ դրանց կարող ենք հասնել:

Ինձ ավելի քիչ է անհանգստացնում Ակադեմիայի միավորման-բաժանման հարցը, որովհետև լուծումներ կարելի է գտնել: Կարևորը բովանդակությունն է, ավելի կարևոր է հասկանալ, թե մենք ինչ ենք ուզում, ինչպիսի գիտություն ենք ուզում կամ ինչու մեր գիտական արդյունքները մեզ չեն բավարարում»:

Խոսելով գիտության աջակցության ուղղությամբ կառավարության որդեգրած քաղաքականության մասին, Հանրապետության նախագահը շեշտել է, որ վերջին տարիների թվային ցուցանիշերն ու գիտության զարգացմանն ուղղված պետական ծրագրերի ու ֆինանսական հատկացումների վերլուծությունները վկայում են, որ կառավարության համար գիտությունը ոլորտային առաջնահերթությունների շարքում է:

Իր ելույթում Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ գիտական հանրությունը և կառավարությունը պետք է գործեն փոխօգնության և արդյունավետության բարձրացման սկզբունքներով: «Մենք 6.8 միլիարդ ունենք հատկացված ռազմաարդյունաբերությանը և եթե այդ գումարի գոնե կեսը իրացվում է մենք ուրախանում ենք, ես հիմա էլ ցանկանում եմ խնդրել բոլորիդ աշխատել այդ ուղղությամբ, եթե կան գաղափարներ, որոնք օգտակար կլինեն Հայաստանի անվտանգության բարձրացմանը, հենց ռազմաարդյունաբերության համալիրին, ապա ռեսուրսը կա ֆինանսական, պետությունն այդ հնարավորությունը տալիս է և մեծ ակնկալիքներ ունի հենց գիտությունից»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով գիտության արդյունավետության խնդրին նախագահ Խաչատուրյանը նշել է. «Ես ուզում եմ հասկանալ, երբ հիշատակում ենք հրապարակված հոդվածները՝ ես ինքս էլ այդ հոդված գրողներից մեկն եմ, արդյունավետ են թե ոչ, ես չգիտեմ, օրինակ, իմ գրած հոդվածն ինչքանով է կիրառելի, ես կուզեի, որ այն հոդվածները, որոնք գրվում են կիրառական նշանակություն ստանան: Խնդիրն այստեղ է՝ գիտություն, արտադրություն, գիտահետազոտական ինստիտուտներ, եռանկյունու մեջ է, թե ինչպես են այս օղակները հարաբերվում իրար հետ»:

Եզրափակելով իր խոսքը նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Իշխանությունն Ակադեմիային հակադրվելու ցանկություն չունի և չի էլ ունեցել, Ակադեմիան իշխանության մաս է, դուք իշխանություն եք, ամենակարևորն ազնիվ պետք է լինենք միմյանց նկատմամբ, բաց խոսենք հարցերի մասին, մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս ձեր կարիքն ունենք, մենք միմիայն ցանկանում ենք հնարավորինս շատ լսել ձեր ձեռքբերումների և հաջողությունների մասին, մենք հպարտանում ենք ձեզանով: Բոլորիդ ցանկանում եմ աշխատանքային հաջողություններ, տարեկան ժողովում արդյունավետ աշխատանք: Այն անհանգստությունները, որոնք կան արագորեն լուծենք, որպեսզի դուք, ակադեմիան ձեր ներուժն օգտագործեք ոչ թե այսպիսի հարցեր քննարկելու, այլ շատ կոնկրետ անելիքների մեջ և այդ շատ կոնկրետ անելիքներն ինձ համար տեսանելի են գոնե մի շարք բնագավառներում և կարծում եմ, հաջորդ անգամ հավաքվելուց մենք կքննարկենք արդյունքները՝ կլինի դա գիտական հետազոտություն, ֆորմուլա, կամ գիտական արդյունք:

Շնորհակալություն»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930