ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի:
«Ռեքվիեմը» կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախմբի (խմբավարներ՝ Սոնա Հովհաննիսյան, Նարինե Ոսկանյան), Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Քրիստինա Ոսկանյան) կատարմամբ:
Մենակատարներն են՝ Էլիսաբեթ Մայեր, սոպրանո (Շվեդիա), Սոֆյա Թումանյան, մեցցո սոպրանո (Հայաստան), Տիգրան Մելքոնյան, տենոր (Հայաստան), Անդրե Մորշ, բաս (Գերմանիա):
Մոցարտի «Ռեքվիեմը» մարդկային հանճարի կողմից ստեղծված մեծագույն ստեղծագործություններից է, այն ոգեշունչ ձոն է՝ ուղղված Աստծուն: Պրեմիերան կայացել է 1793 թ. դեկտեմբերի 14-ին Վիեննայում:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ