Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրապարակվեց Ալիյանի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի Թոռնիկ Ալիյանին Ավետիք Չալաբյանը խոստացել էր աշխատանքի հարցում օգնել

Ապրիլ 21,2023 17:46

Երևանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում այսօր շարունակվեց  «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։ Հրապարակվեց գործով վկա Թոռնիկ Ալիյանի նախաքննական ցուցմունքը:

Ըստ այդ ցուցմունքի՝ Ալիյանը պատմել է, որ 2022-ի մայիսի 3-ին Ագրարային համալսարանի վարչական շենքում ծանոթացել է Էմմա Սարգսյանի հետ, որին այդ ժամանակ չէր ճանաչում, տեղեկացել, որ վերջինս համալսարանի ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հրավիրված դասախոս է:

Ծրագրային հարցերի շուրջ Սարգսյանի նախաձեռնած  քննարկման ժամանակ, ըստ Ալիյանի, Սարգսյանը խոսակցությունը տարել է նաեւ մարզերում եւ Երեւանում տեղի ունեցող հանրահավաքների ուղղությամբ՝ ասելով, որ այդ հանրահավաքներին կարող են մասնակցել նաեւ Ագրարային համալսարանի (խմբ.- Ալիյանը այդ համալսարանի ուսխորհրդի նախագահն էր) ուսանողները, որոնց կազմակերպիչները կարող են ֆինանսապես շահագրգռել:

Ալիյանը պատմել է, որ որոշել է  հասկանալ նրանց գործողությունների լրջությունը, նաեւ հասկանալ, թե արդյոք Ագրարային համալսարանի ուսանողների որեւէ խմբի ներգրավե՞լ են այդ քաղաքական ակցիաներին, այդ պատճառով համաձայնել է կրկին հանդիպել Էմմա Սարգսյանի հետ վերջինիս առաջարկով:

«Մայիսի 4-ին նորից հանդիպման եմ գնացել: «Դալան» ռեստորանում հանդիպման են եկել երկու անծանոթ անձ, Ավետիք ու Արման անուններով են ներկայացել: Մինչ նրանց գալը Էմման խոսել է շարժման հիմնադիրների մտադրության՝ ուսանողներին գումարով շահագրգռելու եւ ցույցերին մասնակից դարձնելու մասին:  Ասաց, որ այդ շարժման համահիմնադիրներն են Ավետիքն ու Կարին Տոնոյանը: Ովքեր պատրաստ են գումար տալ ուսանողների մասնակցության համար: Հարցրեցի՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը, Էմման ասաց՝ գումարի չափը ես նշեմ, ինչից հետո մեզ միացան Ավետիքն ու Արմանը: Հետաքրքրվեցին՝ ինչքան ուսանող կարող եմ ներգրավել, ինչ գործողություններ կարող եմ նախաձեռնել: Ընթացքում տարբեր առաջարկներ արեցին՝ փողոց փակել, ըմբոստություն կազմակերպել ու տարբեր ակցիաներ կազմակերպել ու առարկայական խոսեցին գումարի չափի մասին:

Նրանց խոսքով՝ յուրաքանչյուր գործողություն ունենալու է իր արժեքը, իսկ ինձանից պահանջվում էր մոտ  2000 ուսանող մոբիլիզացնել: Որ հասկանայի, թե նրանց նպատակները որքան հեռու են գնում, ողջ խոսակցության ընթացքում հարցնում էի՝ ինչ ֆինանսի մասին է  խոսքը այդքան ուսանող մոբիլիզացնելու համար: Նրանք ասում էին՝ առաջարկվող գումարի մասին կհայտնեն լրացուցիչ»,- իր ցուցմունքում հայտնել է Ալիյանը:

Վերջինիս խոսքով՝ ինքը հայտնել է, որ նրանց ծրագրերին չի ցանկանում մասնակցել:

Այդ հանդիպումից չորս օր անց, ըստ Ալիյանի, Էմման համալսարանում իրեն հանդիպել է ու բանավոր հայտնել, թե կվճարեն 2 միլիոն դրամ 2000 ուսանողի համար, այսինքն՝ յուրաքանչյուր ուսանողի համար՝ 1000-ական դրամ: «Ես մերժեցի նրանց առաջարկը, երեւի պետք է ի սկզբանե մերժեի, բայց քանի որ ուզում էի նրանց մտադրությունների մասին մինչեւ վերջ իմանալ, գնացի նման քայլի»:

Քննիչի հարցին՝ ձայնագրությունն ինչպես է հայտնվել համացանցում, արդյոք դուք եք այն ձայնագրել կամ տարածել, Ալիյանը պատասխանել է՝ ես տեղյակ չեմ՝ ով ու ինչ նպատակով է ձայնագրել կամ տարածել:

Քննիչը նաեու հետաքրքրվել է՝ ձայնագրության այն հատվածում, որտեղ Ալիյանը հարցրել է՝ եթե հենց հիմա հանեմ, հենց հիմա տալի՞ս է, ի՞նչ է ցանկացել դրանով ասել, արդյոք իրականում պատրաստ է եղել ուսանողներին այդքան գումարի դիմաց մոբիլիզացնել: Ալիյանը պատասխանել է՝ ցանկանում էի պարզել՝ նրանց այդ ստոր մտադրություններն իրակա՞ն են, թե՞ ոչ: Ըստ Ալիյանի՝ քմծիծաղով է վերաբերել այդ ամենին:

Հանրային հեռուստաընկերության եթերով Ալիյանը հայտնել էր, թե ձայնագրությունը կիսատ է, քննիչը հետաքրրքվել է՝ ինչ բնույթի խոսակցություններ են վարվել, որ չի հրապարակվել:

Ալիյանը հայտնել է, որ այդ ձայնագրությունը երկու տարբեր օրերի հանդիպման խոսակցությունների կարճ միացումն էր. «Ես հրաժարվել ու ամոթանք եմ տվել նրանց, ինչը կրճատվել է ու չի հրապարակվել»:

Գումար տալու փորձ արե՞լ են՝ քննիչի այս հարցին ի պատասխան, Ալիյանն ասել է՝ ոչ, չեն արել, որովհետեւ մերժել եմ:

Թոռնիկ Ալիյանը պատմել է նաեւ, որ Ավետիք Չալաբյանն իրեն խոստացել է, որ եթե ինքը մոբիլիզացնի մոտ 2000 ուսանողի, ինքը հետագայում կօգնի իրեն աշխատանքի հարցում, նաեւ ուսխորհրդի այն լիդերներին կօգնի, որոնք կմիանան շարժմանը:

Դատախազը Ալիյանից հետաքրքրվեց՝ ինքն իր նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում հակասություն նկատո՞ւմ է ու ինչո՞ւմն են այդ հակասությունները, ի պատասխան Ալիյանն ասաց՝ հակասություններ չի նկատել.«Դատարանում եղել են բաներ, որոնք չեմ հիշել, մնացածն ինչ եղել է, ցուցմունքում նշված է»:

Ավետիք Չալաբյանի պաշտպանը Ալիյանից հետաքրքրվեց՝ առերես հարցաքննության ժամանակ ու դատաքննության ժամանակ հայտնել էիք, որ Չալաբյանի հետ հանդիպմանը խոսել եք Արցախից, գաղափարներից, ինչո՞ւ էիք նախաքննական ցուցմունքում հայտնել, որ հենց նրանք հանդիպմանը ձեզ միացան, սկսեցին խոսել  ուսանող մոբիլիզացնելու մասին, այս հակասությունն ինչո՞վ կբացատրեք: Ալիյանը բացատրեց՝ «Շոկային վիճակ էր մոտս, անհասկանալի էր ամեն ինչ: Չեմ կարող կոնկրետ բացատրություն տալ, մանրամասն չեմ հիշում՝ ինչու եղավ այդպես»:

Ավետիք Չալաբյանն էլ հետաքրքրվեց՝ ո՞րն է ավելի արժանահավատ, այն ինչ ասել եք սկզբում՝ նախաքննության ցուցմունքում, թե ինչ ասել եք առերես հարցաքննության ժամանակ: Ալիյանը պատասխանեց՝ երկու ցուցմունքն էլ պնդում է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930